Մարտին Բերկոֆսկու եւ Ատական Սարիի
Արդի ամերիկյան երաժշտության ամենանշանավոր դեմքերից մեկիՙ հայազգի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ծննդյան 95-ամյակին նվիրված Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ պետակադեմիական երգչախումբն այսօր կներկայացնեն համատեղ համերգՙ կազմակերպությամբ Հայպետֆիլհարմոնիկի եւ «Ալան Հովհաննես» միջազգային հետազոտական կենտրոնի: Համերգին կմասնակցեն ամերիկացի հայտնի դաշնակահարներ Մարտին Բերկոֆսկին եւ Ատական Սարին, մեներգիչներ Սեդա Օդաբաշյանը, Նարինե Անանիկյանը, Պերճ Քարազյանը, Շի Շուանը, դիրիժորությամբ Հովհաննես Չեքիջյանի եւ Ռուբեն Ասատրյանի: Կհնչեն Ալան Հովհաննեսի Սիմֆոնիա թիվ 50 «Սուրբ Հեղինե լեռ»ՙ կոնցերտ 2 դաշնամուրի համար եւ Բեթհովենի ֆանտազիա դաշնամուրի, երգչախմբի եւ նվագախմբի համար ստեղծագործությունները:
Գեղարվեստական իմացության լայն ընդգրկմամբ, բազմաքանակ (շուրջ 250) եւ բազմաժանր (սիմֆոնիաներ, կանտատներ, օրատորիաներ, լարային կվարտետներ, ֆանտազիաներ եւ այլն) ստեղծագործություններով Ալան Հովհաննեսը հատկապես նշանավոր է արեւելյան եւ արեւմտյան երաժշտարվեստների հրաշալի, խորհրդավոր սինթեզումով: Ստեղծագործական առումով իր հայկական արմատներին նա անդրադարձավ 30 տարեկանում, իսկ Հայաստան առաջին եւ վերջին անգամ այցելեց 1965 թվականին: Նա իր հետ բերել էր հարյուրավոր օրինակներ իր երկերից, որը նվիրում է գրականության եւ արվեստի թանգարանին, ու ինչպես հիշում է Կարպիս Սուրենյանը, ցանկություն է հայտնում, որ իր արխիվը մի օր հանգրվանի այս թանգարանում:
Հայաստանում հանրային ունկնդրությանը քիչ հայտնի հայազգի նշանավոր կոմպոզիտորին այս տարի ավելի հաճախակի անդրադարձներ եղան եւ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, որոնց սկիզբը մեկնարկեց Նարեկացի արվեստի միությունում եւ Կամերային երաժշտության տանը, հաղորդումներ հնչեցին նաեւ «Վեմ» ռադիոկայանով, «Ազգ» օրաթերթը նախաձեռնեց կոմպոզիտորի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված հրապարակումների շարքՙ տպագրված Նվարդ Բորյանի, Կարպիս Սուրենյանի, Սվետլանա Սարգսյանի, Դանիել Երաժշտի հեղինակությամբ:
2004 թ.-ին Հայաստան էր այցելել Ալան Հովհաննեսի մտերիմ ընկեր, աշխարհահռչակ դաշնակահար Մարտին Բերկոֆսկինՙ համերգային ծրագրով: Նա գրականության եւ արվեստի թանգարանին հանձնեց իր եւ կոմպոզիտորի անձնական նամակագրության մի փաթեթ, ինչը նույն թանգարանում կոմպոզիտորին որոշակի տարածք հատկացնելու, ինչպես նաեւ Ալեքսան Զաքյանի նախաձեռնությամբ «Ալան Հովհաննես» միջազգային հետազոտական կենտրոնի մտահղացման առիթ հանդիսացավ:
Թանգարանի շինարարական աշխատանքների, ինչպես նաեւ կենտրոնի ուսումնասիրությունների եւ թանգարանային նմուշների ձեռքբերման համար անհրաժեշտ օժանդակություններ են կատարում Ալան Հովհաննեսի աղջիկըՙ Ջին Նանդին, Դենի եւ Քերոլայն Դերբի ամուսինները, Ամերիկայում Հայաստանի դեսպանատունը: Մինչ այսօր հավաքվել են 2000-ից ավելի նմուշներՙ նամակներ, օրիգինալ նոտաներ, ձայնագրություններ: Կենտրոնն իր մասնաճյուղերն ունի Լոնդոնում եւ Վաշինգտոնում: Վերջերս Վաշինգտոնում Կոնգրեսի գրադարանը հետաքրքրություն է ցուցաբերել նմանատիպ արխիվներ ունենալու եւ այստեղից ուղարկվել են բազմաթիվ նմուշների կրկնօրինակներ:
«Ալան Հովհաննեսի 95-ամյակին նվիրված երեւանյան այս համերգը եզակի է, նախՙ նման խոշոր մասշտաբով համերգ դեռեւս մեզանում չի եղել, նաեւ այն առումով, որ եկել են մասնակցելու Ալան Հովհաննեսի մտերիմ ընկերներիցՙ ԱՄՆ-ից դաշնակահար Մարտին Բերկոֆսկին եւ իր ուսանողըՙ Ատական Սարին, որ ազգությամբ թուրք է: Պատահական չէր նաեւ ստեղծագործության ընտրությունը: Երկար տարիներ Ալան Հովհաննեսը դա փոխանցել է իր ընկերոջըՙ Բերկոֆսկուն եւ նրան է արտոնել կատարման առաջին իրավունքը: Տարբեր առիթներով ստեղծագործությունը չէր հնչում: 2003 թ.-ին Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերային մասնակցում էին 2 նույն դաշնակահարները:
Երեւանյան այս համերգի կատարման ինտերնացիոնալ բնույթը հաստատում են նրա մասնակիցներըՙ ազգությամբ ամերիկացի, հայ, թուրք, չինացի եւ սա պատահական չէ, ինքըՙ Ալան Հովհաննեսը արեւելք-արեւմուտք մշակույթների լավագույն սինթեզողներից մեկն է», երեկ մամլո ասուլիսում ասաց Ալեքսան Զաքյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ