Ֆրանսիայի օրհներգը հայտնի Մարսելյեզն է, Մեծ Բրիտանիայինըՙ հանուն թագուհու երկարակեցության ոսոխին ջարդելու կոչ անող մարտերգ, Թուրքիայի օրհներգըՙ «այլանդակ» Եվրոպայի դեմ պայքարելու կոչ-մարտերգ: Եվ այս երկրներում այսօր էլ նշված օրհներգերը գործող են ու հպարտության առիթ տվյալ երկրի բնակիչների համար: Մերՙ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս ունեցածը «Մեր հայրենիքն» է, որին հավան ենք, թե չէ, սակայն չընդունել չենք կարող, որ անցել է պատմական ուղի, ազգային-ազատագրական պայքարում եղել ոգեշնչման աղբյուր: Վերջինը արդեն ոչ միայն հայոց պատմությամբ ապացուցված հիմնի համար պարտադիր դարձած պայման է, որը հետին տարածք է մղում նրա գեղարվեստական արժեքի կարեւորությունը: Այս փաստարկը սակայն մերօրյա իշխանությունների համար պատշաճ նշանակություն կարծես չունի: Օրենսդիրը երեկ մի ողջ աշխատանքային օրՙ արտահերթ մի նիստ նվիրեց գործադիրի հետ համատեղ հղացած ներկայացմանըՙ ՀՀ օրհներգը թողնել, թե փոխելու հարցի քննարկմանը: Բազմաելույթ, երկարատեւ, բայց զարմանալիորեն համակարծություն արձանագրած քննարկմանը տարբեր խումբ-խմբակցությունների օրենսդիրները որքան էլ փնտրեցին, չգտան օրհներգը փոխելու իրավական հիմքը, որը գործադիրի ներկայացուցիչ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հասարակության պահանջով բացատրեց: «Օրհներգի մասին» օրինագծի անհրաժեշտությունը թելադրված է հանրաքվեով ընդունված սահմանադրության փոփոխությունների, այսինքնՙ արդեն գործող ՀՀ սահմանադրության ենթադրած օրենսդրական փոփոխություններով:
Հարցի առնչությամբ ասելիք ունեին ոչ միայն տասնմեկ պատգամավորներ, այլեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր ելույթ ունեցող, ընդգծելով հանդերձ օրինագծի անկատարությունը, այնուամենայնիվ կենտրոնացավ օրհներգը փոխել-չփոխելու խնդրին, որն, ըստ էության, շինծու է: Ի թիվս տարբեր զգացմունքային մոտեցումների, պատմական անդրադարձների եւ քաղաքական մեծ ու փոքր շահարկումների, եղան նաեւ օրինագծի լրամշակմանը նպաստող առաջարկներ եւ շատ կարեւոր հիշեցում, որ օրինագիծն ավելի ճիշտ կլիներ վերանվանել «Օրհներգն օգտագործելու մասին»: Սրանից էլ անկախ առաջարկվեց հստակորեն սահմանել, թե որ դեպքերում չի կարելի օրհներգն օգտագործել, արժեզրկումն ու ծաղրանքը կանխարգելող դրույթ ներմուծել, հանրակրթական դպրոցներում յուրաքանչյուր երկուշաբթի դասերից առաջ հնչեցնել, սահմանել օգտագործման չափըՙ օրհներգը կրճատ հնչեցնելու հեռանկարից զերծ պահելու նպատակով եւ այլն: Սակայն գործադիրի եւ օրենսդիրի անհամաձայնությունը մեծապես արտահայտված է երկու կետումՙ «Մեր հայրենիքը» նշել որպես օրհներգ եւ հրաժարվել անցումային կոչված դրույթներից, որոնցով պարտավորություն է դրվում մեկ տարի անց նոր օրհներգ ունենալու:
Վահան Հովհաննիսյանի հավաստմամբՙ այս երկու կետերից կառավարության չհրաժարվելու դեպքում ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին: ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանի հավաստմամբՙ Հանրապետականը համաձայն կլինի մեկ տարի ժամկետի վերացման դեպքում, ինչին արդեն իսկ նախարարը համաձայնություն արտահայտեց: ՄԱԿ-ը ազատ է քվեարկելու, բայց Գուրգեն Արսենյանն անձնապես դեմ է «Մեր հայրենիքին»: ՕԵԿ-ը համակարծիք է ՀՅԴ-ի հետ, «Արդարությունը»ՙ նույնպես: Իսկ կոալիցիայի նման ծայրահեղ մոտեցումն օրինագծին արդյոք հիմք չէ՞ ՀՅԴ համար կոալիցիայից դուրս գալու համար, Վիկտոր Դալլաքյանի հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանը հայտնեց. «Կոալիցիայի մեջ ներառված կուսակցությունները նույն կուսակցությունը չեն»:
Օրհներգը մեկ օրում, մրցույթում կամ պատվերով չպետք է ստեղծվի, այդպիսի ծագմամբ օրհներգը, որքան էլ հզորՙ կարող է զիջել պատմական անցյալի ուղեկից եղած համարժեքին: Իսկ թե մեր երկրում երբ եւ հանուն ինչի կարող է լինել համազգային արարչական ոգեւորությունՙ հազիվ թե հնարավոր լինի ասել: Այնպես որ ունեցածը դեռեւս «Մեր հայրենիքն» է, որի ճակատագիրը թերեւս առաջիկա քվեարկությամբ չվճռվի:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ