Ստորեւ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից թարգմանաբար ներկայացնում ենք ՌԱԿ Մ. նահանգների ղեկավար անդամներից հայտնի մտավորական Երվանդ Ազատյանի պատասխանը «Նյու Յորք թայմս» թերթի հոկտեմբերի 17-ի խմբագրականին:
Ձեր հոկտեմբերի 17-ի խմբագրականը («France in Denial») փորձելով պաշտպանել խոսքի ազատության ազնիվ սկզբունքը` անուղղակիորեն վիրավորում է 1915 թվի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին: Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձեւը «անարգական» անվանելն ինքնին անարգանք է:
Գիտակցում եք, թե ոչ, դուք երկակի ստանդարտներ եք կիրառում, երբ փորձում եք համոզել ձեր ընթերցողներին, որ «շատ պատճառներով է այդ բանաձեւը սխալ», եւ եզրափակում եք նշելով, որ «դա նաեւ հարված է խոսքի ազատությանը»:
Երբ 1,5 միլիոն սպանդի ենթարկված մարդկային էակների արյունն է կշռի վրա դրված, «խոսքի ազատությանը հասցված հարվածը» ընդամենը ակադեմիական հնչեղություն կարող է ունենալ, մանավանդ որ մյուս կողմից դուք փորձում եք արդարացնել (hրեական) Հոլոքոսթի ժխտման դեմ այդ նույն Ֆրանսիայում ընդունված «Գայսոյի օրենքը» գրելով, որ «բոլոր այդ օրենքներն առնվազն հիմնված են Հիտլերի ռասիստական տեսություններին զորավիգ կանգնած երդվյալ հակասեմականների որոշակի սպառնալիքների վրա»:
Վստահ եմ, չեք համարձակվի «Գայսոյի օրենքը» «անարգական» որակել: Ի դեպ, նշեմ, որ Եվրոպայում ավելի շատ երդվյալ թուրքեր կան, քան երդվյալ հակասեմականներ: Նրանց մեծ մասը զորավիգ են կանգնած թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը դեռեւս զղջման նշաններ չի դրսեւորում: Ավելին, վերջերս իր մահկանացուն կնքած Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալն իր կյանքի վերջին օրերին սպառնացել էր Հայաստանին, ասելով, որ «1915-ի դասերը լավ չի յուրացրել», եւ որ Թուրքիան կարող էր «պատահականորեն մի քանի ռումբ գցել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի վրա»:
Այս արտահայտությունն ինքնին բավական է ցույց տալու, որ ցարդ չզղջացող Թուրքիան պատրաստ է եւ ցանկանում է կրկնել ցեղասպանության ոճիրը, անմիջապես որ առիթ ստեղծվի:
Եվ վերջ ի վերջո, Եվրոպայի հակասեմականներն ամբողջությամբ վերցրած անզոր մի փոքրամասնություն են Թուրքիայի դիմաց, որն ամենաուժեղ բանակն ունի ՆԱՏՕ-ում:
Երբ հայերը ազատագրում են Ղարաբաղում իրենց պատմական հայրենիքի մի փոքրիկ մասը, ՄԱԿ-ն առաջ է քաշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ այդ նույն (տարածքային ամբողջականության) սկզբունքը անտեսվում է Կոսովոյում եւ Կիպրոսում: Նույն տրամաբանությամբ, երբ Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունում (հրեական) ողջակիզումը ուրացողների դեմ, պաշտպանողների պակաս չի զգացվում, բայց երբ նման մի օրենք ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ուրացողների դեմ, այդ օրենքը որակվում է «անարգական»:
Դուք ճիշտ եք ձեր խմբագրականի սկզբում գրելով. «Բազմիցս կրկնել ենք, որ Թուրքիան պարտավոր է ըմբռնումով մոտենալ իր անցյալի ոճրագործություններին»: Բայց Թուրքիան ըմբռնումով չի մոտենալու իր անցյալի «ոճրագործություններին», մինչեւ Ֆրանսիայի այդ օրենքն ընդունվի Սենատում եւ այնուհետեւ նաեւ Մ. Նահանգների Կոնգրեսում եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Մինչեւ աշխարհի պետությունները չբարձրացնեն իրենց ձայնը եւ չդատապարտեն Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ իր հանգուցյալ նախագահի` Օզալի տրամադրություններին:
Ուոթերթաուն, Մասաչուսեթս