Վերջին տարիներին կանանց ֆուտբոլն աշխարհում գնալով ավելի մեծ մասսայականություն է վայելում, աճում է հետաքրքրասիրությունը մարզաձեւի նկատմամբ: Հայաստանում եւս լուրջ քայլեր են ձեռնարկվում կանանց ֆուտբոլը հանրապետությունում արմատավորելու եւ զարգացնելու համար: Մեր ֆուտբոլիստուհիները աստիճանաբար միջազգային մրցասպարեզ են դուրս գալիս` ձեռք բերելով շատ անհրաժեշտ մրցակցային փորձ:
Օրերս Հայաստանի կանանց հավաքականը բավական հաջող մրցելույթներ ունեցավ 2009 թվականի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլում, որն անցկացվեց Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում: Մեր մարզուհիներն առաջին խաղն անցկացրին տանտերերի հետ: Հանդիպումը հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար: Խաղի 32-րդ րոպեին Գայանե Կոստանյանը գրավեց մրցակցի դարպասը: Հաղթական հաշիվը պահպանվեց մինչեւ 83-րդ րոպեն, երբ Թամարա Սկրբիչը վերականգնեց հավասարակշռությունը:
Երկու օր անց մեր հավաքականը մրցեց Իսրայելի ընտրանու հետ: Այդ խաղում էլ հայ աղջիկներն իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին, թեեւ ի վերջո պարտվեցին նվազագույն 0-1 հաշվով: Հանդիպման ելքը վճռեց 5-րդ րոպեին Սարիթ Շենարի խփած միակ գոլը: Ավարտական խաղում մեր մարզուհիները 1-0 հաշվով պարտության մատնեցին Լատվիայի ընտրանուն: Դիպուկ հարվածով կրկին աչքի ընկավ Գայանե Կոստանյանը:
Այսպիսով, ընտրական երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը անցկացրած 3 հանդիպումներում վաստակեց 4 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունեին նաեւ Բոսնիայի ֆուտբոլիստուհիները, որոնք մեր հավաքականին գերազանցեցին միայն խփած ավելի շատ գնդակներով (7): Իսկ խմբի հաղթող ճամաչվեց Իսրայելի հավաքականը, որը հաղթանակներ տարավ նաեւ Լատվիայի (3-0) եւ Բոսնիայի (5-2) նկատմամբ: Թեեւ ՀՀ հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից, սակայն միջազգային առաջին փորձը պետք է հաջող համարել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ