«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՕՐԵՐՍ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ «ՋԱՎԱԽՔԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (RAA) իր գործունեությունը ծավալել է 1960-ական թվականների վերջերից: Պաշտոնականացել է 1982 թվականին Գերմանիայում ճարտարագիտության դոկտոր Արմեն Հախնազարյանի բուռն ջանքերով: Կազմակերպության հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1998 թ.-ին, որի նպատակն է իրականացնել ներկա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մասնավորապես պատմական Հայաստանի տարածքում (առաջնահերթորեն), ապա նաեւ սփյուռքում պահպանված պատմական հուշարձանների բազմակողմանի ուսումնասիրման աշխատանքներ: 1977 թ.-ից կազմակերպությունը «RAA գիտական ուսումնասիրություններ» շարքից լույս է ընծայել հետեւյալ աշխատությունները.

1. Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը (1997 թ., հայերեն)

2. Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները (1998 թ., հայերեն)

3. Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (1998-2001 թթ., հայերեն, ռուսերեն)

4. Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները (2001 թ., հայերեն, նաեւ ռուսերեն եւ անգլերեն ընդարձակ ամփոփում)

5. Թիֆլիսի քաղաքագլուխները (2003 թ., հայերեն եւ ռուսերեն)

6. Հյուսիսային Արցախ (2004 թ., հայերեն)

7. Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն (2004 թ., հայերեն)

8. Հայերը Կախեթում (2004 թ., հայերեն)

Կազմակերպության լույս ընծայած հերթական 9-րդ հատորը ներկայացնում է Հայաստանի Գուգարք նահանգի Ջավախք գավառն իր բնակավայրերի եւ պատմական հուշարձանների պատմությամբ, ուր առանձնահատուկ տեղ է հատկացված երկրամասում պահպանված վիմագրերի վերծանություններին, վրացերեն վիմագրերի եւ գիտական գրականության քննությանը, որը կատարել է Ալեքսանդր Քանանյանը:

«Ջավախքի պատմության եւ նյութական մշակույթի հուշարձանները, ի դեմս ֆրանսիացի գիտնական Մարի Բրուսսեի, մասնագիտորեն սկսել են ուսումնասիրվել դեռեւս ԺԹ դարի կեսերից: Մարի Բրուսսեն Ջավախքի մասին որքան փաստաթուղթ գտել է, անկախ դրանց լեզվից, գրի է առել: Մինչդեռ նախախորհրդային տարիներին վրացի հեղինակների գրած բազում գիրք ու հոդվածներն առանց բացառության միակողմանի են, ինքնաբերաբար թերի ու եթե չասենք հակագիտական», նշում է հատորի հեղինակ Սամվել Կարապետյանը: «Ջավախքիՙ խորհրդային Վրաստանի կազմում ընդգրկվելուց հետո հայ հետազոտողները քաղաքական հանգամանքների բերումով զրկված էին երկրամասում համապատասխան գիտահետազոտական գործունեություն ծավալելու եւ նյութին առնչվող գրականություն հրապարակելու հնարավորությունից: Իսկ վրացական կողմն առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ առավելագույնս օգտվելով տարածքում ազատորեն գործելու մենաշնորհից, շուրջ 7 տասնամյակների ընթացքում իրար հաջորդած բազմաթիվ գիտարշավների (այդ թվում հնագիտական պեղումների) շնորհիվ շրջանառության մեջ է մտցրել երկրամասի պատմությանն ու նյութական մշակույթին վերաբերող ստվարածավալ գրականություն: Վերջինս աչքի է ընկնում երկրամասի պատմական անցյալի վերոնշյալ խտրական լուսաբանմամբ, որոշ դեպքերում պարունակելով ակնհայտ կեղծիքներ: Ուսումնասիրությունների շրջանակից դուրս թողնելով այն ամենը, որ հայկական է, վրաց հետազոտողները հեղինակել են Ջավախքի պատմության թերարժեք, միտումնավոր կերպով նենգափոխված թյուրիմաց պատկեր,- շարունակում է գրքի հեղինակը: Նախախորհրդային տարիներին Ջավախքի խնդրով հետամուտ են եղել նաեւ սակավաթիվ հայազգի գիտնականներ. Կարապետ Տ. Սարգսյան-Մարգարյանցը, Հ. Սուքիաս Էփրիկյանը, Երվանդ Լալայանը եւ այլք:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո Ջավախքի պատմության հանդեպ հետաքրքրություն դրսեւորելու հնարավորություն է ընձեռվում նաեւ հայ պատմաբաններին, որոնք մինչ օրս հրատարակել են սոսկ առանձին աշխատություններ: Զուգահեռաբար ջավախաբնակ հայերի շրջանում երեւան է եկել ողջունելի մի շարժում, երբ առանձին հեղինակներ ստեղծում են հարազատ բնակավայրերի պատմությանը նվիրված աշխատություններ: Այդ ձեռնարկները բազմաթիվ ուշագրավ նյութեր պարունակելով հանդերձ, հիմնականում չեն հավակնում եւ չեն կարող դասվել գիտական աշխատությունների շարքը: Նորատիպ հրատարակությունների շարքում զգալի թիվ են կազմում նաեւ իրապատում գեղարվեստական ստեղծագործությունները:

Սկսած 1988 թ.-ից «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպությունը մի շարք գիտարշավների շնորհիվ իրականացրել է Ջավախքի պատմական հուշարձանների ուսումնասիրումը, որին հավելվելով գրքի հեղինակ Ս. Կարապետյանի տեւական տքնանքի ու ջանքերի շնորհիվ հավաքած հայոց ազգային դիվանների եւ գրադարանային անհրաժեշտ տվյալներով լեցուն ու հարուստ փաստավավերագրական նյութը, հատորի հեղինակին հնարավորություն ընձեռեցին ձեռնամուխ լինել ներկայացվող աշխատության ստեղծմանը:

- Մենք այսուհետեւ նպատակադրվել ենք ներկայացնել երկրամասի պատմությունն ու մշակութային արժեքները լուսաբանող առավել ամբողջական եւ համապարփակ ուսումնասիրություն: Գրքի մեջ ներառվում են շուրջ 1500 լուսանկար, որից 200-ըՙ գունավոր, 130 չափագրություններ ու գրչանկարներ: Այն հագեցած է բազմաբնույթ քարտեզներովՙ ազգաբաշխական, պատմական, հուշարձանների տեղաբաշխման, վարչական եւ այլն: Առաջին անգամ համակողմանիորեն շրջանառության մեջ են դրվում հազարավոր վավերագրեր հայ, ռուս, վրաց պարբերական մամուլից, սկզբնաղբյուրներից եւ գրականությունից համեմված տվյալներ: Հատորում զետեղված տարաբնույթ նյութերն անվերապահ ներկայացնում են Ջավախք աշխարհի շուրջ 100 բնակավայրերի եւ ջավախաբնակ ինչպես հայ, այնպես էլ եկվոր ազգությունների (վրացի, ռուս, հույն, քուրդ, թուրք եւ այլ ազգերի) հանգամանալից պատմությունը»: «Ջավախք» գրքի հեղինակ Սամվել Կարապետյանն ի մասնավորի շնորհակալություն է հայտնում իր թանկագին ընկերոջըՙ ջավախեցի Հակոբ Ավետիսյանին, որի «անսպառ ու վարակիչ ոգեւորությունն ու տարաբնույթ աջակցությունը խթանել են սույն աշխատության ստեղծմանը»: Հեղինակը նաեւ իր խորին երախտագիտությունն է հղում գրքի հրատարակման հովանավորներին ու Բեյրութի «Զավեն եւ որդիք» հրատարակչատանը ու նաեւ ՌԱԿ-ի գրասենյակի (հայկ. ճարտ. ուսումնասիրող) գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են «Ջավախք» հատորի լույսընծայմանը: Ավելացնենք նաեւ, որ գիրքը նվիրվում է Արցախի (ԼՂՀ) անկախության հռչակման 15-ամյակին: Մեզ մնում է մեր պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվողներին եւ ընթերցող լայն հասարակայնությանը հիշեցնել, որ հայկ. ճարտ. ուսումնասիրող կազմակերպությունը հրատարակության է պատրաստում հետեւյալ հատորները.

- Արցախի մանրատեղանունները

- Արտազ

- Նոր Ջուղայի ճարտարապետությունը

- Չարմահալի եւ Փերիայի հայկական գյուղերի ճարտարապետությունը

- Վիմագրերը Մատենադարանի ձեռագրերում

- Արցախի վիմագրերը

- Նախիջեւան

- Աղվանից կաթողիկոսների եւ Արցախի թեմակալների գավազանագիրք

- Վերելք դեպի Արարատ

Կանաչ ու լուսե ճանապարհ այս ազգօգուտ եւ հայրենանվեր գործի նվիրյալներին:

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4