Հոկտեմբերի 24-28-ը տեղի ունեցավ տիկնիկային թատրոնների փառատոնՙ «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով, որին մասնակցեցին Ջավախքի, Շուշիի եւ Հայաստանի տարբեր մարզերի 14 տիկնիկային թատրոններ, եւ մեր թերթն այս մասին արդեն գրել է: Այժմ ավելացնենք, որ փառատոնի բացումը տեղի ունեցավ Թումանյանի ծննդավայր Դսեղի կենտրոնական հրապարակում: Թումանյանի տուն-թանգարանը, նրան հարող փողոցները ձեւավորված էին Թումանյանի հեքիաթների հերոսների նկարներով: Բեմադրությունները ներկայացվում էին գյուղապետարանի դահլիճում եւ գյուղի ակումբում: Հանդիսականները առանձնապես ջերմությամբ ընդունեցին տակավին ուսանող, երիտասարդ բեմադրիչ Հայկ Սեկոյանի ստեղծած բեմադրությունը, որի մասնակիցները երեքն էին, ինչպես նաեւ Իջեւանի, Շուշիի, Գորիսի տիկնիկային թատրոնների ելույթները:
Արդեն պատմություն դարձած այս փառատոնի մասին ոգեւորված էր խոսում «Ազգի» խմբագրություն եկած «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի հեղինակ, տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը: «Իմ ցանկությունն էր, որ ավանդույթ ստեղծվիՙ փառատոները անցկացվեն մի հեքիաթագրի ծննդավայրում, որի ստեղծագործություններով սերունդներ են դաստիարակվել եւ դաստիարակվում,- ասաց Արմեն Սաֆարյանը եւ ավելացրեց,- փառատոնը որոշել ենք դարձնել միջազգային եւ հաջորդ տարի Հայաստան հրավիրել արտերկրի 2-3 թատրոններ, որոնք կներկայացնեն ե՛ւ իրենց երկրի հեքիաթը, ե՛ւ Թումանյանի հեքիաթներից մեկը: Մենք նրանց կուղարկենք Թումանյանի հեքիաթների թարգմանությունները: Իհարկե, առաջարկելու ենք, որ նրանք ներկայացնեն նաեւ այն հեքիաթները, որոնք թարգմանել է Հովհաննես Թումանյանը»:
Այս տարվա փառատոնը եզրափակվեց Երեւանում, որի ժամանակ իրականացվեց ճոխ արարողություն: Իհարկե, փառատոնը եւ փառատոնի եզրափակումն անհնար կլիներ առանց հովանավորների օգնության: Այս փառատոնն էլ հովանավորեց «Գրանդ հոլդինգը»: Այդ օրը Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի հարեւանությամբ Արաբկիրի հայորդաց տան, մայրաքաղաքի նկարչական տարբեր դպրոցների սաները գունավոր մատիտներով կավճանկարներ արեցին Թումանյանի հեքիաթների մոտիվներով:
Այսօր անչափ կարեւոր է մշակույթի զարգացումը ոչ միայն Երեւանում, այլեւ գյուղական վայրերում: Այս իմաստով զգալի գործ է կատարում Բաց հասարակության ինստիտուտը, որի դրամաշնորհների օգնությամբ կոնկրետ գործ է կատարվում: Հանրապետության առաջին տիկին Բելա Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի Կենտրոնի թաղապետարանը, «Զիգզագ» եւ «Կիլիկիա» կազմակերպությունները:
Ամբողջ աշխարհում քիչ կան այնպիսի ծննդավայրեր, այնպիսի քաղաքներ ու գյուղեր, որոնք համաշխարհային մշակույթի մասն են կազմում: Դրանցից մեկն էլ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն էՙ Դսեղ գյուղը: Հենց այս իմաստով է կարեւորվում փառատոնը:
Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ