Իրանի իսլամական խորհրդարանը (ԻԻԽ) 2005 թ. մարտի 9-ին դռնբաց իր նիստի ընթացքում որոշում ընդունեց պետբյուջեից 17 միլիարդ 500 միլիոն ռիալ (մոտ երկու միլիոն դոլար) հատկացնել սահմանադրությամբ ճանաչված կրոնական փոքրամասնությունների մշակութային, մարզական եւ մամուլի գործունեության զարգացմանը:
Վերոհիշյալ գումարից թեհրանահայությանը բաժին ընկավ չորս միլիարդ 700 միլիոն ռիալ (գրեթե նույն չափ էլ բաժին է ընկել Սպահանի եւ հարավային իրանահայությանը), որը լրիվ փոխանցվեց ԻԻԽ Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր պրն Գեւորգ Վարդանին, իսկ վերջինս մոռանալով իր հանգամանքըՙ որպես համայնքի պատգամավոր, հայտնվեց կուսակցականի դերում եւ սուսիկ-փուսիկ, ժողովրդի աչքից թաքուն, ստացած գումարը բաժանեց յուրայինների միջեւ.
3 միլիարդ ռիալ կրթական խորհրդին,
500 միլիոն ռիալ «Ալիք» օրաթերթին,
200 միլիոն ռիալ «Պայման» եռամսագրին,
200 միլիոն ռիալ «Հանդես» եռամսագրին,
200 միլիոն ռիալ Կարիքավորներին օժանդակող մարմնին,
200 միլիոն ռիալ էլ իր գրասենյակի ծախսերի համար:
Հարց է առաջանում, թե ի՞նչ տրամաբանությամբ է Գեւորգ Վարդանը առաջնորդարանի բյուջեից օգտվող ՀՅԴ պաշտոնաթերթ, տպարանատեր «Ալիք» օրաթերթին, ինչպես նաեւ «Պայման» ու «Հանդես» եռամսյա թերթերին առատաձեռն բաժին հատկացնում պետական նպաստից, իսկ նույն ժամանակ անտեսության ենթարկում քսանամյա «Արաքս» շաբաթաթերթին, որ մեծ զոհողությունների գնով ցայժմ պահպանել է իր գոյությունը: Ի՞նչն է թույլ տալիս պարոն պատգամավորին այսքան գռեհիկ կերպով անտեսել Դաշնակցությանը չենթարկվող կառույցներինՙ կուսակցական նեղմտությունը, թե՞ պետական հովանավորությունը: Քանի որ իրականում Գեւորգ Վարդանը այս մոտեցումով ոչ միայն անարգում է իր իսկ կոչումը, այլեւ մեր համայնքին:
Իհարկե, այստեղ մենք մեղադրում ենք ոչ միայն Գեւորգ Վարդանին ու նրա կուսակցական մոլուցքը, այլեւ պետական կողմին, որ համայնքի անունով պետբյուջեից դուրս գրված գումարը ճիշտ եւ ազնվորեն բաժանելու փոխարեն գիտակցաբար հանձնում է քաղաքական որոշ ուղղության տեր մի մարդու, որը դժբախտաբար անկարող է համայնքի շահերը գերադասել կուսակցականից:
Համայնքի անունն ու ունեցվածքը չարաշահելն արդեն հասել է գռեհիկ սահմանների, որի մեջ, իհարկե, իր կարեւոր եւ անուրանալի դերն է կատարում պետական կողմը: Չարաշահումներ, որոնց հետեւանքով մեկ կողմից քաղաքական, նյութական եւ բարոյական մեծ ծախսեր ու վնասներ են բարդվել ու դեռ բարդվում են համայնքի վրա, փաստըՙ հայոց դպրոցների տարեցտարի որակազրկումը, մարզամշակութային անկախ միությունների փակվելը: Մյուս կողմիցՙ առաջնորդարանի «անհայտ» ղեկավարները համայնքի վզին փաթաթված իրենց կուսակցության հաշվին փոխանցված գումարները չբացահայտվելու եւ առաջիկայում եւս համայնքի ծով հարստությունը չարաշահելու նախանձախնդրությամբ իրենց իրավունք են վերապահում ժողովրդին եւ նույնիսկ պատգամավորական ժողովին զեկույց չտալ, ազգային կալվածքները թաքուն վաճառքի հանել (դեռ չենք խոսում յուրայիններին տրվող առանձնաշնորհումների մասին, քանզի ոչ-թափանցիկ գործունեությունը ինքնին նման առիթներ ստեղծում է), եւ դեռ շատ այլ հարցեր, որոնց մասին խոսել ենք ու դեռ պիտի խոսենք այնքան ժամանակ, մինչեւ պատգամավորը դառնա համայնքի ներկայացուցիչ, առաջնորդարանըՙ ազգային, դպրոցըՙ որակյալ եւ համայնքի նյութական եւ բարոյական հարստությունը չչարաշահվի որեւէ կուսակցության վարկանիշը բարձրացնելու օգտին:
Եզրակացնենք
Մեր համայնքը արդեն իսկ նոսրանում է ֆիզիկապես, սակայն դա այնքան սպանիչ չէ, որքան հոգեկան նոսրացումը, որը կարող է առաջանալ քաղաքական անտարբերության եւ լճացման հետեւանքով: Ուստի զգաստության ենք հրավիրում բոլոր կողմերին, իսկ պրն Գեւորգ Վարդանից պահանջում ենք հաշվետվություն:
«Արաքս» շբաթաթերթ