«Հայաստանում ձեւավորված է ոչ քաղաքական իշխանություն, եւ նրա դեմ կանգնած պիտի լինեն ոչ այնքան քաղաքական կուսակցությունները, որքան համախմբված հասարակությունը: Մենք ուզում ենք մի պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է հասարակությանը, որտեղ կա պատժելիություն, եւ ազգային երազանքները ով ոնց է պատկերացնում եւ իրականացնում` արդեն կուսակցությունների գործն է»:
«Քաղաքացիական նախաձեռնությունը 1 օրվա պայքար չէ, 1 ժողով կամ սեմինար չէ... Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր լուծումներին` թե՛ ընտրական, թե՛ արտակարգ: Այսօր հրամայական է հաղթահարել բոլոր ներքին պառակտումները եւ վերագտնել չարենցյան ոգով հավաքականությամբ ուժեղ, հաղթական ազգային ոգին»:
Առաջին մտքի հեղինակը Վազգեն Մանուկյանն է, երկրորդինը` Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանք հնչեցին անցած շաբաթ օրը նրանց կազմակերպած Քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ համաժողովին, կառավարության նիստերի դահլիճում:
Ընդհանրապես` այս համաժողովին կարգախոսների, գեղեցիկ մտքերի պակաս չէր զգացվում, կարգախոսները տասնամյակով զուլալել, կոկել ու բյուրեղացրել է մեր ընդդիմությունը` նախաձեռնությունից նախաձեռնություն, հավաքից հավաք, խոսքուզրույցից խոսքուզրույց ավելի գեղեցիկ դարձնելով դրանք: Այդքանը: Ոչինչ չի հետեւել այդ կարգախոսներին:
Նոր դեմքերի առկայությունը դեռեւս չհստակեց, թե դեպի ուր է գնում այս շարժումը (օրինակ` ներկա էին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը):
Ներկա եւ բացակա ընդդիմության պահվածքը ցույց է տալիս, որ նրանցից շատերի մտքին չկա նեղ անել-տեղ անել Վազգենի եւ Ռաֆֆու նախաձեռնության համար: Եվ որքան էլ Վ. Մանուկյանը խոսի համախմբվելու անհրաժեշտության մասին, ընդհակառակը, երեւում է, որ մեր ընդդիմության միավորներից շատերը թռչող գորգն իրենց քամիով են փորձելու քշել: Մյուս կողմից` խանգարիչ գործոն է հենց մասնատված հասարակությունը: Դատեք ինքներդ` նայելով, թե ովքեր են այս էլ երկու հավաքի լցնում Սունդուկյանի թատրոնի դահլիճը` Գագիկ Ծառուկյանի կանչով, եւ ովքեր էին լցրել Մելիք-Ադամյանի դահլիճն անցած շաբաթ օրը, կարելի է շատ հետեւություններ անել: Առաջինում առավել երիտասարդ մարդիկ էին` պրագմատիկ, հաշվարկելու ընդունակ, փողի հոտն առած, երկրորդում` ընդդիմության այսուայն նախաձեռնությունների միջեւ տարուբերվող եւ այդ նախաձեռնությունների ռացիոնալ հատիկը չգտնող ավագ տարիքի մարդիկ, որոնց հենց հիմա է անհրաժեշտ իշխանափոխություն` իրենց վատ ապրելակերպը բարելավելու համար: Նրանք ժամանակ չունեն սպասելու: Ընդդիմությանը, ով էլ որ դա լինի, անցյալում չհաջողվեց ձեւավորելու Վ. Մանուկյանի ասած գաղափարների գեներատոր երիտասարդ սերունդ, որը պատրաստ լինի տեւական պայքարի, պատրաստ լինի չգնալ փողային խոստումների հետեւից: Իսկ այս սերունդը ժամանակի, մեր կյանքի տարուբերումների արգասիք է եւ վազ է տալիս Ծառուկյանի` փողոտ ապագայի սպասումից շնչահեղձ դահլիճները, ձեռքի հեռախոսին լարում է «առյուծ ու թագավոր ախպոր» մասին էժանագին երգ-զանգը: Իսկ շաբաթ օրը Մելիք-Ադամյանում հավաքված ավագ տարիքի «հեղափոխականները» տարին-տարվա վրա ավելի անհամբեր են դառնում եւ արագ արդյունք ակնկալում: Եվ դա տեղի է ունեցել ընդդիմադիր տարբեր կառույցներից երկարատեւ հուսախաբությունների արդյունքում, ու անկեղծ ասած, ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց, որոնք նախաձեռնության հեղինակներից կոնկրետ գործողությունների ծրագիր էին պահանջում:
Այս բոլորի խորապատկերում ցավեցնող է նաեւ այն հանգամանքը, որ այս երկիրն ունի, օրինակ, Վազգեն Մանուկյանի նման քաղաքական գործիչ, բայց իրեն շռայլություն է թույլ տալիս նրա հնարավորությունները չօգտագործել, նրա կողքին միշտ պակասում է անհրաժեշտ թվով հասարակությունը: Բայց գուցե այս անգամ մի բան դո՞ւրս գա: Թեեւ հենց նույն Վ. Մանուկյանն է ասում. «4 անգամ եղել եմ պատգամավոր, ի՞նչ եմ կարողացել փոխել այս երկրում, ուրիշի խաղի մեջ դառնում ես մի հատ մասնիկ` նպատակ չեմ դրել այս անգամ պատգամավոր դառնալ անպայման»: Ու մատնանշում է այս անգամվա իրենց նախաձեռնության հաջողության ուղին. «Չեմ կարծում, որ դաշինքով հարցեր կլուծվեն` եթե հասարակական լայն շարժում չսկսվի: Մեր նպատակն է հասարակությանը համախմբել մեկ-երկու-երեք պարզ սկզբունքների շուրջ»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ