«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2006-11-24 | #226, 2006-11-25 | #227, 2006-11-28


«100 ԹՈՒՐՔԵՐԻՑ 82-Ը ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

Այս վերնագրով «Միլիեթ» թերթը կայքէջում տեղեկացնում է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» նախաձեռնությամբ Ստամբուլում, Անկարայում եւ էրզրումում անցկացված հարցախույզի մասին: Հարցախույզին մասնակցել է 8714 մարդ: Մասնակիցների 16 տոկոսը տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների սկզբնավորման համար Հայաստանից պահանջել էր խզել հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական գաղթօջախների հետ եւ հրաժարվել ցեղասպանության պնդումներից, 6 տոկոսը բավարար է համարել «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կատարված կոտորածների համար թուրք ժողովրդից ներողություն խնդրելը, 5 տոկոսը պնդել է, որ քանդի Մեծ եղեռնի հուշարձանն ու ՀՀ սահմանադրությունից հանվեն «թուրքերի եւ թուրքական տարածքների նկատմամբ հավակնությունները», իսկ նրանք, ովքեր պահանջում են հայկական զորքերի անհապաղ դուրսբերումը «Ղարաբաղի գրավյալ տարածքներից», ընդամենը կազմել են 2 տոկոս: Իսկ 568 մարդ, որը համազոր է հարցախույզի մասնակիցների 18 տոկոսին, պահանջել է ոչ մի դեպքում հարաբերություններ չհաստատել Հայաստանի հետ:

Հարցախույզը նախաձեռնող վերոհիշյալ միության նախագահ, դոկտ. Սավաշ Էղիլմեզը նշել է, որ անկախ հայերի իրագործած կոտորածներից, ահաբեկչական գործողություններից, թուրք ժողովրդի մեծամասնությունը որոշ նախապայմանների կատարման ակնկալիքով կողմ է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների սկզբնավորմանը: Նա ավելացրել է. «Հարցախույզը մեկ անգամ եւս ցույց տվեց մեր ժողովրդի ներողամտությունից բխող պատմական մեծահոգությունը»: Ըստ «Միլիեթի», հարցախույզի արդյունքները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ներկայացվել են ցեղասպանության հարցում «կողմ եւ անկողմնակալ» բոլոր երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ նրանց արտգործնախարարություններին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4