«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ ԱՐՑԱԽՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԱԿՏԻՎ Է

Այս տարվա հեռուստամարաթոնին Արցախի մասնակցությունը նշանակալից է հանգանակված գումարի շոշափելի աճով: Նոյեմբերի 23-ին, դրամահավաքի կազմակերպման շտաբի տվյալներով, հանգանակվել է 65 միլիոն դրամՙ նախորդ տարվա 60 միլիոնի դիմաց:

«Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում շտաբի համակարգող Անդրանիկ Աղաբաբյանը չի բացառել, որ այդ թիվը կարող է աճել այն կազմակերպությունների նվիրատվությունների հաշվին, որոնք չեն հայտարարագրել իրենց մասնակցությունը: Մարաթոնին մասնակցողների թիվը գերազանցում է 60 հազարը, որոնց մեջ կան նաեւ ոչ քիչ թվով թոշակառուներ:

Ամենաշատ գումարը նվիրաբերել է «Բեյզ մեթլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունըՙ 10 միլիոն դրամ: Շուրջ դրա կեսի չափ հանգանակվել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունում, իսկ Ստեփանակերտի «Կոշիկի եւ կարի արտադրամաս» ընկերությունը հիմնադրամին է մուծել 4 միլիոն դրամ: Անհատ անձանց կողմից մեծ չափով նվիրատվություններ, ըստ Ա. Աղաբաբյանի, չկան: Այդով հանդերձ, դրամահավաքի կազմակերպման հանրապետական շտաբի պատասխանատուն գոհ է Արցախում անցկացված մարաթոնի արդյունքներից:

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2006»-ի ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է Հադրութի շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Բարեգործական այս համազգային ակցիայի կազմակերպիչները լիահույս են, որ սփյուռքում, Հայաստանում եւ Արցախում հավաքված գումարները կհերիքեն պատերազմից տուժած Հադրութի շրջանի բարգավաճումն ապահովող մի շարք ծրագրերի իրագործմանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4