«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2006-11-25 | #227, 2006-11-28 | #228, 2006-11-29


ԱՌԱՆՑ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային ընթացքի մասնակիցներին հիշեցրել է իր տեսակետն այն մասին, որ հնարավոր չէ հասնել կայուն եւ երկարաժամկետ խաղաղությանՙ առանց Խորհրդային Ադրբեջանից եւ Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականների խնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու:

«Բոլորի համար պետք է պարզ լինի, որ հայ փախստականները չեն վերադառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածք, քանզի նրանց կյանքին այնտեղ վտանգ է սպառնում, իսկ հայատյացությունը Ադրբեջանում ավելի է խորանում: Մենք հայտարարում ենք, որ հայ փախստականներն իրավունք ունեն վերաբնակվել նախկին Աղդամում ու Ֆիզուլիում, Քաշաթաղում ու Քարվաճառում, ներկայիս անվտանգության գոտի կոչված ողջ տարածքում: Փախստականների այս իրավունքին պիտի սատար կանգնեն Հայաստանի իշխանությունները, քանի որ դա նրանց պարտքն է», ասված է հայտարարության մեջ:

Մինչեւ նոյեմբերի վերջ քաղաքացիական հասարակության ցանցը ԼՂՀ Ազգային ժողով կներկայացնի «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի լրամշակված տարբերակը, որով Խորհրդային Ադրբեջանի ողջ հայությունը հնարավորություն կստանա դառնալու ԼՂՀ լիարժեք քաղաքացի:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4