IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է ապաքինվել Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում ստացած ծանր վնասվածքից: Հաջորդ տարվա ապրիլին նա հերթական անգամ ռինգ դուրս կգա` պաշտպանելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ հունիսին Աբրահամը պատրաստվում է ռեւանշի հասնելու հնարավորություն ընձեռել կոլումբիացի Էդիսոն Միրանդային: Այս առնչությամբ Աբրահամը բաց նամակով դիմել է Միրանդային, որը հաղթանակի այլ ելք չգտնելով, նենգորեն միտումնավոր ջարդել էր Արթուրի ծնոտը: Նամակում մասնավորապես նշվում է. «Ես չեմ կարող հավատալ, որ դու դեռեւս ցանկություն ունես մենամարտելու ինձ հետ: Ես քեզ լավ դաս տվեցի, թեեւ մենամարտում էի ջարդված ծնոտով: Միայն պատկերացրու, թե ինչպիսի վիճակում կհայտնվեիր, եթե ծանր վնասվածքը չխանգարեր ինձ գործելու ուժերի 100 տոկոսանոց ներդրումով: Եվ երբ դու գիտակցեցիր, որ չես կարող ինձ հաղթել, սկսեցիր գործի դնել կեղտոտ մեթոդները: Սակայն դա էլ քեզ չփրկեց: Ես քեզ հաղթեցի մեկ անգամ եւ դա կանեմ եւս մեր նոր մենամարտում»:
Հիշեցնենք, որ մենամարտից հետո Արթուր Աբրահամը անմիջապես բժշկական հետազոտության էր ենթարկվել եւ բժիշկների խորհրդով ծնոտը վիրահատվել էր: Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող էր ընթացել եւ այժմ Արթուրն արդեն սկսել է իր մարզումները: Ճիշտ է, լավագույն մարզավիճակ ձեռք բերելու համար նրանից կպահանջվեն մի քանի ամսյա քրտնաջան մարզումներ: Մարզիչների կարծիքով, Արթուրը գարնանն արդեն պատրաստ կլինի կրկին ռինգ դուրս գալ` չեմպիոնական տիտղոսը հերթական անգամ պաշտպանելու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ