Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մոհամմադ Ռեզա Էսքանդարի հետ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը, ի թիվս գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերի, քննարկել են նաեւ երկու երկրների տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված տեղաշարժերը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից: Հայաստանի վարչապետն ու Իրանի գյուղնախարարը հատկապես ընդգծել են էներգետիկայի բնագավառում համագործակցությունըՙ Իրան-Հայաստան գազատարի կառուցում, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործում, Արաքս գետի վրա համատեղ կառուցվելիք ՀԷԿ: Տրանսպորտային ծրագրերից նշվել է Հայաստան-Իրան նորՙ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որը կդյուրացնի երկու երկրների միջեւ տրանսպորտային փոխադրումները եւ Հայաստանը ավելի գրավիչ կդարձնի հյուսիս-հարավ տարանցիկ փոխադրումների համար: Ինչպես նաեւ կարեւորվել է դեռեւս նախնական քննարկման փուլում գտնվող Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղային գծի կառուցման հարցը:
Ա. Մ.