«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐԵՎԸ

Հայ գիտնականները փորձում են ստեղծել արեւի ջերմությամբ ստացված քաղցրավենիքի շուկա` բացառիկ ողջ աշխարհում

Տեխնիկական գիտությունների դոկտոր, աշխարհում առաջին` սփռվող լույսով միկրոսկոպի «ֆոտոսկանի» հեղինակ Վահան Համազասպյանը 90-ականների դժվար տարիներին չլքեց Հայաստանը: Գործը, որ ձեռնարկեց իր գործընկեր Վալերի Մարկարյանի հետ, մեծ ներդրումներ չէր պահանջում, որ անհնար էին խորհրդային համակարգի փլուզումից հետո նոր անկախացած ու ավերվող տնտեսությամբ Հայաստանում: Որոշեցին գնալ չհետազոտված ճանապարհով, ստեղծել արտադրատեսակներ, որոնք շուկայում չկան եւ մրցակցության խնդիր չի լինի: Հիմնեցին «Տեխնոստանդարտ ՎՎ» ֆիրման, որ զբաղվում է արեւային փոքր սարքերի արտադրությամբ: Սա բավական համարձակ հղացում էր, քիչ կիրառելի եւ անհեռանկարային համարվող ուղղություն: Համառեցին, հավատացին ու ստեղծեցին մի շարք մոդելներ, որոնցից 12-ն արդեն փորձարկել են կլիմայական տարբեր պայմաններում: Այսօր ֆիրման արդեն պատրաստ է արտադրելու 1-200 կվտ հզորությամբ արեւային սարքեր, որոնք կարող են օգտագործվել սննդի արդյունաբերության մեջ, եւ որոնց միջոցով կարելի է ստանալ էլեկտրական հոսանք, տաք ջուր, տեխնիկական գոլորշի: Արեւի էներգիայով գործող սարքերը Հայաստանի պայմաններում կիրառելի են ոչ միայն ամռանը, այլեւ առանձին տարածաշրջաններում (օրինակ` Սեւանում) նաեւ ձմռանը:

Հունվարից արդեն Երեւանի ԱԷՏԱ մեխանիկական գործարանը պատրաստ է սերիական արտադրությամբ թողարկելու 3,5 կվտ հզորության արեւային սարքեր: Մեծ սարքերի համար նոր արտադրություն կառուցելու համապատասխան տարածք եւս կա նույն գործարանի սահմաններում: Աշխարհում հայտնի նմանատիպ սարքերն արեւին հետեւելու 2 պտույտի հնարավորություն ունեն: Հայ գյուտարարների սարքը եւս 4 պտույտի արժանիք ունի: 50 տարվա գործողության երաշխիքով սարքերը կարող են աշխատել կլիմայական ամենաաննպաստ պայմաններում, ընդհուպ ծովամրրիկները, երբ քամու արագությունը կարող է հասնել 300 կմ/ժամի:

Գիտնականների ծրագիրը հետեւյալն է` Հայաստանի մոտ 400 հազար գյուղացիական տնտեսություններից ամեն մեկին մի սարք տրամադրելով, մի քանի տարի անց դուրս գալ նաեւ դրսի աշխարհ, արտահանել ե՛ւ քաղցրավենիքը, ե՛ւ սարքերը: Վահան Համազասպյանը հավաստում է, որ արեւային սարքերը չափազանց եկամտաբեր կարող են լինել գյուղացիների եւ գյուղատնտեսական տնտեսությունների համար: Ֆիրման իր արտադրանքն անվճար առաջարկում է գյուղացիներին, պայմանով, որ նրանք գյուղմթերքը (մրգահյութեր, դոշաբ եւ այլ կիսաֆաբրիկատներ) վերամշակեն արեւով, որից իրենք արդեն կարող են ստանալ աշխարհում նմանակը չունեցող արեւային քաղցրավենիքի տեսակներ: Արեւի ջերմությունը համային եւ որակական միանգամայն նոր հատկություններ է հաղորդում կոմպոտներին, մուրաբաներին, ջեմերին: Գիտնականը խմբագրություն էր բերել արեւային տեխնոլոգիայով ստացված քաղցրավենիք, եւ մենք հնարավորություն ստացանք անձամբ համոզվելու դրանում:

Իրենց արտադրանքն արդեն ներկայացրել են եվրոպական մի շարք ցուցահանդեսներում: 2005 թվականին Վիեննայի ցուցահանդեսում եվրոպացիները 1 կգ արեւային քաղցրավենիքը գնահատեցին 40 եվրո: Արեւի տակ, թափանցիկ կվարցե ամանների մեջ առանց շաքարի ու շաքարավազի եփված սննդամթերքը ոչ միայն նորություն է համաշխարհային շուկայում, այլեւ իսկապես էկոլոգիապես մաքուր բնական արտադրանք: Այն հիանալի սնունդ կարող է դառնալ երեխաների համար, իսկ սպորտսմենների համար` էներգիան վերականգնելու անփոխարինելի միջոց:

Այս եզակի տեխնոլոգիայով ստացվող քաղցրավենիքի եւ սարքերի զանգվածային արտադրություն առայժմ չկա: Ֆինանսական սահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել միայն փորձնական նմուշներ: «Երբ աշխարհը ճանաչի մեր արեւային սարքերը, երբ դրսի սպառողը արեւային քաղցրավենիք իրողությունն ընկալի բացառապես իբրեւ հայկականության ու Հայաստանի խորհրդանիշներից մեկը, դա նաեւ մեր երկրի վարկանիշի աննախադեպ բարձրացում կդառնա: Հայաստանի հելիոֆիկացիան այլընտրանք չունի, եւ մենք աշխարհում առաջինը պետք է անցնենք դրան: Մենք ունենք արտադրական մեծ ներուժ` չաշխատող գործարաններ, ունենք կադրեր: Հելիոէներգիան ապահովության երաշխիք է արտակարգ իրավիճակների, շրջափակումների ժամանակ: Անբարեհաճ հարեւաններով շրջապատված լինելով, մենք պարտավոր ենք մտածել մեր էներգետիկ անվտանգության մասին», ասում է Վահան Համազասպյանը:

Ճանաչված գիտնական Պարիս Հերունին եւս նման ծրագիր ունի, միայն թե այն նախատեսում է ավելի հզոր արեւային սարքերի արտադրություն: Դրանց միջոցով կարելի է ստանալ մինչեւ 100 կվտ էլեկտրական հոսանք եւ 300 կվտ տաք ջուր: Դա շատ ավելի կարեւոր ծրագիր է, որ չի իրագործվում: «Եթե մեր գործերը հաջողվեն, անպայման կֆինանսավորենք նրա նախագիծը», խոստանում է գիտնականը:

Գիտափորձի հանդեպ արդեն բավական հետաքրքրություն է առաջացել` զանգում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից: Վերջերս Հայաստան էր եկել նաեւ գերմանացի մի գործարար, որն անմիջապես ցանկություն հայտնեց մասնակցելու արեւային սարքերի արտադրությանը: Առայժմ, քանի դեռ սարքը պատենտավորված չէ, գյուտարարները չեն բացահայտում դրա գործողության նրբությունները:

Աշխարհում նմանակը չունեցող հելիոհամակարգը Հայաստանի տնտեսության համար զարգացման միանգամայն նոր ու խոստումնալից ճյուղ կարող է լինել, խթանել նաեւ հելիոտեխնիկական մեքենաշինության, էլեկտրոնիկայի զարգացումը, նոր աշխատատեղեր ստեղծել: Այժմ ռոմանտիկ գիտնականները պատրաստվում են գրել նաեւ մի քանի գիրք տեղեկատուներ հելիոտեխնիկ ինժեներների համար:

Հայաստանը հելիոֆիկացնելու ծրագիրը քայլ առ քայլ, շնորհիվ գիտնականների նպատակասլացության ու պրագմատիզմի, իրականություն է դառնում` ցրիվ տալով ամենասկեպտիկ կռահումները: Արդեն իսկ ՀՀ նախագահի հանձնարարականով թույլատրվել է հանրապետության ամեն մարզում առանձին տարածքներ հատկացնել հելիոտեխնիկայի ներդրման համար: Մշակվել է արդեն նաեւ մարզերի արեւային փորձադաշտերի քարտեզը: Այդ փորձադաշտերում ցանկության դեպքում հնարավոր է տեղադրել նաեւ էներգիայի ստացման ինքնաշխատ սարքավորումներ:

Սպասվում է, որ արդեն մի տարի անց առաջին փորձադաշտը պատրաստ կլինի Լոռու մարզում:

Սակայն այս գործի հեռանկարն ու ընդլայնումը ֆինանսական ներդրումներ են պահանջում: Էներգիայի խնայողության, սոցներդրումների, փոքր ու միջին բիզնեսի զարգացման հիմնադրամները դա կարող են անել: Կազմակերպությունը ներդրումային առաջարկներ է սպասում նաեւ հայ գործարարներից, խոստանում բաժնետիրական ընկերության որոշակի բաժնեմասեր տրամադրել իրենց աջակցող օլիգարխներին:

Ուզում ես հավատալ, որ այս համարձակ հղացումը կիրականանա հենց Հայաստանում, որ արտասահմանցի որեւէ ճարպիկ գործարարի որսը չի դառնա, ինչպես ոչ հազվադեպ արձանագրել ենք անցած տարիներին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4