«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2006-11-23 | #225, 2006-11-24 | #226, 2006-11-25


ՆԱՏՕ-ԱԿԱՆ ԲՐՅՈՒՍԵԼԸ

ՆԱՏՕ-ի վարչական շենքը գտնվում է Բրյուսելի եվրոպական մասում: Սա աշխարհի մի փոքրիկ կենտրոն է թվում` անդամ եւ գործընկեր երկրների դրոշներով, անվտանգության` առավելագույն «չի կարելին» ապահովող ատրիբուտներով: Գուցե կարելի է հպարտանալ, որ Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի եվրոպական կենտրոնը հենց Բրյուսելն է, բայց իմ տպավորությամբ` բուն բրյուսելցիք մի տեսակ անտարբեր են վերաբերվում այս փաստին: Իհարկե, նրանցից ավելի քաղաքականացվածները պատրաստ են թվարկելու այդ իրողության քաղաքական եւ տնտեսական առավելությունները. տնտեսականներն ակնհայտ են` տարեկան հարյուրավոր պատվիրակություններ են այցելում ՆԱՏՕ` տասնյակ հազարավոր եվրոյի օգուտ բերելով Բելգիայի մայրաքաղաքի բյուջեին, նույն ՆԱՏՕ-ական զինվորական ու վարչական աշխատակազմի ծախսերը եւս մնում են Բրյուսելում: Բայց բրյուսելցին ամեն ինչ տեսել եւ լսել է, նրան ոչնչով չես զարմացնի:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բոլոր հարաբերությունները համակարգվում են ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության միջոցով, որտեղ երկու դիվանագետ ունենք` Սամվել Մկրտչյանն ու Մուշեղ Մկրտչյանը: Մեր առաքելությունը տեղակայված է մի շենքում, որտեղ ի թիվս այլ երկրների, տեղակայված են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցչությունները: Վերջիններս ավելի մարդաշատ են: Մեր ներկայացուցչությունը հիմնականում զբաղված է անհատական գործընկերության ծրագրի իրականացման խնդիրներով, որին Հայաստանի մեկամյա մասնակցությունը կլրանա 2007 թվականի փետրվարին, այդ առթիվ մերոնց ներկայացրած զեկույցը նախ կքննարկվի դաշինքի անդամ երկրների ներսում, խորհրդի նիստում, ապա եւ` խորհուրդ +Հայաստան ձեւաչափով: Գործընկեր երկրների, այդ թվումՙ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի երկկողմ համագործակցության պայմանավորվածություն կա մի շարք ոլորտներում: Համագործակցության տրամաբանության մեջ է նաեւ լրագրողական խմբերի պարբերական այցերը ՆԱՏՕ, որոնց հղում անելով` ժպտերես ՆԱՏՕ-ական բարձրաստիճանները հայցում են իրազեկել գործընկեր երկրների հասարակություններին Դաշինքի գործունեության մասին: Մասնավորապես նրանք լրագրողներին պատմում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, աղետների արձագանքման եվրատլանտյան կառույցի աշխատանքի, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ուղղվածության, գործընկեր երկրների պաշտպանական համակարգերը ժամանակի մարտահրավերներին համապատասխանեցնելու եւ այլ միջոցառումների մասին: Գործընկեր երկրները, այդ թվում Հայաստանը, մի շարք պարտավորություններ են ստանձնել շրջանակային պայմանագրով` նպաստել ժողովրդավարությանը, հարգել մարդու իրավունքները, ձեռնպահ մնալ այլ պետությունների նկատմամբ ոտնձգություններից կամ ուժի կիրառումից, վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Շրջանակային պայմանագրի սահմանները գործում են տվյալ երկրի հնարավորություններին եւ կարողություններին համապատասխան: Օրինակ` Հայաստանի պարտավորությունների մեջ են ազգային անվտանգության ռազմավարության մշակումը (որն օրերս քննարկվում էր ակադեմիայում), ընտրական բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը, պաշտպանական եւ անվտանգության համակարգի բարենորոգումը: Այդ պարտավորությունների մեջ կան նաեւ դժվար իրականացվողները: Օրինակ` այս կետը. հետամուտ լինել Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների բացմանը եւ լիարժեք օգտագործմանը, կամ` հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությանը. դե եկ ու հետամուտ եղիր: Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը շրջափակված է հարեւանների կողմից, ինչպե՞ս պիտի ՆԱՏՕ-ական պարտավորություն կատարի, ՆԱՏՕ-ի մի բարձրաստիճան պաշտոնյա նկատեց. «Ծրագիրը փայտիկ չէ, որ թափահարենք, ու բոլոր խնդիրները լուծվեն, բայց հետագա հաջողության դուռ կարող է բացել»: Մեր ՆԱՏՕ-ական բանախոսները թեեւ խաչաձեւ հարցուպատասխանի ժամանակ լավ էլ խոստովանում էին, որ Թուրքիայի հետ կապված` նուրբ խնդիր է, իրենք չեն կարող ճնշումներ կիրառել, բայց բալանս ապահովելու համար մանր քայլեր կիրառվում են. «Կովկասը բարդ է, ուզում ենք ճիշտ բալանս ապահովել այստեղ, այդ է պատճառը, որ մի շարք հարցերի (այդ թվում` Հայաստանի հետ կապված) վերաբերյալ միասնական կարծիք չկա», ասում էին: Եվ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ էլ կտրական-միանշանակ կարծիքներ չէին հայտնում` անդամ երկրներից ոչ մեկը չէր ուզենա հարաբերություն փչացնել հսկա Ռուսաստանի հետ, որքան էլ Վրաստանի ժողովրդավարությանն աջակցելու կարգախոսներ հնչեն: Թեեւ չէր ուշանում նաեւ այլ առիթով հայտնված տեսակետը, թե ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կառույց է եւ ընդունված քաղաքական որոշումներն ամրապնդում է ռազմական գործողություններով: Սրան հավասար քարոզվում էր այն թեզը, թե սառեցված հակամարտությունների առումով ՆԱՏՕ-ն կայունության եւ խաղաղ կարգավորման կողմնակից է:

Նոյեմբերի 28-29-ին Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որում քննարկվելու են նաեւ մեր տարածաշրջանի խնդիրները: Ու թեեւ երեք երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն գագաթաժողովն անդամակցության խնդիր չի լուծելու այս անգամ, այլ` ավելի շատ ապագա կառուցվածքների ուրվագծման, անցյալ գործունեության վերաբերյալ եզրահանգումներ արձանագրելու, ըստ այդմ` ընդլայնման մեխանիզմների վրա աշխատելու խնդիր: Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հուն եւս Ռիգայում կնախանշվի:

«Դուք վատ տնտեսական վիճակում չեք, դուք չպետք է վախենաք, ձեզ ոչինչ չի սպառնում, վստահ ենք, որ քայլ առ քայլ ավելի ընդունելի գործընկերներ կդառնանք, նոր գործընկերներ ձեռք կբերեք», ժպտալով համոզում էին ՆԱՏՕ-ականները, միաժամանակ չմոռանալով հիշեցնել, որ ոչ մենք, ոչ մեր հարեւան երկու երկրները դեռեւս պատրաստ չենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, դեռ շատ պետք է աշխատենք: Իսկ թե մենք ի՞նչ ենք մտածում այդ մասին` նրանք տեսնում են միայն փաստաթղթի տեսքով ստանձնած պարտավորությունների տողատակերում եւ մեր` լրագրողներիս հարցերում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Բրյուսել-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4