Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը եւ ամփոփեց 15.03.04 թ-ից կիրառման մեջ մտած` «Օտարերկրյա պետություններում առեւանգված կամ ապօրինի ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք կանխարգելելու նպատակով» հրամանից հետո կատարված աշխատանքները: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից ստուգման է ենթարկվել 35813 ավտոտրանսպորտային միջոց եւ հայտնաբերվել 135 միջազգային հետախուզման մեջ գտնվող 40 վերադաջված նույնացման համարներով ավտոմեքենա: Անցած 9 ամիսների ընթացքում ավտոմեքենաների հոսքը աճել է 33 տոկոսով նախորդ տարվա ցուցանիշից, միջազգային հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների քանակը նվազել է 40 տոկոսով: Արտասահմանից եւ ՌԴ-ից գողացված, ՀՀ ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների զգալի մասը` 175 հայտնաբերվածից 106-ը, մեր քաղաքացիները գնել են եւ Հայաստան ներմուծել Վրաստանից: Ներմուծված 12 ավտոմեքենաները առեւանգված են եղել Վրաստանում, իսկ 17-ը` վերադաջված նույնացման համարով գնվել է կրկին Վրաստանից: Չնայած այդ մասին տեղեկացվել են Վրաստանի իրավապահ մարմիններին, սակայն մինչեւ օրս արձագանք չի ստացվել, տեղեկացրեց պրն Հովհաննիսյանը: Միջազգային հետախուզման մեջ գտնվող եւ ՀՀ-ում հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցները վերցված են արգելանքի եւ դրվում է դրանց վրա կալանք:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ