Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը երեկ համարյա ծեգը ծեվին ասուլիս էր հրավիրելՙ զարմանալու, որ Հայաստանում դեռեւս ձեռնարկություններ կան, որտեղ 4-5 ամսով աշխատավարձ չեն վճարում: Իսկ այդ մասին մի քանի օր առաջ նախարարը տեղեկացել է համայնքներից մեկի բնակիչներից ստացված դիմումից, որում ասված է, որ Արարատի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներըՙ մանկապարտեզներ, մշակույթի կենտրոններ, 4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել: Երեւույթը, Վարդանյանի գնահատմամբ, տարօրինակ է, արտառոց, բնականոն էր 5 տարի առաջ, երբ ողջ հանրապետությունում աշխատավարձերի ուշացումը համատարած էր: Ի դեպ, նույնաբովանդակ առաջին դիմումն Աղվան Վարդանյանին չի հասել: Երկրորդ հաջող փորձը նախարարի գնահատականից զատ նաեւ աշխատանքի պետական տեսչության համապատասխան ստուգմանն է արժանացել: Պարզվել է, որ Արարատի քաղաքապետարանը մոտ 30 մլն դրամի աշխատավարձի պարտք ունի: Այժմ քաղաքապետարանի պարտքն անհամեմատ ավելի փոքր էՙ ստուգումներից մի քանի օր անց աշխատավարձի պարտքը մարվել է 90 տոկոսով: Սակայն նախարարի տեսանկյունից էլ կատարվածը լիակատար լուծում չէ, քանի որ հնարավոր են դեպքեր, ինչպես Արարատի պարագայում է, որ համայնքի ղեկավարի որոշմամբ փակվեն մանկապարտեզները: Այս դեպքում նրանք պարտավոր են վճարել չաշխատած տարիների համար եւ ապահովել աշխատողների աշխատանքային ստաժը: Հայտնի չէ, աշխատողների այս իրավունքը պահպանվել է, թե ոչ: Անպատասխան ու չբացատրված է նաեւ «աշխատանքի պետական տեսչության ստուգումից մի քանի օր անց աշխատավարձերը վճարելու հնարն ունեցող քաղաքապետարանը ինչու դա շուտ չէր անում» հարցը:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ.-ի հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հարցին էլ անդրադարձ եղավ նախարարի ասուլիսում: 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվել էր 1 մլրդ դրամ տրամադրել խնդրի լուծմանը, 61680 անձ էլ կառավարության որոշմամբ փոխհատուցման իրավունք էր ստացել: Նախարարի տեղեկացմամբՙ նպաստառու ընտանիքների ամփոփ եւ վիճահարույց ցուցակներ են առանձնացվել: 61500 քաղաքացիներից 58000 ընդգրկվել էին վիճահարույց ցուցակներում: Նոր ցուցակներն էլ հաստատվել են անճշտությունները նվազեցնելու նպատակով: Ինչպես հավաստիացրեց Աղվան Վարդանյանը, մոտ 61500 քաղաքացիներից 59500-ը վճարման ենթակա են եւ եթե նախկինում 69 տոկոսն էր վիճահարույց, ապա այսօր 96 տոկոսը վճարման ենթակա ցուցակներում է: Ընտանեկան նպաստառուների ցուցակներն էլ ճշտվում են, ու բացահայտվում է այս ուղղությամբ էլ առկա թերացումների առատությունըՙ ցուցակներում սոցիալական ոլորտի աշխատողների անուններ են հայտնաբերել:
Սոցքարտերի օգտագործման համակարգի չարչրկված հարցը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանի հավաստմամբ, լուծված է. «Կարող ենք արձանագրել, որ համակարգը ներդրված է»: Նրա իսկ հավաստմամբՙ սոցիալական քարտերից հրաժարվողների թիվը մեծ չէ, բայց որքան էՙ չհրապարակվեց:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ