ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Վերնագիրը վիրավորակա՞ն է: Իհարկե: Ցավ է պատճառում կարդալը: Առավել ցավ է պատճառում այդ մասին գրելը: Սակայն, դժբախտաբար, դա է ճշմարտությունը, ինչքան էլ դառը եւ տհաճ լինի:
Առանձին վերցրած հայերս առհասարակ խելացի եւ հաջողակ անհատներ ենք, բայց այդպիսին չենք կոլեկտիվում, խմբակցային միություններում: Գթառատ եւ բարյացակամ ենք, երբ հանդիպում ենք կարիքավոր մի հայրենակցի, բայց մասնագիտական ոլորտներում երբեք այդպես չենք վարվում:
Փորձեմ իրական մի պատմությամբ ավելի հստակ պատկերացում տալ: Տարիներ առաջ Ամերիկա-հայկական միջազգային քոլեջը պատվեց հռչակված կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանինՙ շնորհելով նրան պատվավոր դոկտորի աստիճան: Երբ նրա հասցեին գովաբանական խոսքեր արտասանելուց հետո գլխավոր զեկուցողը իջավ բեմից, մեկ ուրիշ հայ, որը երկար տարիներ Հոլիվուդում էր աշխատել, մոտեցավ նրան եւ ասաց. «Ինչո՞ւ եք այդքան մեծարում այդ մարդուն: Նա կինոասպարեզում ոչ մի հայի չի օգնել»:
Մեկ ուրիշ օրինակ: «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակն ստանալիս հայազգի սցենարիստ Սթիվ Զաիլյանը միլիոնավոր հանդիսատեսների առաջ ոչ մի խոսք չասաց Հայոց ցեղասպանության մասին, չնայած հրաշալի հնարավորություն ուներ այդ անելու:
Հայրենակից հային չօգնելու պարագան դեռ կարելի է գուցե վերագրել եսասիրությանը, բայց ինչպես բնութագրել այս մյուսին, որն ունենալով հեղինակություն եւ իշխանությունՙ սեւացնում է մեկ ուրիշ հայի կամ անտեսում է Հայ դատըՙ հանուն երեւի ավելի բարձր դիրքերի:
Դժբախտաբար նման դեպքերի պակասը չի զգացվում: 2003 թ.-ին Նոբելյան մրցանակներ շնորհող կոմիտեն, անտեսելով գյուտարար դոկտ. Ռայմոնդ Դամադյանին, այդ բարձր մրցանակը շնորհեց Պոլ Լոտերբուրին եւ Պիտեր Մանսֆիլդին, որոնք ընդամենը բարելավել-զարգացրել էին հայ գյուտարարի հնարածը: Երբ Դամադյանը զայրացած հակազդեց այդ որոշմանը, «Նյու Յորք թայմսը» խմբագրական մի հոդվածով ծաղր ու ծանակի ենթարկեց նրան: Մինչ մամուլում հակասական կարծիքները մեկը մյուսին էին փոխարինում, դոկտոր Լեւոն Սարյան անունով մի հայ, որը որպես բարձր որակավորում ունեցող գիտնական, կարող էր լավագույնս պաշտպանել Դամադյանին, հոդված գրեց բացատրելով, թե ինչու նա արժանի չի կարող համարվել այդ մրցանակին:
Այս երեւույթը շարունակվում է նաեւ մեր օրերում: Երբ Ֆրանսիայի խորհրդարանը ցեղասպանությունն ուրացողներին պատժելու օրենքն ընդունեց, մի շարք հայեր դեմ արտահայտվեցին դրանՙ իբրեւ փաստարկ բերելով խոսքի ազատության դեմ մեղանչելը:
Հաշվի առնելով միջազգային զանգվածային լրատվության արձագանքն այդ առնչությամբ, նման վերաբերմունքը հայերի կողմից, ինչ խոսք, կարող է նսեմացնել կամ ամբողջովին ձախողել դրա ընդունումը Սենատում կամ նախագահական մակարդակով: Չմոռանանք, որ առանց այն էլ եվրոպական եւ ամերիկյան լրատվամիջոցները սվիններով դիմավորեցին այդ օրենքի ընդունումը, միշտ անշուշտ հենվելով «սրբություն սրբոց»ՙ խոսքի ազատության սկզբունքի վրա, որը պարզապես քող է ծածկելու իրենց իսկական նպատակը, այն էՙ հեշտացնել թուրքերի անդամակցությունը Եվրոմիությանը:
Մինչեւ օրս ոչ ոք չի բողոքել նույն այդ ֆրանսիական խորհրդարանի ժամանակին ընդունած «Գայսոյի օրենքի» դեմ, որով նախատեսվում է պատժել հրեական Հոլոքոսթն ուրացողներին: Ինչո՞ւ: Որովհետեւ հրեաներն ունեն մի հզոր «զենք»: Նրանք «հակասեմականներ» պիտակն են կպցնում բոլոր նրանց, ովքեր ժխտում են կամ չեն ուզում ընդունել Հոլոքոսթը:
Անշուշտ ակնկալվում էր, որ Թուրքիայում ապրող հայ ղեկավար անձնավորություններ հակադրվեն այդ օրենքին, փրկելու համար իրենց սեփական մաշկը, քանի որ այնտեղ գործում է դրա հակառակ օրենքը (քրեական օրենսգրքի 301 հոդվածը), որով արդեն իսկ դատապարտվել են Օրհան Փամուքի, Էլիֆ Շաֆաքի, Ռագըբ Զարաքոլուի եւ Հրանտ Դինքի նման գրողներ: Բայց դժվար է հասկանալ Արեւմուտքում ապրող մյուս հայ գրողների կամ մտավորականների դիրքորոշումը, որոնք պապից ավելի պապական դարձած պաշտպանում են խոսքի ազատությունըՙ հակադրվելով Ֆրանսիայի ընդունած օրենքին: Փոխանակ իրենց դիրքն ու պաշտոնն օգտագործելով պաշտպանելու Հայ դատին նպաստող մի օրենք, նրանք ընդհակառակը, թուրքերի ջրաղացին ջուր են լցնում խոսքի ազատության իրենց բարբաջանքներով:
Թուրքերն ամենից շատ են մարդու իրավունքները խախտում եւ խոսքի ազատությունը սահմանափակում, բայց նրանք միշտ ավելի բարձր են աղաղակում այդ սկզբունքների վերաբերյալ, կարծելով, որ առավել հաջողության կհասնեն Հայոց ցեղասպանությունն ուրանալու գործում:
Անհավատալի է, բայց փաստ է, որ այդ սկզբունքը պաշտպանողների շարքերում մենք գտնում ենք նաեւ հայերի, որոնք ակադեմիական շրջանակներում հավանաբար ավելի բարձր պաշտոններ գրավելու հույսեր են փայփայում: Իսկ կարո՞ղ ենք արդյոք գտնել թեկուզ մեկ հրեայի, որը դեմ արտահայտվի «Գայսոյի օրենքին»:
Հայ այլասերվածների թվին է պատկանում լրագրող եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի «Բրուին ստանդարտ» թերթի խմբագիր Կարին Ք. Հովհաննիսյանը, որը «Քրիսչն սայնս մոնիթոր» թերթի նոյեմբերի 7-ի համարում մի հոդված է ստորագրելՙ «Ցեղասպանությունը ժխտողների անմտությունը» վերնագրով: Նա իր գերազանց տաղանդն օգտագործել է ֆրանսիացիներին պախարակելու, բանաձեւը պաշտպանող հայերին ծաղր ու ծանակի ենթարկելու եւ վերջին հաշվով թուրքերի ջրաղացին ջուր լցնելու համար:
Նա իր հոդվածն սկսում է հետեւյալ նախադասությամբ. «Այդ բանաձեւը հիշեցնում է մեզ, որ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունն ու Եվրոպայի էլիտար շրջանակների ներկայացուցիչները հավատացած են, որ իրականությունը ոչ թե հայտնաբերում են, այլ հրամանագրերով պարտադրում»: Գրողը գոհ չէ այն հանգամանքից, որ «այդ լուրը հայ համայնքներում ցնծություն է առաջացրել»: Հովհաննիսյանը խիստ քննադատության է ենթարկում «Եվրոպայի հայերի ֆեդերացիայի» նախագահ Հիլդա Չոբոյանին, որն այդ բանաձեւի ընդունումը որակել էր «պատմական քայլ»: Նա գրում է, որ դա չարորակ ուռուցք է խոսքի ազատության վրա»:
Շարունակելով միեւնույն ստորաքարշ տոնով, նա գրում է. «Այդ դասը, դժբախտաբար, լավ չեն յուրացրել որոշ ֆրանսիացի խորհրդարանականներ եւ հայ սփյուռքի անդամներ, որոնց քաղաքական հոտառությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ցեղասպանության թեման է սկիզբ առնում»:
Հայերս երեւի երախտապարտ պետք է լինենք մեր շարքերում ունենալու պրն Հովհաննիսյանի նման «գիտունների», որոնց «պայծառ մտքերը» կնպաստեն առավել բարձր մակարդակի հասցնելու մերՙ այլապես աղքատիկ եւ չափազանց պրիմիտիվ քաղաքական հասունությունը:
Այնուհետեւ նա օգտագործում է առավել գրավիչ «փիլիսոփայական-խրատական» նախադասություններ, գտնելով, որ «ավելի հեշտ է ժխտողների բերանը փակել, քան նրանց ստիպել, որ դադարեն այդ ձեւով մտածելուց կամ դրան հավատալուց», որ «գրաքննությունը վաղուց գործիք է դարձել բոլոր նրանց ձեռքերում, ովքեր վախենում են իրական փաստերից, ովքեր չեն կարող հաջողության հասնել հավասար պայմաններում վիճարկելուց: Գրաքննիչներն ընդհանրապես միշտ փորձել են ուժի միջոցով հասնել այն ամենին, ինչի չեն կարողացել հասնել բանավիճելով»:
Ուժեղները միշտ էլ ազնիվ սկզբունքներն օգտագործում են գործի դնելու ամենավայրագ ոճրագործությունները: Թուրքիան այսօր ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում է խոսքի ազատություն պահանջելով Ֆրանսիայից, մինչդեռ ցինիկաբար զրկում է մարդկանց իր երկրում այդ նույն խոսքի ազատությունից օգտվելու իրավունքից: Ավելին, նա այդ գործի (ցեղասպանության ուրացման) համար ամբողջ պետական ապարատն (իր հզոր մեխանիզմներով) է գործի դնում, որի դիմաց Ֆրանսիայի ընդունած օրենքը լոկ համեստ մի քայլ է:
Այս նույն տրամաբանությամբ Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշն է փորձում մեզ համոզել, որ «ժողովրդավարության գործընթացը լավ է առաջ գնում Իրաքում», 655 հազար քաղաքացիների եւ 2500 ամերիկացի (զին)ծառայողների անշնչացած մարմինների վրայով: Ո՞վ կարող է վերջին հաշվով վիճարկել, որ «ժողովրդավարությունը» զոհեր է պահանջում կամ չարժե այդքան զոհաբերություն: Չէ՞ որ ժողովրդավարություն ասվածն ազնիվ գաղափար է:
Եթե Թուրքիան ընդունած լիներ ցեղասպանություն գործած լինելը, բոլորովին կարիք չէր զգացվի ուրացողներին պատժելու օրենքն ընդունելու: Եթե իրոք ցանկանում ենք գնահատել խոսքի ազատությունը, պետք է որոնենք հարցի արմատները: Հայերս բավական թանկ ենք վճարել այդ ազնիվ գաղափարների եւ սկզբունքների համար: Մեր վաղ շրջանի պատմության մեջ Արա Գեղեցիկի եւ Վարդան Մամիկոնյանի կերպարները վառ օրինակներ են ընտանեկան արժեքներին եւ քրիստոնեական հավատքին հավատարիմ մնալու մեր անհողդողդ վճռականության: Ավելի ուշ, երբ 1918 թ.-ին հայ կամավորները Կիլիկիան վերագրավեցին, դաշնակից պետությունները խնդրեցին նրանց ցած դնել զենքերը, ինչը նրանք հնազանդ կատարեցին: Եվ քեմալական հրոսակախմբերի հարձակումներին ենթարկվեցինք: Նույնը տեղի ունեցավ, երբ զորավար Անդրանիկը պատրաստվում էր մտնել Ղարաբաղ: Անգլիայի կառավարությունը նրանից պահանջեց դադարեցնել առաջխաղացումըՙ խոստանալով դրական լուծում տալ Ղարաբաղի հարցին Վերսալի պայմանագրով: Անդրանիկը ենթարկվեց հորդորներին եւ... Ղարաբաղի հարցը մնաց օդից կախված: Դա մինչեւ օրս չի գտել իր լուծումը: Ավելին, Ղարաբաղի հայերին դեռ «զավթիչներ» են անվանում իրենց հայրենիքն ազատագրելու եւ իրենց ճակատագրի տերը դառնալու համար: Եթե նրանք միջազգային հանրությունից սպասեին գովասանքների «լավ պահվածքի համար», Սումգայիթի զոհերի կողքին կհայտնվեին եւս 150 հազար ղարաբաղցիների դիակները:
Առանց ցինիկ թվալու նշեմ, որ բոլոր ազնիվ սկզբունքները միշտ էլ կոշիկների նման հարմարեցվում են ուժեղների ոտքերին, որպեսզի ոտնակոխ արվեն թույլ ժողովուրդների իրավունքները, այդ թվում նաեւ նրանց գոյության իրավունքը:
Թուրքերն, ինչ խոսք, հրճվում են հավանաբար մերՙ հայերիս շարքերում գտնելով համախոհների, որոնք անուղղակիորեն նպաստում են իրենց դատին: Հրճվում են նաեւ «Քրիսչն սայնս մոնիթոր» թերթի խմբագիրները:
Երբ մեկուկես միլիոն անմեղ հայ զոհերի արյունն է դրված նժարի վրա, խոսքի ազատության մասին արտահայտությունները դառնում են սոսկ ակադեմիական բարբաջանքներ: Թող ուրիշները պայքարեն այդ սկզբունքի համար: Մեր առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի գոյատեւումն է:
«Արմինյըն միրոր սփեքթեյթըր»