Ըստ ՄՃԽ-ի, Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում վիճակը լարված է
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կովկասյան ծրագիրը նախորդ տարի ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծման առաջարկություններ պարունակող իր զեկույցը: Այս տարի նույն ծրագրի շրջանակներում ՄՃԽ-ն պատրաստեց զեկույցներ Աբխազիայի, նաեւ Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի ու ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանների իրավիճակի մասին: Այս զեկույցների նշանակության եւ դերակատարության մասին «Ազգին» պարզաբանումներ է տալիս Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
- Միջազգային ճգնաժամային խումբը գտնո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես ուսումնասիրության առարկա արդեն սպառել է իրեն:
- Անցյալ տարի բավականին ժամանակ ծախսեցինք` աշխատելով Լեռնային Ղարաբաղի հարցի ուսումնասիրության վրա: Պատրաստեցինք երկու զեկույց, մեկը հիմնական զեկույցն էր, որ նկարագրում էր իրավիճակը, երկրորդը ուրվագծում էր, թե ինչպես ենք տեսնում հակամարտության հնարավոր խաղաղ լուծումը: Զեկույցների հրապարակումից հետո եղանք Հայաստանում եւ Ադրբեջանում, փորձեցինք զեկույցն ավելի լայնորեն ներկայացնել իշխանություններին, նաեւ քաղաքացիական հասարակությանը: Փորձում էինք մարդկանց հասկանալի դարձնել, թե ինչու էինք եկել զեկույցում նշված եզրակացություններին եւ հակամարտության լուծման տարբերակին: Մեր առաջարկությունները բավականին մոտ են նրան, ինչ քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս տարի նրանք աշխատում էին սկզբունքների փաստաթղթի վրա, բավականին դժվար գործընթաց էր, անգամ ամռանը թվում էր, թե համանախագահները դադարեցրել են աշխատել այս ուղղությամբ, քանի որ կարծես քաղաքական կամքի դրսեւորում չէին տեսնում երկու նախագահների կողմից: Ամեն դեպքում, համանախագահները շարունակեցին աշխատել: Դեռ հույս կա, որ այդ սկզբունքների առնչությամբ որոշակի առաջընթաց կլինի:
- Արդյոք ուժի մե՞ջ են նախորդ տարի արված եզրակացություններն ու խորհրդատվութունը ղարաբաղյան հակամարտութան կարգավորման առնչությամբ:
- Մենք այս տարի եւս չներգրավվեցինք այս հարցում այն պատճառով, որ մեր առաջարկները դեռ ուժի մեջ են, այսինքն` անցյալ տարի մեր առաջարկած տարբերակը դեռ համարում ենք լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Ներկայում գուցե այդ մասին հրապարակայնորեն ավելի քիչ ենք խոսում, բայց եվրոպական երկրներ այցելությունների ընթացքում կրկին բացատրում եմ հնարավորինս հստակ, թե ինչպիսին ենք մենք տեսնում հակամարտութան լուծումը: Մենք հավատում ենք, որ ավելի ուժեղ դեր պետք է ունենա Եվրոմիությունը որեւէ տեսակի խաղաղ համաձայնագրի իրագործման, իրականացման, կենսագործման հարցում: Սա եւս ներկայացված է մեր զեկույցում, եւ մենք պարբերաբար այդ հարցը բարձրացնում ենք Բրյուսելում, տարբեր եվրոպական կառույցներում, փորձելով հիշեցնել, որ եթե համաձայնություն լինի, նրանք անելիք շատ կունենան ֆինանսական աջակցության, վերականգնման, նաեւ խաղաղապահ ուժերի տեղակայման առնչությամբ: Մենք շարունակում ենք հուսալ, որ կլինի խաղաղ լուծում` մեր առաջարկությունների հիման վրա, ես դեռ կարծում եմ, որ դա է լուծման ամենալավ ուղին: Իհարկե, այն երկու նախագահներից քաղաքական կամքի դրսեւորում է պահանջում, փոխզիջումներ երկու կողմերից, ընդ որում, ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմերի համար դժվար է ընդունել փոխզիջման սկզբունքները: Ես մեծ հույս ունեմ, որ այդ սկզբունքները կհամաձայնեցվեն, քանի որ այլ լուծում չեմ տեսնում:
- Իսկ մտահոգության տեղիք չե՞ն տալիս ադրբեջանական կողմի ռազմատենչ ու ռազմական ծախսերը միլիարդ դոլարի հասցնելու ցանկությունների մասին հայտարարությունները:
- Մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանը էականորեն մեծացնում է իր ռազմական հզորություններն ու բյուջեն, Հայաստանը ավելի քիչ, բայց եւ մեծացնում է իր ռազմական բյուջեն, նաեւ Վրաստանը` 2004 թ.-ի համեմատությամբ 3-4 անգամ, այսինքն` ընդհանուր առմամբ, երեք երկրներն էլ մեծացնում են իրենց ռազմական բյուջեները: Ակնհայտորեն ամբողջ տարածաշրջանում մարդիկ ավելի զինված են դառնում, ավելի պատրաստ պատերազմի, եւ սա հենց այն է, ինչից փորձում ենք խուսափել: Մեր կազմակերպության նպատակը հակամարտությունների կանխումն է, լուծումը, եւ մեզ համար ամենավատ լուծումը կլինի առճակատման վերականգնումը: Մենք կշարունակենք խորհրդատվությունը մեր առաջարկած լուծման ուղղությամբ: Այս տարի մեր կազմակերպությունը կենտրոնացած էր Աբխազիայի հարցի վրա, հաջորդ տարի մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:
- Ինչո՞վ է պայմանավորված Միջազգային ճգնաժամային խմբի հետաքրքրությունը Ջավախքի խնդիրներով:
- ՄՃԽ զեկույցը չի վերաբերում միայն Սամցխե-Ջավախքին, այլեւ փոքրամասնություններին Վրաստանում` Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում, անդրադառնալով ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փոքրամասնությունների խնդիրներին: Այս զեկույցը պատրաստելու նպատակը ավելի շուտ կոնֆլիկտի կանխումն է: Մենք փորձում ենք տեսնել, ընկալել հակամարտությունը, մինչ այն դուրս կգա վերահսկողությունից:
- Այսինքն` կարելի՞ է ասել, թե ՄՃԽ-ն Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում ապագա հակամարտությունների հիմքեր կամ նախանշաններ, նախադրյալներ է տեսնում:
- Մենք տեսնում ենք խնդիրներ, երկու տարի առաջ այնտեղ տեղի ունեցան բողոքի ցույցեր, ինչ-որ հարձակումներ տարբեր խմբերի միջեւ, եւ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում, եւ հարցադրում անել, թե արդյոք դա կարո՞ղ է դառնալ իրապես տաք հակամարտություն, թե ոչ: Ես գտնում եմ, որ իրավիճակը լարված է: Ես չեմ կարող ասել, արդյոք շո՞ւտ կլինի կամ կլինի՞ ընդհանրապես տաք հակամարտություն նշված տարածքներում: Ամեն դեպքում, թվում է, թե դեռ հնարավորություն կա իրավիճակը լավացնելու, փորձելով խուսափել ավելի մեծ հակամարտությունից: Դրա համար մեր զեկույցում կենտրոնացել ենք փոքրամասնությունների մասնակցության վրա: Մենք գտնում ենք, որ փոքրամասնությունները հաճախ բավարար չեն մասնակցում քաղաքական կյանքին, փոքրամասնությունների շատ քիչ ներկայացուցիչներ են Վրաստանում զբաղեցնում բարձր պաշտոններ, քիչ են փոքրամասնությունները ներգրավված նաեւ տեղական կառավարման օղակներում: Այդ խնդիրը ավելի մեծ է ադրբեջանցիների համար Քվեմո-Քարթլիում, պակաս` Սամցխե-Ջավախքում: Մեզ հետաքրքրում է փոքրամասնությունների մասնակցությունը ընտրություններին, թե վրաց իշխանությունները ինչպես են փորձում մեծացնել փոքրամասնությունների մասնակցությունը: Ուսումնասիրության մեկ այլ առարկա էլ լեզվի հարցն է, որը մեծ հիմնախնդիր է փոքրամասնությունների համար: Վրաստանի ադրբեջանցիներն ու հայերը խոսում են իրենց մայրենի լեզվով եւ որպես ընդհանուր լեզու օգտագործում են ռուսերենը: Եվ քանի որ պետական լեզուն Վրաստանում վրացերենն է, մենք փորձել ենք առաջարկություններ մշակել, թե ինչպես կարելի է լուծել լեզվի խնդիրը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր զեկույցների եւ առաջարկությունների քննադատությանը: Դրանք, մեղմ ասված, չեն ընդունվում:
- Մեր զեկույցները մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս, քանի որ մեր նպատակն է նաեւ արտաքին լսարանին, որոշումների կայացմանը մասնակից, բայց տարածաշրջանից դուրս գտնվողներին տեղեկացնելը: Իհարկե, մեր ասածները երբեմն դժվար է «կուլ տալ», եւ մենք շատ քննադատության ենք արժանանում: ԼՂ զեկույցի դեպքում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում արձագանքի 80 տոկոսը քննադատություն էր: Սա այնքան էլ խնդիր չէ, քանի որ մեր խնդիրն է գաղափարները դնել քննարկման, մարդկանց ստիպել քննարկել դրանք, սկսել մտածել ավելի հեռատեսորեն: Խնդիրն այն է, որ, դժբախտաբար, մամուլը, հարավկովկասյան երեք երկրներում էլ շատ տարբերակված չէ, ավելի հաճախ առաջ են մղում կառավարության պաշտոնական տեսակետը: Մենք այս զեկույցներով ուզում ենք լրացուցիչ տեղեկատվություն ապահովել, որ հեշտորեն մատչելի չէ հասարակության համար: ԼՂ-ի առումով մենք գտնում էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականին գաղտնապահ էր իր գործունեության առումով, իսկ մենք ուզում էինք ցույց տալ հասարակությանը, թե ինչ է անում Մինսկի խումբը: Այդ գործընթացը շարունակվում էր մոտ տասը տարի, եւ ոչ ոք գաղափար չուներ, թե ինչ է տեղի ունենում: Դա արդար չէ, քանի որ վերջիվերջո Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությունն է պարտադրված լինելու ընդունել խաղաղության համաձայնագիրը: Մենք ուզում էինք իրազեկել, սկսել քննարկում, եւ դա էլ պատահեց մեր երեք զեկույցների դեպքում, ինչը մենք մեծ հաջողություն ենք համարում:
- Միջազգային ճգնաժամային խմբի ֆինանսավորման աղբյուրներում կար նաեւ Թուրքիայի կառավարությունը: Այդ կերպ հայերին առնչվող հարցերում կողմնակալություն չի՞ կարող լինել:
- Որպես միջազգային կազմակերպություն մենք ունենք մոտ 11 մլն դոլարի տարեկան բյուջե, որի 40 տոկոսը հիմնադրամներից է, 40-ը` տարբեր կառավարություններից, մնացյալը` մասնավոր անձանցից: Մենք բաց ենք ընդունելու ֆինանսավորում բոլորից, այսինքն` եթե որեւէ կառավարություն ցանկանում է ֆինանսավորել, կընդունենք: Բայց մեր զեկույցների եւ առաջարկությունների վրա որեւէ կերպ ճնշում չի գործադրվում: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից ֆինանսավորմանը, ապա դա բավականին փոքր դրամաշնորհ էր` երկու տարի առաջ մոտ 10 հզ. դոլար, դա հարաբերականորեն փոքր գումար է: Ներկա պահին Թուրքիայից ֆինանսավորում չկա, բայց եթե տան` չենք հրաժարվի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի - Երեւան
Հ.Գ. Փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականություն Սաբինա Ֆրեյզերի կյանքի ընկերոջ ազգությամբ թուրք լինելու հանգամանքը, եւ եթե այո, արդյոք դա չի՞ կարող ազդել հայերի մասին զեկույցներ պատրաստելիս: Հարցի տարբեր ձեւակերպումներին Ֆրեյզերը պատասխանեց այսպես. «Թուրքիան բավականին մեծ դեր է կատարում Հարավային Կովկասում: Իհարկե, հսկայական խնդիրներ կան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնց վերաբերյալ մենք մեր զեկույցներում երբեք չենք գրել: Կարծում եմ, դա անելը հետաքրքրական կլինի, բայց դեռ չենք արել»: