«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՍՈՒՐՆ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԵՆ

Անդրանիկ Օզանյանի սուրը եւ մարտական վեց պարգեւները երեկ պատմության թանգարանին է հանձնել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Իրադարձությամբ ոգեւորված էին նաեւ խորհրդարանականների մի մասը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Աժ փոխնախագահը, ովքեր իրենց ներկայությամբ պատվել էին միջոցառումը:

Հետաքրքրական է զորավարի սրի եւ մարտական բոլոր պարգեւների` պաշտպանության նախարարությունում հայտնվելու պատմությունը: «Ա1+»-ի հաղորդման համաձայն, նախարարը տեղեկացրել է, որ զորավարի մասունքները ձեռք են բերվել ՊՆ-ի արտաբյուջետային միջոցներով, պետական գումարներով, սակայն գումարի չափը չի նշվել: «Ինձ էր դիմել Ֆրանսիայի մի քաղաքացի` ազգությամբ հայ եւ ասել, որ մի բրիտանացի ցանկանում է վաճառել Անդրանիկի թուրն ու մարտական պարգեւները: Բնականաբար ես չէի կարող անտարբեր լինել. զեկուցեցի հանրապետության նախագահին, ստացա նրա հավանությունը եւ, ինչպես տեսնում եք, այդ մասունքներն այսօր Հայաստանում են», ներկայացրել է Սերժ Սարգսյանը: Նախարարը հավաստել է, որ մարտական պարգեւները վեցն են եւ բոլորի համար կա հավաստագիր: Զորավարի սուրբ մասունքները պատմության թանգարանին հանձնելու առնչությամբ նախարարն ասել է, որ իրերը պետք է պահվեն Հայաստանի պատմության թանգարանում:

Պաշտպանության նախարարը մտավախություն չունի, որ իր այդ քայլը կդիտվի նախընտրական թոհուբոհի համատեքստում, բայց նաեւ թողնում է մարդկանց խղճի խայթին. «Եթե որեւէ մեկին թվում է, որ ես հատուկ աշխարհով մեկ փնտրել եմ Անդրանիկի սուրն ու մարտական պարգեւները, որպեսզի բերեմ, նախընտրական կամպանիա անեմ, թողնում եմ իրենց խղճին: Երեւակայության առումով դա շատ հնարավոր է, բայց դե մեկ-մեկ այդպիսի մարդիկ էլ կարող են խղճի խայթ ունենալ»:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4