Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, «Ուոլ սթրիթ ջոռնլի» տեղեկացմամբ, 800 մլն դոլարով վաճառել է աշխարհի խոշորագույն ավտոմոբիլաշինական ընկերության «Ջեներալ մոթորսի» իրեն պատկանող մոտ 10 տոկոս մասնաբաժինը: Ըստ թերթի, Քըրքորյանն իրեն պատկանող 28 մլն բաժնետոմսերը վաճառել է «Բենք ըվ Ամերիկա» դրամատանը: Քըրքորյանի նմանօրինակ քայլը, ինչպես ընդհանուր առմամբ պատահում է նրա բոլոր գործողությունների դեպքում, մեծ տատանումներ կբերի բաժնետոմսերի բորսայում, ընդ որում ի վնաս «Ջեներալ մոթորսի», որը վերջին ժամանակներս աշխատում էր ֆինանսական մեծ կորուստներով: Հետաքրքրական է, որ 10 տոկոս մասնաբաժին գնելուց ի վեր Քըրքորյանն իր դժգոհությունն էր արտահայտում «Ջեներալ մոթորսի» վարած քաղաքականության առնչությամբ, մասնավորապես պահանջելով համաձուլում «Ռընո» եւ «Նիսան» ընկերությունների հետ: Ուստի 28 մլն բաժնետոմսերը շուկա հանելու այս քայլը կարելի է համարել պատիժ: 89-ամյա Քըրք Քըրքորյանը «Ջեներալ մոթորսի» ամենամեծ անհատ բաժնետերն էր: Ի դեպ, «Ֆորբս» հանդեսի տվյալներով, ամերիկացի միլիարդատերերի ցուցակում 26-րդ տեղն զբաղեցնող Քըրքորյանի կարողությունը գնահատվում է մոտ 9 մլրդ դոլար: