Հանձնաժողովը գործող սակագները հաստատեց որպես անցումային
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս տարվա հոկտեմբերի 13-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց «Արմենտել» ընկերության հայտը, որով նախատեսվում էր ընկերության մատուցած մի շարք ծառայությունների, այդ թվում լարային հեռախոսակապի սակագների կտրուկ բարձրացում: Դրանից հետո կողմերը 45-օրյա ժամկետում պետք է բանակցությունների միջոցով համաձայնության գային փոխադարձաբար ընդունելի սակագների վերաբերյալ: Սակայն այդ համաձայնությունը չկայացավ: Այդ պատճառով էլ հարցը երեկ վերստին քննարկվեց հանձնաժողովի նիստում:
Հանձնաժողովի վերոնշյալ երկու նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հիմնականը «Արմենտելի» սեփականատեր ընկերության փոփոխությունն էր: Ինչպես հայտնի է, հունական ՕՏԵ-ն այն վաճառել էր ռուսական «Վիմպելկոմին»: Փոխվել էր նաեւ «Արմենտելի» գլխավոր տնօրենը: Հանձնաժողովի նախագահն այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորեց Օլեգ Բլիզնյուկին, որից հետո ներկայացվեց հանձնաժողովի առաջարկած որոշման նախագիծը անցումային սակագների հաստատման մասին:
Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանը, քանի որ կողմերի միջեւ համաձայնություն չի կայացել, եւ ղեկավարվելով «Արմենտելին» տրված թիվ 60 լիցենզիայի լրացված եւ վերախմբագրված տարբերակով, առաջարկվում է տրանսպորտի եւ կապի նախարարի դեկտեմբերի 7-ին հաստատած սակագները սահմանել որպես անցումային մինչեւ 2007 թ.-ի մարտի 1-ը: Այսինքն, մինչ այդ օրը ներկայումս գործող սակագների փոփոխություններ տեղի չեն ունենա: Որոշման այդ նախագիծը հանձնաժողովը հաստատեց, որի մեջ նաեւ նշվում էր, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Արմենտելն», այդուհանդերձ, կարող է սակագների ճշտումների վերաբերյալ նոր առաջարկություն ներկայացնել:
«Արմենտելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտնեց, որ նկատի ունենալով ընկերության սեփականատիրոջ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած փոփոխությունը, իրենք նույնպես խնդրել են հանձնաժողովին երկարաձգել գործող սակագները մինչեւ եկող տարվա մարտի 1-ը: Ինչին Ռոբերտ Նազարյանը հավելեց, որ հանձնաժողովը ընկերությանը հնարավորություն է տալիս վերանայելու կամ կրկին ներկայացնելու առաջարկությունների ամբողջական փաթեթը: