«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2006-11-24 | #226, 2006-11-25 | #227, 2006-11-28


«Ո՞ՒՄ ՍՏՐՈՒԿՆ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ` ՀՀԿ-Ի, ԹԵ՞ ԲՀ-Ի»

«Այլընտրանք»-ը կարծում է, որ այսօր ժողովրդին այս ընտրությունն է առաջարկվում

Ներկա քաղաքական համակարգին եւ դաշտում եղած բաղադրիչ ուժերին այլընտրանք դառնալու հավակնություն ունեցող «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները երեկ եւս մեկ անգամ ազդարարեցին իրենց նպատակների մասին: Մեր բոլորի ապագայում որոշակիություն մտցնելու ցանկություն ունեցող խմբի տարաձայնությունները Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հետ, Երեւանի նախկին քաղաքապետ, խմբի նախաձեռնող Վահագն Խաչատրյանի խոսքով, զուտ տակտիկական են:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ, «Այլընտրանք»-ը հիմնվում է 88 թ. շարժման արժեքների եւ դրանից բխող արժեքների վրա: Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ, իրենց վերկուսակցական նախաձեռնությունը չի մասնակցում «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության կազմակերպած ակցիաներին, քանի որ չի ընդունում էմոցիոնալ, բնազդային հիմքով իշխանափոխություն անելը. «Իշխանափոխության հաջորդ օրը ճշտելու հարցեր չպետք է լինեն, այլ պետք է լինեն հստակ անելիքներ»: Արագ իշխանափոխություն անելու կոչով հանդես եկած «Այլընտրանք»-ի ներկայացուցիչները հավաստեցին, որ իշխանափոխություն անելու իրենց նպատակը չի նշանակում, թե իրենք իշխանություն գալու նպատակ ունեն. «Այնուամենայնիվ իշխանափոխությունը մեզ համար նպատակ չէ, այլ միջոց երկրի վաղվա մոդելը ստեղծելու համար: Իշխանափոխությունը իշխանության գալու նպատակ չէ, այլ հնարավորություն տալու ժողովրդինՙ իշխանություն ձեւավորելու»: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ այսօր ժողովրդին առաջարկվող ընտրությունը նշանակում է ընտրություն ՀՀԿ-ի կամ Բարգավաճի միջեւ. «Ո՞ւմ ստրուկն եք ցանկանում լինել»: Խմբագիրը կոչ արեց մերժել մեր երկրում եղած ընտրական համակարգը, որով ձեւավորվում է այսպիսի իշխանություն:

«Դուք լրագրող եք, թերթի գլխավոր խմբագիր, «Այլընտրանքում» լինելը որքանո՞վ կազդի ձեր մասնագիտության վրա» «Ազգ»-ի հարցին «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը պատասխանեց, որ ինքը եւ իր խմբագրակազմի անդամներն իրենց գործունեության ընթացքում առաջ են շարժվել քաղաքացիության կանխավարկածով: «Ես նախ եւ առաջ ՀՀ քաղաքացի եմ եւ իմ հրապարակումներում առաջ եմ տարել «Այլընտրանք»-ի հիմքում եղած գաղափարները», ասաց Ն. Փաշինյանը, շրջանցելով լրագրության դասական կանոններից մեկըՙ լրագրողը դադարում է լրագրող լինելուց, երբ դառնում է քաղաքական գործիչ::

Թե ժողովրդի որ հատվածն է պատրաստ լինել «Այլընտրանք»-ի հետ, նախաձեռնող խմբի անդամները դժվարանում են ասել, բայց գիտեն, որ իրենք փնտրում են ոչ թե լավ, հրաշալի մարդկանց, այլ «այս ընտրությունը հասկացող մարդկանց: Մեր գործընկերներն են բոլոր նրանք, ովքեր քաղաքական ասելիք ունեն, բայց քաղաքական դաշտը չեն տեսնում»: Նրանք նաեւ աջակցություն են փնտրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ:

Ինչ վերաբերում է վաղը Մինսկում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման ակնկալիքներին, Վահագն Խաչատրյանը համոզված է, որ այսօրվա իշխանությունները շարունակելու են այն քաղաքականությունը, որ ղարաբաղյան հարցը չլուծվի: Նախկին քաղաքապետը վստահ է, որ ոչ մի էական որոշում չի լինի, քանի որ Ալիեւի հայտարարություններից պարզ են դառնում, որ իրենք պատրաստ չեն զիջումների:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4