«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ՎԱՂ ԱՐԹՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Հիրավի, ճշմարիտ է ասված, Աստված մեզ ազատի «բարեկամներից», թշնամու հախից ինքներս էլ կգանք: Առանձնապես վերջին շրջանում հաճախակի դարձան եւ անհասկանալի հետեւողականությամբ շարունակվող երեւույթի առումով. ով շուտ արթնացավ, ջանում է մի լավ բուռ ցեխ շպրտել կամ աղբաման շրջել հայրենիքի ե՛ւ պետականության ե՛ւ հայապահպանման անկորնչելի գաղափարների վրա: Կասկածից դուրս է, որ նման հովերը համընդհանուր լինել չեն կարող, եւ հատուկենտ դրսեւորումները եթե կան, ուստի միայն ու միայն վճարովի հիմք ունեն: Ահա, հերթական անգամ ամեն ինչ բարեպատշաճ է ներկայացված «Հայկական ժամանակ» լրագրի 14.11.06 համարում` խորագրված, վերնագրված. «Հեռուստամարաթոնին ընդառաջ», ապա «ԼՂՀ նախագահը ԱՄՆ-ում»: Նաեւ` հակիրճ մուտքը. «Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մեկնել է ԱՄՆ»:

Թվում է, թե այս հակիրճ տեղեկությամբ էլ պիտի ավարտեր թերթը, այնինչ, պարզվում է, որ դեռ «ասելիք» ունի եւ հետագա շարադրանքը քաղաքական գեշ պասկվիլի ուղղակի տպավորություն է թողնում ոչ միայն առկա շեշտերով, այլեւ «ուշագրավ» մանրամասներով, եւ եթե չլիներ թերթի անվանումը եւ հեղինակի ստորագրությունը, լիովին կարելի էր մտածել, թե արտատպված նյութ է ազերբայջանական մամուլից:

Պարզվում է, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս Ա. Ղուկասյանը հետապնդում է զուտ անձնապաշտական նպատակ, ցույց տալու արցախցիներին, թե «...ում թանկագին խաթեր համար են» հավաքվում մարաթոնի գումարները: Մի հավելում եւս. «...անցյալ տարի Ղուկասյանը հանկարծ «իր խաթեր» կողքին ահագին տեղ հատկացրեց «Արցախի ձայներ» կոչված (Ա.Հ.) խմբին, որը նախագահի հետ մեկնել էր ԱՄՆ` մարաթոնին մասնակցելու»: Շարունակությունն այլեւս սեւ ակնոցի եւ սեւ հոգու արտահայտություն է. ԼՂՀ նախագահին հիշեցնում են, որ ինքը պրոդյուսեր չէ, այլ ԼՂՀ նախագահ, որ լուրջ երաժշտական ճաշակ ունի (սիրում է Օկուջավա եւ Հախվերդյան), հավելում, որ խմբի նախաձեռնողը եւ հովանավորը ԼՂՀ առաջին տիկինն է: Միայն թշնամին կարող էր այսպիսի երանգավորումներ ու շեշտեր ներառել իր շարադրանքի մեջ, միայն չարակամ եւ չարկամ մեկը` այն էլ հեռուստամարաթոնի նախօրեին:

Ինքս պատիվ եմ ունեցել արցախյան առաջին եւ երկրորդ փառատոների հանդիսավարը լինել եւ շատ լավ գիտեմ, թե ոգեւորության, հայրենասիրության, նվիրումի եւ սիրո ինչ ոգեղեն մթնոլորտ է տիրում այդ միջոցառումներին թե՛ ստուդիայում, թե՛ համայն Կալիֆոռնիայում ու Նահանգներում եւ այլուր, եւ ի՞նչ ցնծությամբ ու ոգեւորությամբ են ընդունվում Հայաստանից (էլ չասած` Արցախից) որեւէ մենակատարի կամ խմբի ելույթը տաղավարում եւ էկրանների առաջ:

Հեղինակն ավելացնում է իր թափանիվի պտույտները եւ գնչուհի-բախտագուշակի տագնապով, ի լուր ամենեցուն հայտարարում նախօրեին, թե «...մի շարք հարցեր կան. ինչպիսի՞ն կլինի նախատեսված մարաթոնը ՀՀ-ԼՂՀ լարված փոխհարաբերությունների եւ փոխադարձ մեղադրանքների (10 հարցական- Ա.Հ.) ֆոնի վրա» եւ բոլոր չեղած կնճիռները դարս-դարսում է ԼՂՀ Սահմանադրության նախագծի հանրաքվեին նախորդող հանրապետության ծանրաբեռ ուսերին:

Ի՞նչ է կատարվում, ո՞ր աղբյուրից է բխում այդ ստահոդ «տեղեկացածությունը» եւ ով է պատվիրատուն, քանզի հեղինակի անուն-ազգանունը ոչինչ չի ասում (Քրիստինե Խանումյան): Թեեւ, ներեցեք, ասում է, իր իսկ գործածած «հակատրամաբանական» զուգորդում է, ինչպես, ասենք, Հովսեփ Իսմայիլյանը կլիներ կամ Աբրահամ Հասանյանը:

Վերջին շրջանի «կապը կտրած» հրապարակումների տխրահռչակ շարանին մեկն էլ գումարվեց: Վերջակետ դնելու ճիշտ ժամանակն է:

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4