Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) նախօրեին բացվեց «Դեմ դիմաց Հայաստան» դիմանկար-ինքնադիմանկարների ցուցահանդեսը, որը, կազմակերպիչների խոսքով, արձագանքն էր հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում նույն կենտրոնում ֆրանսիացի լուսանկարիչների «Ճամփորդող» ցուցահանդեսի: Ցուցահանդեսին մասնակցում են 18 հայ լուսանկարիչներ, որոնց հիմնականում շարքերով ներկայացրած լուսանկարները ոչ միայն զուտ դիմանկարներ կամ ինքնադիմանկարներ են, այլեւ նշված ժանրից դուրս լուսանկարներ, որոնք արտահայտում են ավելի խորը եւ բազմաշերտ իմաստ:
Լուսանկարների ցուցահանդեսի համադրող Էդուարդ Պալասանյանի ներկայացմամբ, ցուցահանդեսում ընդգրկվել են ոչ միայն դիմանկարներ կամ ինքնադիմանկարներ, այլեւ սոցիալական հավասարակշռություն ունեցող թեմաներ, ավանդական դիմանկարի կոնտեքստից դուրս հասարակական պորտրետներ, արծարծվել են հասարակական ուղղակի խնդիրներ: «Որոշ աշխատանքների բացահայտորեն սոցիալական կոնտեքստի դիմաց ուրիշները ներկայացել են բացարձակապես վերացական աշխատանքներով: Կան աշխատանքներ, որոնք շատ անհատական են եւ անձնական` հագեցած սիմվոլներով եւ այլաբանություններով: Ուրիշներ, օգտագործելով հայելիներ եւ արդեն իսկ ծանոթ լուսանկարչական տեխնիկաներ, ստեղծում են խաբուսիկ մթնոլորտ եւ պատրանք», ներկայացված լուսանկարները այսպես է մեկնաբանում համադրող Էդուրադ Պալասանյանը:
12 ցուցահանդեսների մասնակցած լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը ցուցահանդեսին ներկայացել է փողոցային կադրերի շարքով, ուր բացակայում է դիմանկարը` դեմք արտահայտելու ուղիղ կամ դասական իմաստով, սակայն փողոցի կադրերը արտացոլում են մեր քաղաքի եւ հասարակական պրոբլեմները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 30-ը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ