«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

Սակայն դա կողմերին չի երաշխավորում տհաճ անակնկալներից

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հռոմի պապի այցն իրադարձություն է յուրաքանչյուր երկրի, առավել եւս Թուրքիայի համար, որովհետեւ Բենեդիկտոս 16-րդի այցի նախօրյակին ստեղծվել էին լարվածության բոլոր նախադրյալները: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Գերմանիայում արած հայտարարություններով Հռոմի պապը վիրավորել էր մահմեդականության արժեքները, ինչը բուռն հակազդեցություն էր առաջացրել Թուրքիայում: Այդ ընթացքում սրվել էին Եվրոմիություն-Թուրքիա տարաձայնությունները, որոնք ակամա անդրադառնում էին Անկարայի եւ Վատիկանի հարաբերությունների վրա:

Բենեդիկտոս 16-րդ պապը Թուրքիա էր ուղեւորվել կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների տարաձայնությունների հարթեցման գլխավոր առաջադրանքով, սակայն Կ. Պոլսո հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքարան այցելելու մտադրությունն ընկալվել էր որպես համերաշխություն ազգային փոքրամասնությունների կալվածքների եւ հունաց հոգեւոր ճեմարանի վերաբացման առնչությամբ թուրքական իշխանություններին պահանջ ներկայացնող տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ եւ հավասարակշռությունից հանել թուրքական ազգայնամոլ, կրոնամոլ տարրերին:

Երկրի քաղաքական որոշ շրջանակներում վերջիններիս կազմակերպած կատաղի ցույցերի անխնա շահարկումը Բենեդիկտոս 16-րդի այցը հանկարծ վերածել էր «լուրջ վտանգի Թուրքիայի համար»: Դրան մեծապես նպաստել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ երկրի ընդդիմությունը, շրջանառության մեջ դնելով այնպիսի անփառունակ տեսակետներ, ինչպիսիք են «Հռոմի պապի այցով Պոլսո հունաց պատրիարքարանը պետություն է դառնալու պետության մեջ, ինչպես Վատիկանը», «հույներին են վերադարձնելու Այա Սոֆիայի թանգարանը»:

«Եվրոնյուսի» թուրքական տարբերակ «Աբհաբերի» կայքէջում Էլչին Մաջարը շահարկումները պայմանավորում է այցի առնչությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը դժվարություններ հարուցելու ընդդիմության նկրտումներով: Նրա նոյեմբերի 29-ին հրապարակած հոդվածից տեղեկանում ենք, որ Հռոմի պապը դեռեւս 2005 թ.-ին որոշել է այցելել Կ. Պոլսո հունաց տիեզերական պատրիարքարան: Սակայն թուրքական կողմն այդ այցը խոչընդոտելու համար հանդես է բերել նախաձեռնություն եւ դա ստացել է պաշտոնական բնույթ, որպեսզի պատրիարքարանը չդառնա այցելության կենտրոն:

Ըստ երեւույթին թուրքական կողմի նախաձեռնությունը նույնպես պայմանավորված է եղել ընդդիմության միջամտությամբ, որ Մաջարը գրում է. «Այսօր, երբ իրականացվում է այցը, Հռոմի պապին պաշտոնական այցով հարկադրաբար Թուրքիա հրավիրողները չեն երեւում ասպարեզում»: Հարկ է սակայն նշել, որ Բենեդիկտոս 16-րդի այցի առնչությամբ Թուրքիայում մթնոլորտի շիկացումը, ինչը կողմերին լարվածության մեջ է պահում, սոսկ բողոքի ցույցերով կամ շահարկումներով չի պայմանավորվում: Դրան են հանգեցնում նաեւ երկուստեք պահանջները:

Այցի առաջին օրն Անկարայի օդանավակայանում վարչապետ Էրդողանի հետ հանդիպմանն աջակցելով Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը, ընդգծելով Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ Թուրքիայի կամրջի դերը, միջկրոնական երկխոսությունը համարելով կենսական անհրաժեշտություն երկրագնդի համար, Հռոմի պապը մեծապես կատարեց թուրքական կառավարության պահանջները:

Ինչ վերաբերում է էրդողանին, ապա նա հակառակ ենթադրություններին եւ ընդդիմության հաշվարկներին, ընդգծված նրբանկատություն է ցույց տվել պապին: Նա ոչ միայն պապին դիմավորել է ինքնաթիռի սանդուղքի մոտ, այլեւ առանձնազրույցից հետո ուղեկցել է մինչեւ մեքենա: Ավելին, ինչպես «Հյուրիեթն» է նշում, Թուրքիայի վարչապետը Տրապիզոնում կաթոլիկ եկեղեցու քահանա Սանտորոյի սպանության համար ցավակցություն է հայտնել պապին: Ջերմ են անցել նաեւ Բենեդիկտոս 16-րդի մյուս հանդիպումներն Անկարայում:

Ըստ երեւույթին այն ջերմ ընդունելությունը, որը Հռոմի պապին ցույց է տվել վարչապետ Էրդողանը, անակնկալի է բերել արեւմտյան լրատվամիջոցներին, որ նրանք CNN-ի, BBC-ի, «Ռոյթերի», «Ֆիգարոյի» գլխավորությամբ որպես առաջնորդող լուր արձագանքել են Հռոմի պապի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանը: Հակառակ դրան «Ալ Ջազիրան» եւ «Ալ Արաբիան», ինչպես նաեւ Իրանի պետհեռուստատեսությունը Հռոմի պապի այցը լուսաբանելու փոխարեն նախընտրել է մանրամասնել նրա դեմ Թուրքիայում կազմակերպված բողոքի ցույցերը:

Վարչապետ Էրդողանի ջերմ ընդունելությունը չի վերացնում անախորժությունների հավանականությունը: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ դեռեւս 1930 թ.-ին թանգարանի վերածված Այա Սոֆիայի տնօրեն Հալուք Դուրսունի «Ենի շաֆաքի» նոյեմբերի 29-ի համարում հրապարակված հայտարարությանը: Ըստ թուրքական թերթի, Դուրսունը պատրաստվում է նախազգուշացնել Հռոմի պապին, որ Այա Սոֆիան ընդամենը թանգարան է, ուստի աղոթել այնտեղ չի թույլատրվում, ավելացնելով. «Ամեն ինչ անելու ենք, որ պապը ծնկաչոք աղոթք չանի Այա Սոֆիայում»:

«Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի այցին: Նոյեմբերի 28-ին Թուրքիայի ղեկավարների հետ նրա հանդիպումներով ավարտվել է դրա պաշտոնական մասը: Երեկ նա մեկնել է Իզմիր, եղել է Էֆեսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ապա անցել Ստամբուլ: Հռոմի պապի այցը Թուրքիա շահարկողներն իբրեւ շահարկման միջոց հակված էին հատկապես օգտագործել նրա ստամբուլյան հանդիպումները: Այլ կերպ, էրդողանի ջերմ ընդունելությանը ցուցաբերած համարժեք արձագանքը Բենեդիկտոս 16-րդին դեռեւս չի երաշխավորում տհաճ անակնկալներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4