ԼՂ հարցում ՀՅԴ մոտեցումներին դեմ քայլը Դաշնակցությանը կդարձնի ընդդիմություն
Դաշնակցությունը միշտ եւ հստակորեն արտահայտել է իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի առնչությամբ: Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հիշեցման կարգով նշեց, որ Դաշնակցությունն ամեն դեպքում ԼՂ հարցի լուծումը տեսնում է հիմնված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, ընդ որում այդ սկզբունքի կիրարկելիությունը պետք է լինի անվերապահ եւ ոչ սահմանափակ: Ռուստամյանի մատուցմամբ, այդ սկզբունքի լիարժեք իրականացումը երկու հասցեատեր պետք է ունենաՙ Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը: Այս նպատակին հասնելու համար լավագույնն իհարկե Ադրբեջանի հետ հաշտության համաձայնագիր կնքելն է, իսկ եթե չի հաջողվի սկզբունքների շուրջը բանակցել Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը պետք է աշխատի միջազգային հանրության հետ, բերելով նշված սկզբունքների գիտակցությանը:
Կարգավորման մարտավարությունը նախ խնդիր ունի արդյունավետ դարձնել հենց կարգավորման գործընթացը, այն էՙ լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքներ ունենալու հարցերը: Ըստ Արմեն Ռուստամյանի, կարգավորման գործընթացից զատ, բանակցային գործընթացը եւս արդյունավետ դարձնելու խնդիր կա, քանի որ բանակցային գործընթացն էապես տուժել եւ տուժում է հակամարտության, բայց ոչ որպես բանակցային կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցության բացակայության պատճառով: Ուստի եւ Արմեն Ռուստամյանը կարեւորում է «ԼՂՀ եւ ՀՀ տեղի ու դերի հստակեցումը բանակցային գործընթացում»:
Միեւնույն ժամանակ Ռուստամյանը նշեց, որ Հայաստանն այսպես թե այնպես պետք է ներկայացնի եւ պաշպանի Լեռնային Ղարաբաղի իրավունքները բոլոր այն տեղերում, որտեղ Ղարաբաղը ճանաչված չէ: Ինչ վերաբերում է տարածքների վերադարձման խնդրին, ապա Ռուստամյանի մատուցմամբ, նախ եւ առաջ պետք է լուծվեն կարգավիճակի եւ երաշխիքների ապահովման խնդիրները: Ընդ որում, հիշատակված տարածքներն անվտանգության դե ֆակտո երաշխիքներ են, իսկ կարգավիճակըՙ դե յուրե: «ԼՂՀ-ն տարածքային ամբողջականության մասին խոսելու այնքան իրավունք պետք է ունենա, որքան Ադրբեջանը», նշեց Ռուստամյանը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել, ուստի եւ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է նաեւ Ղարաբաղի համար: Գնահատելով բանակցային ներկա գործընթացն ու իշխանությունների մոտեցումները, Դաշնակցությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանն ընդհանուր գնահատականի առումով նշեց, որ այդպիսին կտրվի միայն բանակցության առարկա փաթեթի հրապարակման դեպքում:
Լրագրողների այն դիտարկմանը, թե շատ հաճախ բանակցային գործընթացից տեղեկություններ են հայտնվում ադրբեջանական լրատվամիջոցներում եւ ըստ էության դառնում վերլուծության հիմք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, խորհուրդ տալովՙ ընդհանրապես չհենվել ադրբեջանական լրատվության վրա: Նման խորհուրդը պայմանավորված է ոչ միայն ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությամբ, այլեւ հստակ քարոզչությամբ:
Հարցին, թե ԼՂ հարցով միակողմանի զիջումների դեպքում ինչպիսի՞ն կլինի ՀՅԴ մոտեցումը, Ռուստամյանը պատասխանեց, որ եթե ՀՅԴ մոտեցումներին դեմ քայլ եղավ, ապա ՀՅԴ-ն կվարվի այնպես, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակՙ կդառնա ընդդիմություն: Ամեն դեպքում Դաշնակցությունը կարեւորում է Լեռնային Ղարաբաղիՙ բանակցային կողմ դառնալու պարտադրանքը, ընդ որումՙ կուսակցության մոտեցմամբ չի կարելի թույլ տալ նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունների խմբավորում, ընդհակառակըՙ հարկ է տարանջատել կոնֆլիկտները: Այլապես կարող է այնպես ստացվել, որ Ղարաբաղի առնչությամբ մեր դիրքորոշումները, ընդհանուր կիրառության դեպքում, ձախողեն ասենք հայ-վրացական հարաբերությունները, քանի որ Վրաստանում առկա է երկու հակամարտություն:
«Ազգի» հարցը վերաբերում էր Դաշնակցության դիրքորոշմանը, թե ինչպիսի՞ն կլինի իրավիճակը բանակցային գործընթացին մասնակից հայկական կողմի դերակատարներիՙ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարությունների ավարտին: Պրն Ռուստամյանը պատասխանեց, որ հարցն իսկապես կարեւոր է, հատկապես որ 2008 թ.-ին հայ ժողովրդի պատմության մեջ կփակվի մի փուլ, քանի որ կընտրվի նոր նախագահ, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է պահպանել մինչեւ 2008 թ. ձեռքբերված դրականը, եւ վստահ պաշտպանել Ղարաբաղի շահերը: Ընդ որում, շատ բան կախված կլինի 2007 թ.-ի խորհրդարանական ընտրություններից, որը մեծապես կպայմանավորի նախագահական ընտրությունների արդյունքը:
ԼՂՀ կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի աշխատանքները մի քիչ երկչոտ դիրքորոշում ունեն եւ, Արմեն Ռուստամյանի կարծիքով, չի կիրառվում կարեւորագույն սկզբունքՙ ուժի կիրառության սպառնալիքի բացառումը: «Միջնորդները ոչինչ չեն անում այս ուղղությամբ, մինչդեռ միջնորդների թիվ մեկ պատասխանատվությունն է պատերազմի բացառումը»: Ամեն դեպքում, Ռուստամյանի գնահատմամբ, միջնորդներն անօգուտ չեն աշխատել, լրջորեն նպաստել են կարգավորմանը եւ ֆորմատի փոփոխության կարիք չկա:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ