«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2006-11-24 | #226, 2006-11-25 | #227, 2006-11-28


ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ

Այժմյան Հանրապետության հրապարակը, որի նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է, իր ճարտարապետական հորինվածքով աշխարհում լավագույններից է: Անկախությունից անմիջապես հետո Լենինի հրապարակը վերանվանվեց Հանրապետության, իսկ Լենինի հուշարձանը (հեղ. Ս.Մերկուրով) քանդվեց հիմնովին ու ապամոնտաժվեց:

Արդեն երկու շաբաթ է ինչ Հայաստանի ճարտարապետների միությունում կազմակերպվել է ցուցադրություն, որին ներկայացված են 23 մանրաքանդակներ ու մանրակերտեր: Հանրապետության հրապարակում նոր հուշարձանի տեղադրման համար հայտարարված մրցույթում, ըստ առաջարկի, ճարտարապետական առումով հուշարձանի տարրերն իր հորինվածքային միջոցներով պետք է ներդաշնակի հրապարակի կամարների սիմֆոնիային: Մրցույթի կազմակերպիչները շաբաթ օրը քննարկման էին հրավիրել ճարտարապետների, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Սակայն քննարկում, որպես այդպիսին չկայացավ, քանի որ կազմակերպիչներից որեւէ մեկը հարկ չէր համարել ներկայանալ ու բացատրություններ տալ: Մեկ ժամ սպասելուց հետո ներկաները հիասթափված հեռացան, իսկ լրագրողները ճիգեր էին գործադրում որեւէ տեղեկություններ ու կարծիքներ ստանալու համար: Երեւանցիները իրենց տեսակետներն էին արտահայտում մայրաքաղաքի հետագա ճակատագրով մտահոգված: Կարծիքները բաժանվում էին երկու մասի` ոմանք գտնում են, որ համապատասխան հուշարձանի տեղադրումը ճիշտ քայլ կլինի, իսկ ոմանք էլ կարծում են, որ Հանրապետության հրապարակը իր ճարտարապետական լուծումներով որեւէ նոր բանի կարիք չի զգում, միայն այնտեղից պետք է հեռացնել այդ մեծ գովազդային էկրանը, որտեղ անճաշակության գագաթնակետին հասնող հոլովակներ են պտտում: Ներկայացվել էին «Հաղթանակի կամար», «Վերածնունդ», «Արգիշտի արքա», «Նոյ նահապետ» հուշարձանները, թանգարան... թվով 23 աշխատանք: Իսկ թե ո՞րը կընտրվի դրանցից պարզ կլինի միայն մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո: Ցուցադրությանը ներկա մի քանի ճարտարապետների ու մտավորականների հետ զրույցից պարզ դարձավ, որ այն հապճեպ է կազմակերպված, Հայաստանի եւ սփյուռքի շատ հայտնի ճարտարապետներ ընդգրկված չեն մրցույթում:

«Ռոսիա» կինոթատրոնի, Մարզահամերգային համալիրի, Երիտասարդական պալատի ճարտարապետական խմբերի ղեկավար ճարտարապետ Հրաչյա Պողոսյանին խնդրեցի իր կարծիքը հայտնել ներկայացված աշխատանքների մասին: Պարոն Պողոսյանը կտրականապես դեմ է, որ հրապարակում որեւէ հուշարձան տեղադրվի: «Այսօր ժամանակը չէ... եթե երբեւէ լինի հուշարձան, ապա այն ժամանակի ծնունդը պետք է լինի, ինչպես եղավ բուն հրապարակի դեպքում: Երբ հրապարակից քանդվեց ու հեռացվեց արձանը, հրապարակը դրանից հետո չի տուժել այնքան, որ անպայման միջամտության կարիք ունենա: Հաշվի առնելով հրապարակի գեղարվեստական, ճարտարապետական մեծ արժեքը, կարծում եմ, որ դեռ պետք է սպասել, որպեսզի տարիների ընթացքում հարցը հասունանա: Չի կարելի շտապել ու նման մրցույթ հայտարարել: Սա սխալ գործընթաց է: Մենք արդեն այնքան շտապել ու սխալվել ենք մեր քաղաքի կառուցապատման մեջ, եւս մի սխալ թույլ տալը հանցանք է, պետք է զգույշ լինել նման մրցույթներ անցկացնելիս: Ես զարմանում եմ նաեւ այն մարդկանց վրա, որոնք համարձակվում են նման կարեւոր տեղի համար առաջարկություններ ներկայացնել: Ես, անկեղծ ասած կվախենայի... չնայած, որ տարիների փորձ ունեմ: Ես զգույշ կլինեի: Կարծում եմ, քննարկումները պետք է շարունակել, բացատրել մարդկանց, որ այս թեման շատ կարեւոր ու լուրջ է եւ այդպես էլ պետք է մոտենալ խնդրին, լինի դա իշխանավոր թե կատարող»:

Պրն Պողոսյանը դեմ էր ներկայացված 23 նախագծերին եւ նրա կարծիքը կիսում էին շատերը: Իսկ 15 օրվա ընթացքում միայն մեկ կարծիք էր գրանցվել առաջարկությունների մատյանում: Օգտվելով առիթից Հրաչյա Պողոսյանին խնդրեցի պատասխանել թե ի՞նչ կարծիք ունի օր-օրի փոխվող քաղաքի ճարտարապետական դեմքի ու ճաշակի մասին: «Կան եւ լավ եւ վատ բաներ, միանշանակ չեմ կարող ասել: Այն, որ քաղաքը խտանում է, արդեն զայրացուցիչ է, որովհետեւ գոյություն ունեն հատուկ նորմեր թե մեկ հեկտարի վրա քանի մարդ կարող է ապրել քաղաքում: Երբ խախտում ենք այդ նորմերը, մարդկանց կյանքը դառնում է անթույլատրելի ապրելու համար: Իսկ նոր կառուցված շենքերը, անկախ դրանցից գեղեցիկ են թե ոչ, պետք է հարմար լինեն, որպեսզի մարդկանց ապրելակերպը չխաթարվի, իսկ մեզ մոտ ամեն բան խաթարված է ու իրար խառնված: Դա շատ վտանգավոր է», պարզաբանեց պրն Պողոսյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4