«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2006-11-24 | #226, 2006-11-25 | #227, 2006-11-28


ԵԹԵ ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԱՆԹԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵ

Երեկ, Ազգային ժողովի արտահերթ նիստն սկսելուց հետո մի տեւական ժամանակ ոչ ԱԺ ղեկավարությունը, ոչ պատգամավորները մեկ բառով անգամ չհիշեցին, որ լրացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, մինչեւ լրագրողները չհիշեցրին այդ մասին ու սահմանադրական դատարանի մոտ այդ առթիվ տեղի ունեցող ցույցի մանրամասները չեկան-հասան պատգամավորներին: Ու եթե, ինչպես ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ավելի ուշ լրագրողների հետ կայացած զրույցում նկատեց, այդ հանրաքվեն չափազանց կարեւոր նշանակություն է ունեցել մեր երկրի կյանքում, ուրեմն արժեր, որ ԱԺ ամբիոնից հենց նույն Տ. Թորոսյանը շնորհավորեր պատգամավորներին եւ ռադիոլսողներին` արժանահիշատակ տարեդարձի առիթով: Բայց գաղտնիք չէ, որ հանրաքվեին այսօր էլ միանշանակ չեն վերաբերվում քաղաքական ուժերը, ավելի շուտ նրանց մի զգալի մասը, համենայն դեպս ընդդիմադիր ուժերը գտնում են, որ հանրաքվեն անցել է կեղծիքներով եւ խոսում են 600 հազար ձայնի կեղծման մասին եւ նույն ԱԺ ամբիոնից էլ հակադարձելու էին նրան, այնպես որՙ շառից-փորձանքից հեռու:

Այդ մասին հիշել ու ցախավելներով իրենց բացասական վերաբերմունքն էին ցույց տալիս սեփականության իրավունքից զրկված քաղաքացիները, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ Սահմանադրական դատարանի մոտ:

Այդ մասին շարունակում են խոսել հենց խորհրդարանում. «Ակնհայտ է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, եւ այն քաղաքական ուժերը, որոնք կեղծել են 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեն` էսօր նրանք ասում են. «Պապայի արեւ, էլ չենք անի»: Այսինքնՙ այդ նույն քաղաքական ուժերն այսօր կուրծք են ծեծում ազատ-արդար ընտրություններ անցկացնելու հետ կապված, եւ ես կարծում եմ, որ հասարակությունը հումորով է վերաբերվում այդ ուժերի հայտարարություններին, քանի որ, եթե 10 տոկոսը մասնակցել է, բայց գրում ենՙ 70 տոկոսն է մասնակցել, դա ծիծաղ է առաջացնում»: Սա Վիկտոր Դալլաքյանն էր: Իսկ Տիգրան Թորոսյանը պնդեց տրամագծորեն հակառակը. «Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ փոփոխությունները երկրի հետագա ընթացքի համար ունեցան բացառիկ նշանակություն, եւ խորհուրդ կտայի նրանց, ովքեր ինչ-ինչ ակցիաներ են կազմակերպում այսօր, ավելի լուրջ մոտեցումներ ունենան ե՛ւ սահմանադրությանը, ե՛ւ երկրի ապագային: Իհարկե, որեւէ մեկը չի ժխտի եւ այսօր էլ չի ժխտում, որ հանրաքվեի ժամանակ, ցավոք սրտի, տեղի են ունեցել խախտումներ, որովհետեւ սա այն հարցն էր, որը եվրոպական կառույցների կողմից առավել ուշադրության արժանի է եղել մեր երկրի 15-ամյա պատմության ընթացքում: Եվ եթե մենք ունենայինք լիովին անթերի հանրաքվե, կարծում եմՙ սա կարեւոր արձանագրում կլիներ երկրի համար: Ինչեւէ, խախտումներն իսկ հաշվի առնելով, ես կարծում եմ չի կարելի չտեսնել այն էական փոփոխությունները, որ մեր կյանքում արդեն իսկ տեղի են ունեցել, եւ որոնք դեռեւս տեղի են ունենալու խոհրդարանական ընտրություններից հետո, երբ ուժի մեջ մտնեն սահմանադրության մի շարք այլ հոդվածներ: Ես կարծում եմ, որեւէ մեկը մինչ սահմանադրական փոփոխությունները չէր կարող անգամ երազել, որ ընդդիմության մեր գործընկերները կկարողանան դիմել սահմանադրական դատարան: Այսօր նրանք ոչ միայն կարողանում են ու նաեւ մի քանի անգամ դիմել են սահմանադրական դատարան, այլեւ ունեցել են դրական որոշում: Նույնը կարելի է ասել նաեւ մեր քաղաքացիների դիմումների հետ կապված, արդեն մի շարք դիմումներ սահմանադրական դատարանի հետ կապված բավարարվել են: Իսկապես, սա ունի մեծ նշանակություն, եւ պիտի տառապել մազոխիզմով, կամ կույր լինել` չտեսնելու, որ երկրի կյանքում հենց նույն ժողովրդավարության տեսակետից սա իսկապես բացառիկ նշանակություն ունեցող փոփոխություն էր»:

Կեղծիքների մասին լրագրողի հարցին պատասխանելով` Տ. Թորոսյանը նկատեց, որ անգամ 900 հարյուր հազար մասնակցի պարագայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայացած էր լինելու եւ փոփոխություններն ընդունված էին լինելու, հետեւաբար մնացածն ուղղակի աղմուկ է. «Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ցույց տալ հնարավորությունՙ 600 հազար կեղծիքի համար, գնահատականներ տալիս ճիշտ է ոչ թե ենթադրություններ անել, այլ խոսել փաստերի մասին»:

Փաստեր, համենայն դեպս` դատախազության կողմից ընդունված եւ քրեական գործի հարուցման ուղարկված, ինչպես տեսնում եք` չիք, ըստ ԱԺ նախագահի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4