«Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի 5-րդ հաշվետու-ընտրական համաժողովը: Հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա անդրադարձավ նախընտրական նախորդ ծրագրի հիմնական կետերին` մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում, ներդրումների միջոցով նյութատեխնիկական բազայի բարելավում ու ընդլայնում, ֆինանսական գործունեության թափանցիկության ապահովում, ֆուտբոլային ենթակառուցվածքների փոփոխության իրականացում եւ այլն:
Անդրադառնալով մանկապատանեկան ֆուտբոլի հիմնախնդիրներին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ անցած չորս տարիներին զգալի աշխատանք է կատարվել մարզադպրոցներում խաղադաշտերի որակի բարելավման, մարզումային նորմալ պայմանների ստեղծման, գույքով եւ հանդերձանքով պատանի ֆուտբոլիստներին ապահովելու ուղղությամբ: Եվ որպես նշված բարեփոխումների հետեւանք, մանկապատանեկան ֆուտբոլում որոշակի հաջողություններ են արձանագրվել: Եթե մինչեւ 2002 թ. Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականին ոչ մի անգամ չէր հաջողվել հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլի արգելքը` անցկացրած 25 հանդիպումներից միայն երկուսում հաղթելով, երկուսն էլ ավարտելով ոչ-ոքի, ապա վերջին չորս տարիներին ավելի շատ հաղթանակներ է տոնել` առաջին անգամ մտնելով հաջորդ փուլ:
Ավելի ակնհայտ են մեր մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականի հաջողությունները: Մինչեւ 2003 թ. միայն մեկ անգամ էին մեր պատանիները հաղթահարել առաջին փուլի արգելքը` 27 հանդիպումներից 22-ում զիջելով մրցակցին: Իսկ ահա վերջին չորս տարիներին հավաքականը 2 անգամ հաղթահարել է առաջին փուլը, իսկ անցյալ տարի իր պատմության մեջ առաջին անգամ մեր պատանիները հանդես են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
Անցած տարվանից ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ մեր մարզիկների համար որակավորման դասընթացներ են անցկացվել, որոնք նպաստել են մեր երիտասարդ մասնագետների որակավորման բարձրացմանը: Ռուբեն Հայրապետյանը նաեւ խոստովանեց, որ առայժմ չի հաջողվել ստեղծել իրոք մարտունակ ազգային հավաքական եւ այս ուղղությամբ քայլ առ քայլ առաջ են շարժվում: ՀՖՖ նախագահը խոսեց նաեւ կատարված այլ աշխատանքների մասին, իսկ համաժողովի մասնակիցները, անշուշտ միաձայն, ֆեդերացիայի գործունեությունը գնահատեցին դրական:
Այնուհետեւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը: Վերջին երկու տարիներին ֆեդերացիայի ընդհանուր դրամական մուտքերը կազմել են 6 մլն 849.209 դոլար: Ընդ որում, 500 հազար դոլար ստացվել է ՖԻՖԱ-ից, 3 մլն 78.784 դոլար` ՈՒԵՖԱ-ից: Խաղերի հեռուստաիրավունքից ստացված գումարը կազմել է 872.066 դոլար, պետբյուջեից հատկացվել է 232.745 դոլար, ազգային առաջնության մուտքավճարներից եւ թիմերի տուգանքներից` 265.434 դոլար: Հովանավորները ֆեդերացիա են փոխանցել 327 հազար դոլար, 696.026 դոլարի արժողությամբ էլ մարզական գույք ու հանդերձանք է բաշխվել ակումբներին ու մարզադպրոցներին: Ֆեդերացիայի ծախսերը կազմել են 4 մլն 592.408 դոլար: Այդ գումարից 1 մլն 480 հազար դոլարը ծախսվել է հավաքականների վրա, 392.469 դոլար կազմել են վարչական ծախսերը եւ այլն:
Ֆինանսական հաշվետվությունը հաստատելուց հետո տեղի ունեցան ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները: Հաշվի առնելով, որ միակ թեկնածուն գործող նախագահն է եւ նման դեպքերում ֆեդերացիայի կանոնադրությունը թույլատրում է նաեւ բաց քվեարկություն, որոշվեց նման եղանակով անցկացնել ընտրությունները: Դարձյալ եւ անշուշտ միաձայն ՀՖՖ նախագահ վերընտրվեց Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս ներկաներին շնորհակալություն հայտնեց իր հանդեպ դրսեւորած վստահության համար եւ խոստացավ առաջիկա չորս տարիներին էլ աշխատել հանրապետությունում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Ընտրվեց 17 հոգուց բաղկացած գործկոմի կազմ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Վերջինիս առաջարկությամբ գործկոմի կազմում ընդգրկվեցին նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Գոռ Հակոբյանն ու Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Գործկոմի կազմում են նաեւ Վահրամ Առաքելյանը, Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Միքայել Զաքարյանը, Սարգիս Իսրայելյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Կառլոս Ղազարյանը, Էդուարդ Ղազարյանը, Էդիկ Մարգարյանը, Տարոն Մարգարյանը, Արտակ Մնացականյանը, Ռուբեն Սինոյանը եւ Հովհաննես Վարյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ