«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2006-11-23 | #225, 2006-11-24 | #226, 2006-11-25


«Ա1+»-ԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԻՇԵՑՆՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը որոշում է ընդունել «ANS» հեռուստաընկերության եւ «ANS CM» ռադիոկայանի գործունեությունը դադարեցնելու մասին: Իրավիճակը ակամա հիշեցնում է «Ա1+» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան չերկարացնելու, դրանով եթերը դադարեցնելու եւ նոր լիցենզիա տրամադրելու գործընթացն անվերջորեն երկարաձգելու պատմությունը:

«Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ, «ANS» հեռուստաընկերության եւ «ANS CM» ռադիոկայանի լիցենզիան դադարեցվել է բազմակի դիտողությունների եւ պատժամիջոցների կիրառությունից հետո: «ANS» հեռուստաընկերությունը համաձայն չէ լիցենզիայի դադարեցման նման հիմնավորմանը եւ պատրաստվում է բողոքարկել Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշումը:

Սակայն մինչ որեւէ դատական ատյանում կընդունեն նման հայց եւ կսկսեն քննարկել, ադրբեջանական կապի եւ տեխնոլոգիաների նախարարության տեխնիկական աշխատակիցները սկսել են «ANS» հեռուստաընկերության հաղորդակների եւ հեռարձակման սարքավորումների ապամոնտաժումը, հեռուստաընկերության տարածքը շրջապատել են ոստիկանության ներկայացուցիչները: Եվ դա այն բանից հետո, երբ ազգային խորհրդի որոշմամբ հեռուստաընկերությունն ու ռադիոկայանը պետք է դադարեցնեին իրենց հեռարձակումը երեկ տեղական ժամանակով ժամը 15-ին, սակայն 15:20-ի մոտակայքում եթեր է հեռարձակվել նորությունների թողարկում:

Իշխանությունների այս գործողությունների առնչությամբ իրենց բողոքն են հայտնել ադրբեջանական լրատվամիջոցների, որոշ կուսակցությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ հիշատակված կազմակերպությունները դժգոհություն ու տարբեր գնահատականներ էին արտահայտել նաեւ «Ազադլիգ» թերթին տարածքից զրկելու եւ թերթի գլխավոր խմբագրի հացադուլ հայտարարելու կապակցությամբ: Ի դեպ, վերջինս երեկ առողջության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց` վերակենդանացման բաժին:

Ստացվում է, որ Ադրբեջանում իսկապես նախընտրական պատրաստությունները քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցների աշխատանքն անհնարին դարձնելով են արտահայտվում, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները ամենայն հաճույքով տարբեր ատյաններում հայտարարում են ժողովրդավարական արժեքների գերակայության մասին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4