ՄԵՂՐԻ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան-Մեղրի 92 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհի առաջին 19,7 կմ-ն հանձնվեց շահագործման: Մեղրու ճանապարհաշինարարներն այդ աշխատանքներն ավարտեցին նախատեսվածից ավելի քան մեկ ամիս շուտ: Ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվել է շուրջ 2 մլրդ 355 մլն դրամ: Ըստ աշխատանքներն իրականացրած «Մեղրու ճանապարհաշինարարական եւ շահագործման ձեռնարկություն» ԲԲԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանի` ավտոմայրուղին երրորդ կարգի ճանապարհ է, անցնում է լեռնային բարդ տեղանքով: Այդ ճանապարհի 2,5 կիլոմետրը կառուցվել է Արաքս գետի հունի նեղացման հաշվին, որը եւ եղել է ամենաբարդ հատվածը:
Այս տարի նախատեսված է շահագործման հանձնել եւս 40 կմ, մնացած 32,3 կմ հատվածում մինչեւ տարեվերջ կկատարվեն հողաշինական աշխատանքներ, իսկ ասֆալտապատումը նախատեսված է սկսել եկող գարնանից: