Լոռվա մարզի երիտասարդների հանդիպումները Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի հետ ավանդույթ են դառնում: Այդ առումով նոյեմբերի 16-19 Վանաձորում, Ստեփանավանում, Գուգարքի տարածաշրջանում Երիտասարդության եւ ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպված հանդիպում-սեմինարներն ու հանդիսությունները նորություն էին այն առումով, որ դրանց մասնակցեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գ. Խաչատրյանը:
Երիտասարդության եւ ուսանողության միջազգային օրվա առթիվ իր օրհնությունը երիտասարդներին բաշխեց Սեպուհ սրբազանը` կարեւորելով երիտասարդության ունեցած պատասխանատու դերը Հայաստանի կերտման ու հոգեւոր հայրենիքի կայացման գործում. «Լինել հայրենապաշտ եւ ունենալ բարոյական բարձր նկարագիր, այսօրվա կերտողը եւ վաղվա մեր ազգային ու հոգեւոր մշակույթի տերը լինել: Ահա պատասխանատու ու պատվաբեր մի առաքելություն, որ պիտի ստանձնի այսօրվա երիտասարդը», ասել է սրբազան հայրը հանդիպումներից մեկի ժամանակ: Հանդիպման վերջում երիտասարդներին բաժանվել են «Քրիստոնեական» ուղեցույց-գրքույկներ:
Ս. Մ.