«Բուքլոքեր. կոմ» հրատարակչատան լույս ընծայած «Ներգաղթողների դուստրը» (The Immigrant՛s Daughter) գրքի համար Կալիֆոռնիայի Հասիենդա Հայթս թաղամասի բնակիչ, Ուիթթիյերի գրողների ակումբի անդամ Մարի Թերզյանը հոկտեմբերի 16-ին արժանացել է USA Book News-ի 2006 թ. լավագույն գրքերի «բազմամշակութային, ոչ գեղարվեստական» անվանակարգի մրցանակին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր նոյեմբերի 4-ի համարում:
«Ներգաղթողների դուստրը» հեղինակի առաջին գիրքն է, բայց մրցանակը առաջինը չէ: Դրանից առաջ Թերզյանը 2001 թվին ստացել էր PEN USA West Ռոզենթալ կրթաթոշակը, երբ գիրքը դեռեւս ընթացքի մեջ էր, իսկ 1992 եւ 1994 թվերին` «Հարակից արվեստների հայկական ասոցիացիայի» կազմակերպած տարեկան մրցույթներում` գրականության առաջին մրցանակը: Իր գրելաոճի, պերճախոսության եւ հումորի յուրահատուկ զգացումի համար փնտրված անձնավորություն է ամենատարբեր կազմակերպությունների համար:
Նա իրեն համարում է «ներմուծված ամերիկացի»: Ծնվել եւ իր կյանքի կեսը անցկացրել է Եգիպտոսում: Այնուհետեւ 1960-ականներին մեկնել Միացյալ Նահանգներ, որոշ ժամանակ ՄԱԿ-ի հանձնարարականներով Կոնգոյում եւ Տոգոյում ծառայելուց հետո:
Ամերիկայում ուսումնասիրություններ է կատարել եւ աշխատել նախ Նյու Յորքում, ապա Լոս Անջելեսում: Մեծ ներդրում ունի ինչպես ազգային, էթնիկական, այնպես էլ ամերիկյան թերթերի, գրքերի եւ պարբերականների օնլայն հրատարակությունների ոլորտում:
«Ներգաղթողների դուստրը» միջազգային հնչեղության մի պատմություն է էթնիկական զտումի քաղաքականության հետեւանքով տարագրված մի ընտանիքի մասին, որն անցնելով բազում փորձությունների միջով ցանկանում է նոր կյանք սկսել օտար երկրում:
«Գրավիչ, սրտաճմլիկ եւ անմոռանալի», այսպես է բնութագրել գիրքը «Միդվեստ բուք ռիվյու» հանդեսում գրաքննադատ Ռիչարդ Բլեյքը: «Ամբողջ էությունդ համակող անհաղթահարելի հիշողություններ», գրել է Սյուզան Ուիթիգ Ալբերտը «Սթորի սըրքլ ռիվյուզում»:
Գիրքը հինգ աստղանիշով է գնահատվել «Ամազոն. կոմ» կայքէջում:
Ավելացնենք, որ Մարի Թերզյանը հարազատ քույրն է ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի եւ Կահիրեի հայ համայնքի պատկան քաղաքական ժողովի ատենապետ Պերճ Թերզյանի:
Բեղմնավոր գրիչ գրքի հեղինակին:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ