Հասարակությանը քաղաքական լավ սցենարիստներ են պետք
«Մենք այսօր ապրում ենք մի երկրում, ուր մի քանի հարյուր մարդուց կազմված խումբը, իրար դեմ փնթփնթալով, այնուամենայնիվ, ողջ քաղաքական, տնտեսական, ֆինանսական իշխանությունն իր ձեռքում է պահում եւ անպատժելի է: Այսինքն, չկա դրսում մի կառույց, որ իրենց պատժի, չկա ներսում կազմակերպված հասարակություն, որ պատժի, չկա դատարան, որ պատժի: Այդպիսի բան չի եղել նույնիսկ Խորհրդային Միությունում», Հայաստանում տիրող ներկա իրավիճակը երեկ «Փաստարկ» ակումբում այսպես բնորոշեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Իշխանությունը պահելու ընդհանրական շահը ժամանակավորապես միավորել է հակասություններ ունեցող իշխանական տարբեր ուժերի, եւ նրանք այսօր հզոր ուժ են դարձել:
Ներքաղաքական վիճակը ընտրություններից առաջ հատկանշվում է այդ ուժի դեմ տարաբնույթ շարժումների ձեւավորմամբ: Ոչ ոք, ո՛չ ժողովուրդը, ո՛չ ընդդիմության տարատեսակ արտահայտությունները վստահություն չունեն, որ գալիք ընտրություններն արդար են լինելու: Ընտրակեղծիքներ արած նույն մարդիկ են իշխանության մեջ, եւ նրանցից ոչ ոք չի պատժվել:
Վազգեն Մանուկյանի համոզմամբ, եթե ընտրություններից առաջ ընդդիմությունը չհամախմբվի, եթե հասարակական շարժումը մեծ թափ չառավ, դժվար թե սպասվող ընտրությունները որեւէ դրական բան տան Հայաստանին: Նման պայմաններում անիմաստ է դառնում նաեւ ընտրություններին մասնակցելը, քանի որ նույնիսկ 5 տոկոսը հաղթահարելու դեպքում ոչ իշխանական կուսակցությունները խորհրդարանում ընդամենը ստատիստի դեր պիտի խաղան:
Ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման վերաբերյալ օրենքի նոր դրույթը, ըստ Վազգեն Մանուկյանի, ընտրությունները կեղծելու ավելի ռեալ հնարավորություն է տալիս: Իշխանությունների սեղանի վրա է լիցենզիա ունեցող 20-30 հազար մարդկանց ցուցակը, նրանց թույլ կողմերն օգտագործելով, նրանք ներգործության լծակներ կկիրառեն եւ այդ մարդկանց իրենց կողմը կդարձնեն: Եվ եթե իշխանություններն այսօր խոսում են ընտրություններն արդար անցկացնելու մասին, ապա նրանք նկատի ունեն, որ ընտրակեղծիքներն այնպիսի մակարդակով կկազմակերպեն, որ դրանք աննկատ կանցնեն:
Նման իրավիճակում ԱԺՄ առաջնորդն անիմաստ է համարում քաղաքացիական մասնատված շարժումների նախաձեռնությունները: Հասարակությունը, ժողովուրդը մինչեւ կանոնավոր, միասնական ճակատ չկազմեն, բաժան-բաժան գործող ջոկատները չմիանան, բանակ չկազմեն, ոչ մի բան չի ստացվի:
Բայց հասարակական տրամադրություններն արդյոք համարժե՞ք են այս պահին համակարգը քանդելու տարբեր ծրագրային ցանկություններին: «Ազգի» այս հարցադրմանը Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Կյանքը ցույց է տալիս, որ ամեն պահ աշխարհում հասարակությունն անսպասելի ձեւով մեկ էլ տեսար ակտիվանում է: Արթնանում է, եթե իրեն առաջարկում են վստահելի սցենար, եթե այդ սցենարն անձնազոհ տանում են դարձյալ վստահելի մարդիկ: Այդ տեսակետից հասարակությունը միշտ էլ պատրաստ է»:
Եվ հասարակությունը իր ժողովրդով ու կուսակցություններով միասնական կդառնա, եթե գտնվեն նրան համախմբող սկզբունքներ, կեղծված սահմանադրության փոխարեն լինի սեփական, ճշմարիտն ունենալու հաստատակամություն:
Շարունակելով ԱԺՄ առաջնորդի տրամաբանությունը, ամփոփենք, որ Հայաստանին այս պահին, եւ նախորդ ընտրություններից առաջ էլ, վստահելի, լավ քաղաքական սցենարիստներ են պակասել եւ պակասում:
Առաջիկա 15-20 տարում Հայաստանը դժվար Եվրոմիություն մտնի
ԱԺՄ նախագահի համոզմամբ, եվրոպական արժեքները 80-90 տոկոսով հարազատ են մեր ժողովրդի հոգեբանությանն ու արժեքային նույն համակարգերին: Բայց` «առաջիկա 15-20 տարվա ընթացքում Հայաստանը Եվրոմիության անդամ չի դառնա, եւ կարող է երբեք չդառնալ: Մեզ պետք է Եվրոմիության արժեքներ ընդունել ինքնուրույն, ոչ թե վերցնել այն, ինչ իրենք պարտադրում են, իշխանություններն էլ վերցնում են դրանք` կեղծելով:...Հիմա իրադարձությունները հուշում են, որ Թուրքիային հնարավոր է չընդունեն Եվրոմիություն: Եվ եթե Թուրքիան չմտնի, դժվար թե Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին մտցնեն Եվրոմիություն»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ