Սփյուռքի հայտնի ազգային-հասարակական գործիչ, գրող հրապարակախոս Ժիրայր Նայիրիի խմբագրությամբ Բեյրութում լույս է տեսել Հովհաննես Չիլինկիրյանի «Սուտերու եւ երազներու զոհ...» 780 էջից բաղկացած աշխատության առաջին հատորը, որը հեղինակը նվիրել է «Տխրայուշ 90-ամյակին բոլոր ժամանակներու մեծագույն հայկական ցեղասպանության, Մեծ եղեռնի անմեղ զոհերուն եւ հայ դատի պայքարի դիւցազն նահատակներուն սրբալոյս յիշատակին... նաեւ ներկայ ու գալիք պահանջատէր եւ արիասիրտ նոր սերունդներուն, որ անվհատ ու հաւատալից կամքով շարունակեն իրենց նախնիներուն արդարատենչ մարտնչումը` մինչեւ ձեռք բերումը արդար հատուցման»:
Հովհաննես Չիլինկիրյանն իր ամբողջ գիտակցական կյանքով ու որդիական հավատարմությամբ ծառայում է իր ժողովրդին, հաստատակամությամբ հանդես գալիս Հայկական հարցի թուրք եւ այլ կեղծարարների դեմ: Նա միաժամանակ բարերար է: Այդ նրա ջանքերով է փրկվել ու հայոց նոր սերունդների սեփականությունն է դարձել տաղանդավոր բանաստեղծ, ազգային գործիչ, թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սեւակի գրական ժառանգությունը:
Հովհաննես Չիլինկիրյանը, պատասխանատվությամբ ու վճռականությամբ պաշտպանում է ու զարգացնում Ռուբեն Սեւակի գաղափարները: Այս գործում անգնահատելի դեր է խաղում Նիս քաղաքում նրա հիմնադրած Ռուբեն Սեւակի հիշատակի տունը: Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ տպագրվել են հայ ժողովրդի պատմության, հայագիտության վերաբերյալ երկու տասնյակից ավելի գրքեր:
Վաստակաշատ գործիչը հոգ է տանում նաեւ Երեւանում գտնվող Ռուբեն Սեւակի անվան դպրոցի նկատմամբ, իր ուշադրության կենտրոնում պահելով դպրոցի կյանքին վերաբերող բոլոր խնդիրները...
Ահա, սիրելի ընթերցող, մենք գործ ունենք այժմ Հովհաննես Չիլինկիրյանի նոր աշխատության հետ:
Ինչի՞ մասին է «Սուտերու եւ երազներու զոհ...» գիրքը: Դժվար է, իհարկե, մի գրախոսականով պատասխանել այդ հարցին, նկատի ունենալով աշխատության մեջ քննարկված խնդիրների ու պրոբլեմների բազմազանությունը:
Ճիշտ է, այդ պրոբլեմներն ու խնդիրները վերաբերում են հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններին եւ առաջին հայացքից թվում է, թե Հ. Չիլինկիրյանը շարադրում է ընթերցողին ծանոթ փաստեր եւ իրողություններ: Բայց դա այդպես է միայն առաջին հայացքից, որովհետեւ գիտնական հեղինակը նշված փաստերն ու պրոբլեմները բացահայտում եւ մեկնաբանում է յուրովի, հաճախ նաեւ բացառիկ, բայց եւ արդարացված անողոք սթափությամբ:
Հենց հեղինակի առաջաբանի առաջին տողերից ընթերցողը հանդիպում է այդ անողոքությանը:
«Հարգելի ընթերցող_դիմում է Հ. Չիլինկիրյանն առաջաբանի սկզբում, -պիտի խնդրենք, որ չկարդաք այս գիրքը»: Եվ ահա հեղինակի ցանկությամբ այդ գիրքը չպետք է կարդան նրանք, ովքեր չունեն «ցավը Արեւմտյան Հայաստանին, մեր Մեծ Հայրենիքին կորուստին ցավը»:
Ինչո՞ւ: «Որովհետեւ, բացատրում է Հ. Չիլինկիրյանը, մեր գրածները ձեր սրտին ու մտքին պիտի չխոսին»:
Այնուհետեւ հեղինակը պահանջում է. «Մի կարդաք այս գիրքը...» եթէ դաշնակցութիւն կուսակցութեան կը պատկանիք... եթէ աղանդաւոր ղեկավարներու լոզունգներուն եւ անոնց սուտ պատմութիւններուն կը հաւատաք»:
Հեղինակը պահանջում է նաեւ չկարդալ այս գիրքը, «եթէ սիոնիզմ ըսուած հրեշին ճիւղաւորումներէն մեկը եղող ֆրամսոնութեան կը պատկանիք: Որովհետեւ սա կը նշանակէ, որ դուք հոգին ծախած եք ձեր ժողովուրդը ցեղասպանութեան ենթարկածներուն, ձեր պատմական հայրենիքի գողութեան մեղսակցածներուն: Կողմ եք ու հանդուժող մարդկային ու ազգային անիրավութիւններուն: Ձեր հոգիին մէջ հայկականութեան նշույլ մ`անգամ չի մնացած»:
«Այս գիրքը, -հռչակում է հեղինակը,- հայ մեծ ազգը կործանումի մատնող կեղծ ազգասէր հայ առաջնորդներուն դէմ` Անեծքագիր մըն է:
Այս գիրքը հայ անարժան առաջնորդներուն կատարած դաւաճանութիւններուն դէմ ընդվզումի աղաղակ մըն է»:
Կարդալով Հ. Չիլինկիրյանի աշխատությունն, ընթերցողն անպայման կհամոզվի, որ հեղինակը հավատարիմ մնալով իր դավանած սկզբունքներին, պսակազերծ է անում բոլոր նրանց, ովքեր ազգասերի դիմակ հագած, գործել են հայ ժողովրդի դեմ, նրան պատճառել անչափելի կորուստներ:
Այս առումով Հ. Չիլինկիրյանը հանգամանորեն անդրադառնում է հատկապես Դաշնակցության գործելակերպին` երիտթուրքերի հետ համագործակցելուց մինչեւ Հիտլերին զինակցելն ու ԱՄՆ-ի շահերին ծառայելը: Այդ ամենին անդրադառնալիս Հ. Չիլինկիրյանը բերում է փաստեր, որոնցից շատերին տեղյակ չէ մասսայական ընթերցողը:
Հ. Չիլինկիրյանն անտարբեր չի մնացել նաեւ ՀՀՇ-ի գործունեության նկատմամբ եւ հավաստի փաստերով մերկացնում է հհշական լիդերներին, որոնք գաղտնի բանակցությունների մեջ էին մտել Թուրքիայի «Գորշ գայլերի» պարագլուխների հետ:
Հ. Չիլինկիրյանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ բարեկամությունն ամրապնդելու դիրքերից: Հանգամանորեն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ պատմությունը, հեղինակը սուր քննադատության է ենթարկում հայ իրականության մեջ Ռուսաստանի դեմ հանդես եկողներին եւ նրանց հիշեցնում, որ այսօրվա Հայաստանը գոյություն ունի Ռուսաստանի կազմի մեջ գտնվելու շնորհիվ, այդ «մոռացկոտներին» մատնացույց անելով արեւմտահայության ճակատագիրը:
Հեղինակը հանգամանորեն քննարկում է սիոնիզմի պրոբլեմը, բացահայտում նրա վնասակար դերը ինչպես հայ, այնպես էլ աշխարհի մյուս ժողովուրդների ճակատագրում: Այս առումով նա մերկացնում է ԱՄՆ-ի վարչակարգի ամբողջ քաղաքականությունը:
Ասենք նաեւ, որ հեղինակը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում զարգացող իրադարձություններին, որդիական ցավ է ապրում տեղ գտած թերությունների համար, անխնա, բայց ճիշտ դիրքերից քննադատում Հայաստանի իշխանության մեջ գտնվողներից նրանց, ովքեր չեն ափսոսում Հայաստանը, ովքեր իրենց եսասիրական շահերի համար պատրաստ են Հայաստանը վերածել ավերակույտի:
Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանը դեռեւս չի դարձել ուսումնասիրողների ու հետազոտողների ուշադրության առարկան: Զգալի է նոր ժամանակաշրջանի վերաբերյալ անաչառ, անկողմնակալ քննարկման պակասը: Իհարկե, այստեղ որոշակի դեր է խաղում նորագույն շրջանի պատմության նկատմամբ նեղ, կուսակցական կորպորատիվ մոտեցումը, երբ, դժբախտաբար, պատմության նորովի իմաստավորման անվան տակ թույլ են տրվում բազում կեղծիքներ, աղավաղվում պատմական փաստեր:
Սակայն ի պատիվ Հ. Չիլինկիրյանի վստահաբար կարելի է ասել, որ նա իր նոր աշխատությամբ լուրջ ներդրում է կատարում հայ ժողովրդի նորագույն ժամանակաշրջանի պատմագրության մեջ: Նա օբյեկտիվ պատմականության դիրքերից մերկացնում է ոչ միայն թուրք կեղծարարներին, որոնք ամեն կերպ փորձում են խուսափել Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու պատասխանատվությունից, այլեւ նրանց պաշտպանող արեւմտյան հեղինակներին:
Վերջապես Հ. Չիլինկիրյանն անաչառ դիրքերից քննադատում է հայրենի այն հետազոտողներին, որոնք սեփական ժողովրդի նորագույն ժամանակաշրջանի պատմության շատ կարեւոր պրոբլեմներ քննարկելիս դրսեւորում են, մեղմ ասած, անբարեխղճություն, պատմական իրադարձությունները վերլուծում են ոչ թե օբյեկտիվորեն, այլեւ դրանց նայում իրենց զանգակատնից:
Որքան ինձ հայտնի է, Հ. Չիլինկիրյանն այսօր էլ նույն եռանդով շարունակում է գրել իր աշխատության երկրորդ գիրքը: Ուստի ցանկանք ազգային-հասարակական գործիչ ու գիտնական Հովհաննես Չիլինկիրյանին ամուր առողջություն եւ հաջողություններ, հույս ունենալով, որ շուտով նա հայ ընթերցողին նորից կուրախացնի, նրա ուշադրությանը ներկայացնելով գրախոսվող աշխատության երկրորդ գիրքը:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ