Գագաթաժողովը կարծես ոչինչ տեղից չշարժեց
ԱՊՀ տասնհինգ տարվա գործունեությունը երեկվա գագաթաժողովի շրջանակներում այնքան էլ տոնական տրամադրություններով չէր արտահայտվում: ԱՊՀ երկրների միջեւ բավականին շատ խնդիրներ են կուտակվել, որոնք ի սկզբանե ԱՊՀ անդամ երկրների նախագահների երկկողմ հանդիպումների անհրաժեշտություն են ձեւավորել:
Ամեն դեպքում, ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովի հերթական նիստը հյուրընկալ Բելառուսի ազգային գրադարանի շենքում տեղական ժամանակով ժամը 12-ին բացեց երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը ԱՊՀ 11 երկրների ղեկավարներին ինտեգրման խորացման ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանք տանելու կոչ արեց: Նեղ շրջանակով ԱՊՀ գագաթաժողովին Լուկաշենկոն նշեց, որ ԱՊՀ երկրներին առաջին հերթին հարկ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, կոլեկտիվ ուժերով ապահովել ԱՊՀ քաղաքացիների հիմնական սոցիալական իրավունքները եւ երաշխիքները: Ընդգծելով, թե ԱՊՀ երկրների առջեւ ներկայումս առկա են շրջակա միջավայրի պահպանության, մշակույթի, գիտության եւ կրթության զարգացման մեծ համատեղ խնդիրներ, Լուկաշենկոն ԱՊՀ գլխավոր ձեռքբերում համարեց համագործակցության նպատակաուղղվածության պահպանումը: Բելառուսի նախագահն ընդունեց ԱՊՀ շրջանակներում որոշ խնդիրների դեռեւս լուծված չլինելը, հավելելով, որ դա բնավ էլ չի նշանակում, թե դրանք կորցրել են արդիականությունը: Ըստ Լուկաշենկոյի, ԱՊՀ կառույցի միջոցով հնարավոր եղավ խուսափել նախկին խորհրդային հանրապետություններին հետխորհրդային տարածքում առճակատումների մեջ ներգրավելուց: Կարճ խոսքով հանդես եկավ նաեւ ԱՊՀ ներկա ղեկավար, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` կարեւորելով ԱՊՀ բարեփոխումը:
Գագաթաժողովի օրակարգով առաջին հարցը նվիրված էր Անկախ պետությունների համագործակցության տասնհինգամյա գործունեության արդյունքներին: Ինչպես եւ սպասվում էր, քննարկման հիմնական թեման ԱՊՀ արդյունավետության բարձրացման մասին զեկույցն էր` ԱՊՀ կատարելագործման առաջարկներով: Զեկույցը վերաբերում էր ԱՊՀ եւ դրա կառույցների արդիականացմանը, նոր իրողություններին, դրանց հարմարեցմանը պրագմատիկ, հավասարակշռված մոտեցմանը, ԱՊՀ գոյության տասնհինգ տարիների դրական կողմերի պահպանմամբ հասունացող բարեփոխումները համադրող մոտեցումների հիման վրա: Հիշեցնենք, որ հիշատակված զեկույցը պատրաստելու համար դեռեւս 2005 թվականի գագաթաժողովի ընթացքում ստեղծվել էր ԱՊՀ բարձր մակարդակի խումբ` Իմաստունների խումբ, որը եւ հեղինակել է ԱՊՀ բարեփոխման ու արդիականացման փաստաթուղթը:
Գագաթաժողովի աշխատանքներին չմասնակցեց ԱՊՀ անդամ երկրներից միայն Թուրքմենստանի նախագահը: Նրա փոխարեն քննարկումներին մասնակցեց Թուրքմենստանի կառավարության փոխվարչապետ, առողջապահության եւ բժշկական արդյունաբերության նախարարը:
Հետաքրքրական է, որ վրացական աղբյուրները նշում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հնարավոր հանդիպման մասին, մինչդեռ ռուսաստանյան աղբյուրները ի սկզբանե հայտարարեցին, որ նման հանդիպում չի կայանա: Դրա փոխարեն նախատեսված էին ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումները Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
ԱՊՀ գագաթաժողովի ընդլայնված նիստից հետո նախապես ասուլիս էր հայտարարված, որին պիտի մասնակցեին ԱՊՀ անդամ երկրների նախագահները: Սակայն ասուլիսին ներկայացան միայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն: Նեղ կազմով ասուլիսում Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ այս գագաթաժողովը 15-ամյա գործունեության ամփոփում էր: 15 տարի առաջ, դեկտեմբերի 21-ին Ղազախստանում որոշում ընդունվեց ԱՊՀ ստեղծման մասին. այսօր, ըստ Նազարբաեւի, կարելի է վստահորեն ասել, որ այդ փաստաթուղթն արդարացրել է իրեն: ԱՊՀ ներկա վիճակը ինտեգրացիոն գործընթացների արդյունք չի կարելի համարել, թեեւ Նազարբաեւի խոսքով, այդ փաստաթղթի շատ կետեր եւ հետագայում ընդունված շատ փաստաթղթեր չեն իրականացվել:
Երեկվա գագաթաժողովում մանրամասն քննարկվել է ԱՊՀ ապագան եւ այդ առնչությամբ Նազարբաեւն ավելացրեց, որ նախապես Ղազախստանն առաջարկել էր ԱՊՀ բարեփոխման հարցը քննարկել այս գագաթաժողովում:
Գագաթաժողովի մասնակիցները համակարծիք են եղել ԱՊՀ-ն արդիականացնելու հարցում: Ղազախստանն առաջարկներ է ներկայացրել, որոնք քննարկվել են գագաթաժողովում: Արդյունքում որոշվել է հանձնարարական տալ արտգործնախարարների խորհրդինՙ մշակել ԱՊՀ բարեփոխման հայեցակարգ եւ դա ներկայացնել մինչեւ հունիսի 1-ը: Նազարբաեւի գնահատմամբ, հանդիպումն անցավ կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտում:
Հնչած մի քանի հարցերից առանձնացնենք Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին վերաբերողը: Ըստ այդմ, թե ինչպիսին կարելի է տեսնել ԱՊՀ դերակատարությունը Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների առումով, Նազարբաեւը պատասխանեց, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին գագաթաժողովի շրջանակներում մտքերի արդյունավետ փոխանակություն են ունեցել: Սակայն դրանից ավելի ոչինչ չհրապարակվեց:
Գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է փաստաթղթերի մեծ փաթեթ, քննարկվել են տնտեսական, անվտանգության եւ կայունության ոլորտներին վերաբերող հարցեր: Չի համաձայնեցվել մեկ կետՙ ԱՊՀ անդամ երկրների միջեւ պետական սահմանների պայմանագրաիրավական ձեւակերպման մասին ԱՊՀ երկրների նախագահների հայտարարության նախագիծը: Պետական սահմանների առնչությամբ հարց է բարձրացրել ուկրաինական կողմը, բայց դրա նախնական քննարկմանը դեմ է արտահայտվել ԱՊՀ անդամներից մեկը, ինչը բավարար էր հարցը չքննարկելու համար: Ռուշայլոն, սակայն, չմանրամասնեց, թե որ երկիրն է դեմ արտահայտվել:
Հաջորդ գագաթաժողովը կլինի Դուշանբեում: Ընդհանուր առմամբ հետաքրքրական էր, որ Ղազախստանի նախագահը բազմիցս ընդգծեց, որ ԱՊՀ շրջանակներում շատ որոշումներ են ընդունվում, բայց դրանց 70 տոկոսը չի իրականացվում եւ ուղղակի պետք է հասնել արդյունավետության:
Գագաթաժողովում քննարկված փաստաթղթերին ավելի մանրամասն դեռ կանդրադառնանք:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մինսկ