Վստահեցնում է Ալեքսան Հարությունյանը
Հայաստանյան հեռուստաեթերում այլալեզու հայերեն չթարգմանված ֆիլմերի ցուցադրումն արգելելուն միանշանակ կողմ է Հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նույնքան դեմՙ հեռուստաեթերը երկրի հիմնով սկսելու օրենսդրական նախաձեռնությանը: Նա անհարիր է գտնում հանրայինի եթերում լատինաամերիկյան սերիալների առատությունը եւ տեսնում է դրանք հայրենականով եւ եվրոպական չափանիշների հաղորդաշարերով փոխարինելու նաեւ քաղաքական հաղորդումների քանակն ավելացնելու, սպորտային միմիայն մեծամասշտաբ իրադարձությունների հեռարձակման անհրաժեշտությունը: Գործ էլ է արված այդ ուղղությամբՙ հանրայինի եթերում չի լինելու Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը, լինելու է նոր քաղաքական «Եվրոպոլիս» թոք-շոուն: Դիտելու ենք նաեւ համաշխարհային արժեք ներկայացնող ֆիլմեր: Ալեքսան Հարությունյանի գնահատման 10 բալանոց համակարգում հայրենական եթերի հեռուստահաղորդավարներն ստանում են միայն 5 նիշ, չնայած նրա տեսանկյունից կան նաեւ այնպիսիները, որոնք արժանի են 9-ի: Պատճառը, Հարությունյանի տեսանկյունից, հաղորդավարական դպրոցի բացակայությունն է:
Երեկ կայացած ասուլիսում, ինչպես հաղորդում է «Ռեգնումը», Ալեքսան Հարությունյանն ի պատասխան լրագրողի հարցին, նաեւ փաստել է, որ «Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերության տեղը դեռեւս ոչ ոք չի զբաղեցրել, քանի որ նրանց հաղորդումները հավասարակշռված էին, իսկ աշխատանքըՙ լավ: «Լրատվական հաղորդումը շատ նմանվում էր «Հայլուրի» հին թողարկումներին, սակայն լրատվությունից զատ ոչինչ չկար», կարծիք է հայտնել Ալեքսան Հարությունյանը, ապա ընդգծել, որ այդ հեռուստաալիքի մի քանի հաղորդումներ «սեւ փիարի» բովանդակություն են կրել: Մինչդեռ, ըստ Հարությունյանի, լրատվամիջոցն իրավունք չունի լինել քաղաքական որեւէ կողմնորոշման:
Ն. Պ.