«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2006-11-29 | #229, 2006-11-30 | #230, 2006-12-01


ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիսՙ նվիրված դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում տեղի ունենալիք հեռուստատեսային մարաթոնին:

Նպատակը ծնողազուրկ երեխաների հիմնադրամի կողմից կազմակերպված Ամանորի հանգանակությունն է, որ արդեն 7-րդ տարին է, ինչ կազմակերպում է «Քաջ Նազար» ամսաթերթի եւ հեռուստաժամի խմբագիր, հիմնադիր նախագահ Հովհաննես Բալայանը:

Նշվեց, որ հիմնադրամը համալրվել է նոր, երեւելի դեմքերով, որոնք ցանկանում են սատար կանգնել մայր հայրենիքում ապրող ծնողազուրկ երեխաներին, մանկատան սաներին, անապաստաններին:

Հիմնադրամի գործունեությունը մեծ արձագանք է գտել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում:

Վերջին տարիներին կազմակերպված տոնածառի բարեգործական հանդեսներին ներկա է եղել 70.000-ից ավելի երեխա, որոնք ստացել են նվերներ, երգել, պարել, ուրախացել:

Շատ կարեւոր այս մարաթոնը կօգնի 2007 թ. Սուրբ Ծննդի հանդեսներում ընդգրկել 20000-ից ավելի հայ մանուկների:

Տոնակատարություններ տեղի կունենան Ա. Խաչատրյան մեծ համերգասրահում, Ա. Բաբաջանյանի անվան դահլիճում, Հայաստանի բոլոր մարզերում, մանկատներում, ծերանոցներում:

Այժմ Հայաստանի մանկատներում անց է կացվում հանրապետական մրցույթ-փառատոն: Ցանկություն կա, որ հաղթողները ելույթներ ունենան նաեւ ԱՄՆ-ում «Հրեշտակները Հայաստանից» խորագրի ներքո:

Նախաձեռնության հեղինակներ են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան եւ Լոս Անջելեսի «Քաջ Նազար» թերթի ու հեռուստաժամի ղեկավար Հովհաննես Բալայանը:

Մարաթոնի հաջողությունից ելնելով, «Քաջ Նազարի» ընթերցողները եւ դիտողները նպատակ ունեն գումարներ տրամադրել մանկատան սաներից լավագույններին, որոնք չափահաս դառնալուց հետո պետք է մտնեն մեծ կյանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4