«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2006-11-23 | #225, 2006-11-24 | #226, 2006-11-25


ՄԱՐԴՍ ՄԱՐԴ ԼԻՆԻ ԵՎ ՄԻ ՔԻՉ ԷԼ` ԱՊԱՐԱՆՑԻ

Ապարան, ապարանցի, հումոր, ծիծաղ, անեկդոտ բառերը համարժեք են երկար տարիներ: Մեզանից ոչ-ոք չգիտի, թե Աստված երբ որոշեց ապարանցուն օժտել այսքան ծիծաղկոտ հատկանիշներով: Մի բան փաստ է, չենք կարող տալ ապարանցիների անունը կամ հանդիպել որեւէ ապարանցու ու լիարժեք չծիծաղել, կամ մի թեթեւ չժպտալ: Ապարանցիների մասին բոլորն են խոսուՙ թե մեծերը, թե փոքրերը, խոսում են նաեւ իրենք: Եվ պատահական չէ, որ լինելով ապարանցի, այդ անեկդոտները հավաքել, մշակել եւ ընթերցողների դատին է հանձնել ապարանցի Վաչագան Սարգսյանը: Նրա առաջին գիրքը լույս է տեսել «101 սրսուռ անեկդոտ ապարանցիների մասին» վերնագրով, իսկ երկրորդը լույս է տեսել օրերս: Գրքի առաջին մասը վերնագրված է «Մերօրյա աֆորիզմներ», իսկ երկրորդ մասը` «Ապարանյան անեկդոտներ»:

Հատկապես երկրորդ մասում զետեղված անեկդոտները եւս մեկ անգամ հաստատում են, որ ծիծաղն ու հումորը հաց ու ջրի պես պետք են մարդուն, լինեն ապարանցի, ղարաբաղցի, թե գորիսցի: Ուրեմն եկեք եւս մեկ անգամ լիաթոք ծիծաղենք եւ հիշենք, որ ամեն ինչ անցողիկ է, կարեւորը մարդս մարդ լինի ու մի քիչ էլ ապարանցի:

Ձեզ ենք ներկայացնում երկու նմուշ ապարանցիների մասին անեկդոտներից.


Ղարաբաղյան պատերազմում հրամանատարներից մեկը առաջին գիծ կամ ապարանցի, կամ ղարաբաղցի է ուղարկում: Ընկերները հետաքրքրվում են.

- Ինչի ես միշտ նրանց ուղարկում, ուրիշ կռվող չկա՞:

- Բա ոնց անեմ... Գոնե մարդկային զոհերը քիչ կլինեն,- արդարանում է հրամանատարը:


Ապարանցին փողոցում դրամապանակ է գտնում` մեջը 1000 դոլար եւ այցեքարտ: Գնում է տուն, զանգում ռադիո եւ ասում.

- Մի հատ դրամապանակ եմ գտել` մեջը 1000 դոլար եվ մի հատ էլ վիզիտկա` վրան գրած Գագո: Մի հատ Գագոյի պատվին տխուր երգ տվեք...

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4