«Ժամանակ Երեւան» (ԺԵ) օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական պատվեր չէ. սա ընդամենը քրեական գործ է` գործով ձեռք բերված ապացույցներով: Վերաքննիչ դատարանում խմբագիր Արման Բաբաջանյանի գործի երրորդ լսման ժամանակ երեկ «Ազգ»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց գործում որպես մեղադրող հանդես եկող գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ժաննա Կոտիկյանը` պնդելով, որ եթե Բաբաջանյանի գործը պատվեր լիներ, ինքն էլ հանձնարարական ստացած կլիներ: Մեղադրողի խոսքով, սակայն այդպես չէ, եւ մեղադրանքը բխում է զուտ գործով ձեռք բերված ապացույցներից:
ԺԵ գլխավոր խմբագրի համար 4 տարվա ազատազրկման վճիռը վերաքննիչում բողոքարկվել է պատժի մեղմացման նպատակով: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը ձերբակալվել էր պաշտոնական փաստաթղթերի հափշտակման եւ դրանք կեղծելու միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը նրան անմեղ էր ճանաչել առաջին մեղադրանքի մասով, իսկ զինծառայությունից խուսափելու համար դատապարտել էր 4 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն էլ, համոզված լինելով, որ իր նկատմամբ վճիռը շատ խիստ է, դիմել էր վերաքննիչ դատարան մեղմելու համար:
Երեկ Բաբաջանյանի փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Հայկ Ալումյանը նիստին ներկայացրին մի շարք միջնորդություններ, դատարանը համաձայնեց գործին որպես ապացույց կցել պաշտպանական կողմի ներկայացրած բնութագրերը Բաբաջանյանի մասին: Գլխավոր խմբագրի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ոմն Արտակ Խաչատրյանի նամակի հիման վրա: Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին խնդրեց հրավիրել այդ անձին եւ պարզել նրա առնչությունը այս հանցանքին: Այս միջնորդությունն էլ տկն Կոտիկյանի առարկությունից հետո մերժվեց:
Հիշեցնենք, որ Բաբաջանյանի փաստաբանները դիմել էին պաշտպանության նախարարության հանձնաժողովին` խմբագրի նկատմամբ կիրառելու օրենքը, որով զինծառայությունից խուսափած անձինք որոշակի գումարի դեպքում կարող են ազատվել հետապնդումից եւ ստանալ զինգրքույկ: Փաստաբան Ալումյանը նշեց, որ, ըստ օրենքի, եթե մեկ ամիս անց չի լինում դիմումի պատասխանը, նշանակում է դիմումը բավարարված է: Սա հաշվի առնելով նրանք մեկ մլն դրամ մուծել էին բանկում եւ անդորրագիրը ներկայացրին դատարանին: Դատարանը` նախագահող Արշակ Խաչատրյանի ղեկավարությամբ, մերժեց նաեւ այդ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հանձնաժողովի որոշումից հետո պետք էր մուծումը կատարել:
Դատական գործի հերթական լսման ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը կարող է փոխել դեպքերի ամբողջ ընթացքը: Մինչ պաշտպանական կողմն այս ատյանում ցանկանում էր հասնել պատժի մեղմացման, մեղադրող կողմը դատական վիճաբանության փուլում առաջարկեց բեկանել առաջին ատյանի դատարանի արդարացման վճիռը քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսինքն` գլխավոր խմբագրին մեղավոր ճանաչել նաեւ պաշտոնական փաստաթղթերի հափշտակման համար: Մեղադրող դատախազը մյուս մեղադրանքի` փաստաթղթերի կեղծմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու համար` պատժի մեղմացման հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Հավանաբար անակնկալի գալով մեղադրող Կոտիկյանի ճառից` պաշտպանական կողմը նոր մեղադրանքի մասով ճառով հանդես գալու համար ժամանակ խնդրեց: Դատարանը հաջորդ հանդիպումը նշանակեց դեկտեմբերի 11-ին, ժամը 14-ին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ