Հայաստանն առանց մամուլի` անորոշ ժամանակով
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 7-ից հանրապետության տպագիր մամուլի 90 տոկոսը լույս չի տեսնի: Հունիսի 7-ին, հենց Վերին Լարսի անցակետը փակվելու ժամանակ, «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչության ներկրվող թղթով 3 վագոնները, որ կազմում էին մոտ 150 տ, լռվեցին-մնացին Վլադիկավկազում: Այստեղից Հայաստան թուղթը տեղափոխվում էր ավտոմեքենաներով: Իսկ նոյեմբերի 1-ից 5 վագոն (250 տ) թուղթ հավաքվեց արդեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանային Իլյիչովսկ քաղաքում, որտեղից իրականացվում են լաստանավային փոխադրումները:
Ինչպես «Ազգին» տեղեկացրեց «Տիգրան Մեծ» ՓԲԸ տնօրեն Վրեժ Մարկոսյանը, «թղթի պաշարները վերջանալուն մոտ են, եղածը կհերիքի ընդամենը մինչեւ դեկտեմբերի 7-ը: Արդեն մեկ ամիս այսօր-վաղը կբարձենք ասելով խաբում են»:
Մյուս տպարանները տագնապի նման ազդանշան չեն տվել, սակայն այս պահին դա այնքան էլ էական չէ, քանի որ տպագիր մամուլի բեռը գրեթե ամբողջությամբ «Տիգրան Մեծ» հրատարակչության ուսերին է:
Այստեղ չեն տպվում միայն «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «02» թերթերը եւ մի շարք այլ թերթեր:
Երեկ միայն մեր իշխանությունները խառնվել են իրար` խնդիրը լուծելու ճանապարհ գտնելու համար: «Բայց եթե նույնիսկ այսօր թուղթը բարձելու հնարավորություն ստեղծվի, դեկտեմբերի 9-ին, 10-ին նոր միայն կհասնի Հայաստան, քանի որ բարձվելու դեպքում 7-8 օր տեւում է մինչեւ տեղ հասնելը», ասաց պրն Մարկոսյանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ