ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի դրսեւորած չարությունը հենց դրա ապացույցն է: Ես նրան անձամբ չեմ ճանաչում եւ Արա Աբրահամյանի հետ էլ անձնական շփումներ չեմ ունեցել, հետեւաբար մեկին պարսավելու, մյուսին գովելու խնդիր չունեմ: Սակայն ես այս երկրի քաղաքացի եմ, եւ ինձ համար որքան ընդունելի է այս երկրին բերվող որեւէ աջակցություն, նույնքան էլ անտանելի է անձնական վերաբերմունքի թելադրանքին գերի մնալ եւ ստվերել ուրիշի արած դրական քայլերը: Դա դեռ ոչինչ, պատկերացնենք, որ մարդն ինչ-որ բան է ուզում ձեռնարկել, բայց չի ստացվում, եւ իր այդ անկարողությունից չարությամբ է պատվում: Սակայն այդ չարացողն արդյոք իրավունք ունի՞ իր «ես»-ի չափանիշներով աղտոտել ազգի բնութագիրը («Մենք միգուցե կազմակերպող ազգ չենք»), կամ էլ խայտառակ «մարտահրավերներ» նետել («Թող փորձի մեկ ազգային, համազգային ծրագիր իրականացնել»): Հայը հայի դեմ նման սպառնալիքների փաստերը հրաշալի նյութ կարող են դառնալ, ասենք, ադրբեջանցիների մամուլի համար: Այդ նույն թրքալեզու մամուլը չէ՞ր գրում. «Դուք մի խառնվեք, հայերն իրենք իրենց լավ էլ ուտում են»:
Լավ, ասպարեզում երեւալու ուրիշ միջոց չկա՞: Անպայման դրական գործը բզկտելո՞ւ միջոցը պիտի ընտրել: Երանելի Դրասխանակերտցին վկայում էր. «Աշոտ Երկաթը արաբներից ազատագրում է Բագրեւանդի, Շիրակի, Գուգարքի, Տաշիրի գավառները, Վրաստանի մայրաքաղաք Տփխիսը: Բայց Հայաստանում ապստամբություն է բարձրանում Աշոտ Երկաթի դեմ»: Տարօրինակ է, չէ՞: Հազարավոր տարիներ երազես անկախ երկիր ունենալ, եւ փոխանակ փայփայես այդ Նորամանուկին, մի քար էլ դու դնես նրա նորաշեմին, ներքին անվայելուչ արարքներով հարամում ես անգամ այն կաթը, որ խմել ես ժամանակին: Ի դեպ, կաթի պատմությունը ես չեմ հորինում, պարզապես հիշեցի, որ անցյալ նախընտրական շրջանում դպրոցներին, իմա` ընտրական զանգվածին, ՀՌԱԿ-ի անունից հաճությամբ բաժանվեցին այդ նույն Աբրահամյանից ստացած համակարգիչները, բայց տարիներ անց դրան պատիվ չբերող, ներողություն` քուչի ձեւակերպում տրվեց. «Կթու կովը եթե կար, ինչո՞ւ չկթեինք»:
Ժամանակին ինչ-որ մի գրաքննադատ, վերոնկարագրյալ անձի պահվածքի հանգույն, Թումանյանի «Չարի վերջը» գրվածքում «սխալ» էր գտել` «Այստեղ կենսաբանական սխալ կա` կկուն իր ձագերին տիրություն չի անում»: Այդ վայ քննադատի այս «հայտնության» առիթով պատկերացրեք այն միլիոնավոր ընթերցողների (մի քանի տասնյակ սերունդ) զարմանքը, որ այդ հրաշալի գործի վերաբերյալ ասվել է (ներողություն) նման ախմախություն: Հիմա ես նույն այն ընթերցողների տեղ` փորձում եմ տեսնել Արցախի բազմաթիվ դպրոցների աշակերտների հիացմունքը, որ շնորհիվ ՌՀՄ-ի նվիրաբերության, համակարգիչն իրենց համար այլեւս ամենօրյա զբաղվելու, ուսանելու, ինտերնետի միջոցով աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց է դարձել: Մի բոլորս մեզ պատկերացնենք այս երեխաների տեղը` ի՞նչ զգացում կարող ենք ապրել, իմանալով, որ ինչ-որ մեկը, որ հայ է ազգությամբ, որ դեռ կուսակցություն էլ ղեկավարում է, փորձում է խանգարել «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչավորում» ծրագրին, որը շարունակվելու է հետայսու: Համո Սահյանը կասեր. «Քեզ մի պահ ծառ զգա, /Կացինդ սրելուց առաջ»:
Կրկնեմ, որ իմ խնդիրը չէ մեկ հայի կողմից բարեգործություն իրականացնողին գովաբանելը եւ, մանավանդ, մեկ այլ հայի կողմից այդ բարեգործությունը անարգողին պարսավելը` Աստված վերջինիս հետ: Պարզապես ասացվածք դարձած «մեկ մոմ վառելու» խնդրով եմ մտահոգ, պարզապես դժվար եմ համակերպվում հավաքականությունը ժխտողների մտայնության հետ, դժվար եմ ըմբռնում, հասկանում, թե ե՞րբ պիտի մարդու կռիվն իր ներքին «ես»-ի հետ ավարտվի հանուն ընդհանուրի, հանուն մեծ գաղափարների իրականացման: Եվ նաեւ ե՞րբ պիտի նույն այդ հավաքականության կոչի հեղինակ Չարենցի մեկ այլ հորդորը սերտելի մնա մեզ համար. «Փառք քեզ, եթե լինես քո օրերի հետ դաշն, /Եվ օրերիդ հանդեպ երկաթյա քղանցք չհագնես»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ