Մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանելու ենք օրհներգը
Խորհրդարանական խմբակցություններից, խմբերից եւ անհատ պատգամավորներից 441 առաջարկ ստացած եւ դրանց մի մասը ներառած բյուջեն երեկ քվեարկվեց եւ 77 կողմ, 3 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով իրականություն դարձավ: Բյուջեի վերջնական տարբերակը ներկայացնելիս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունն ընդունելի է համարել 110 առաջարկություն` ներկայացված առաջարկների 24, 9 տոկոսը: Ընդունված առաջարկությունների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 970 մլն դրամ: Բյուջետային հատկացումներն ավելացել են սոցիալ-մշակութային ոլորտում 660 մլն, տնտեսության ճյուղերում 160 մլն, այլ ոլորտներումՙ 110 մլն դրամով: Կառավարությունն իր նախաձեռնությամբ առաջարկել է 1 մլրդ 690 մլն դրամի նոր ծախսերի նախատեսում, որոնց թվում է Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների վրա լրացուցիչ ծախսըՙ 227,1 մլն դրամ, 170 մլն դրամ որպես վարկ տրվելու է ԼՂՀ-ին:
Իր առաջարկները բավարար չափով չներառելու առումով դժգոհ մնաց ՄԱԿ-ը, մասնավորապես խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի ներառվել իրենց այն առաջարկը, որով Մատենադարանին 50 մլն դրամ էլ պիտի հատկացվեր` ձեռագրային հավաքածուն լրացնելու: Մատենադարանը նախկին նույնչափ հատկացումը դեռ ամբողջությամբ չի օգտագործել, հնչեց պատասխանը:
Չնայած ՀՅԴ-ի հիշեցմանը, թե դեմ է քվեարկելու օրհներգի մասին օրինագծին` վերջինս հավաքեց 64 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ ձայն ու անցավ: ՀՅԴ-ի ջգրու կողմ էր քվեարկել անգամ Արշակ Սադոյանը:
Քվեարկություններից հետո լրագրողների տեսաձայնագրիչների մոտ հայտնված վարչապետ Անդրանիկ Մարգարյանից «Ազգը» հարցրեց, թե պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել նախատեսող օրինագծի հետ վերցնելու վերաբերյալ երկու տեսակետներից ո՞րն է իրականությունը` կառավարությունը վախեցա՞վ հասարակական կարծիքից եւ հետ վերցրեց, թե՞ որ դրա համար նախատեսված փողը վերաբաժանվի այլ ոլորտների, ու դրանից կառավարությունը լավամարդ դառնա, վարչապետը պատասխանեց. «Մեկ ճշտում` մենք չենք վախենում, այլ ընդամենը կարող ենք հաշվի առնել: Քննարկումների ժամանակ, երբ քաղաքական ուժերը փորձեցին այդ հարցը շահարկել, չնայած սրտով ցանկանում էին, որ այդ օրենքն անցներ, շահարկման թիրախ դառնում էր կառավարությունը եւ հանրապետական կուսակցությունը: Կառավարությունն էլ որոշեց հանել»:
ՄԱԿ-ը օրհներգի մասին օրինագծի քվեարկությանը 4 դեմով էր մասնակցել (նաեւ բյուջեի նախագծին ՄԱԿ-ի 5 անդամից 3-ը ձեռնպահ էին քվեարկել): Քանի որ օրինագիծը ներկայացրած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՄԱԿ-ի ներկայացրած նախարարն է` լրագրողը հարցրեց. «Սպասե՞նք մշակույթի նախարարի հրաժարականին»: Վարչապետի պատասխանի հիմնական առանցքն այն էր, որ վերջին ամիսներին օրհներգի հանձնաժողովի արածը չէր արտահայտել սոցիալական լայն խավերի պահանջը. «Եթե ինչ-որ մասը ուզում է հինը փոխել` հարգենք նրանց իրավունքը, մի մասի ծափահարելու կամ ավելի լավն ունենալու իրավունքն էլ հարգենք: Դրա համար կառավարությունը գնաց այն ճանապարհով, որպեսզի ժամանակ տա, ժամանակի ընթացքում այդ փոխելը հիմնավորված լինի: Կառավարության կազմն էլ չի կարող որոշել` լավ երաժշտություն է, թե՞ վատը, խոսքերը լավն են, թե՞ վատը: Դա պետք է ընկալելի լինի, թեկուզ մեկ տարի ժողովրդի մեջ երգվի-փորձարկվի, հետո նոր ասենք` այս հիմնը մենք կընդունենք, թե չենք ընդունի»:
Սա այս կառավարության վերջին բյուջեն է, լավը համարո՞ւմ է վարչապետն այս բյուջեն. «Շատ հարաբերական է լավ ասելը, որովհետեւ յուրաքանչյուր տարի նոր խնդիր է դրվում լուծելու: Եթե համեմատենք 2000-ի բյուջեն 2007-ի հետ` որոշակի տարբերություն գոյություն ունի, միաժամանակ նաեւ խնդիրներն են փոխված, երկրի տնտեսական իրավիճակն է փոխված: Այդ պատճառով յուրաքանչյուր տարվա բյուջե տվյալ տարվա համար լավագույն բյուջեն է, եւ որքան հեռանանք` բյուջեները լավն են լինելու, բայց տվյալ տարվա խնդիրները լուծելու համար բավարար չեն լինելու», ասաց վարչապետը: «Չկա՞ ուժ, որ տորպեդահարում է կոալիցիոն գործընկերոջը», նորից ՄԱԿ-ի վերաբերյալ հարցին մի այլ ձեւով փորձեց վերադառնալ լրագրողը: «Չկա», պնդեց վարչապետը:
Գեղամ Մանուկյանն էլ միջանցքում մտահոգվեց, որ դեկտեմբերի 4-ին հազիվ թե խորհրդարանը քվորում ապահովի եւ օրհներգի մասին նախագիծը երկրորդ ընթերցում անցնի, անցնի էլ` դեռ նախագահը պետք է վավերացնի, այդպիսով մի որոշ ժամանակ առանց օրհներգի կմնանք փաստորեն: Այդ հարցին պատասխանելով մշակույթի նախարարն ասաց. «Հուսով եմ, որ ոչ, այդպես չի լինի, բայց գիտեք, ինձ չի ուղղված ձեր հարցը, ես իմ գործն անում եմ, ինձ պետք է, որ մինչեւ երկրորդ ընթերցում իմ աշխատանքը կատարեմ: Կանեմ, մնացածը չգիտեմ»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ