«ՀՀ օրհներգի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի հավանաբար այսօր, երեկոյան հրավիրվելիք արտահերթ նիստով. այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այն բանից հետո, երբ օրինագիծը այդպես էլ չընդգրկվեց դեկտեմբերի 4-7 քառօրյա նիստերի օրակարգում, քանի որ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վկայեց, որ կանոնակարգով սահմանված կարգի համաձայն, օրինագիծը չի բաժանվել նիստից երկու ժամ առաջ: Մինչդեռ մինչեւ դեկտեմբերի 6-ը նոր սահմանադրական փոփոխություններով պարտադիր պետք է օրհներգ ունենանք: Արտահերթ նիստ հրավիրելու գաղափարն էլ Վ. Դալլաքյանն էր առաջարկում:
Նույնՙ սահմանադրական փոփոխությունների արդյունքում էր երեկ քննարկվում մի օրինագիծ, որը կրում էր «ՀՀ եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները» անունը: Օրենքը հեղինակել էր ԱԺ նախագահը, նա էլ ներկայացրեց, շեշտելով, որ նախագիծը բացարձակապես որեւէ ձեւով չի նվազեցնում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների հետ կապված սահմանադրությամբ նախատեսված մեր իրավունքները: Այն գալիս է լրացնելու եղած օրենսդրությունը, կարգավորելու եկեղեցու եւ պետության միջեւ գործող հարաբերությունները: Օրենքն ամրագրում է հոգեւոր-մշակութային-կրթական ժառանգության հետ կապված հայ եկեղեցու դերակատարությունը, սահմանում եկեղեցու պաշտամունքային կառույցները, նրա բարեխնամ գործունեությունը, իրավապահ մարմինների հետ նրա հարաբերությունները, շեշտում, որ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված անձը ստանում է ՀՀ քաղաքացիություն, նշում, որ եկեղեցու կանոնական ծեսով իրագործված ամուսնությունը ճանաչվում է պետության կողմից, եկեղեցական վկայականը հիմք է քաղաքացիական ռեգիստրում այն գրանցելու: Եկեղեցու հռչակած ամուսնալուծությունը եւս պետությունը ճանաչում է:
Ագրեսիվ աղանդների կործանարար ազդեցության չեզոքացման խնդրի վերաբերյալ օրենքի հեղինակին հարց ուղղած Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ագրեսիվ աղանդների տարածումը սպառնում է մեր ներքին ազգային անվտանգությանը, եւ գոնե այս օրինագծում պետք է ամրագրվեն հոգեւոր անվտանգության խնդիրները, հոգեորսությունը դաստիարակչական միջոցներով չեզոքացնելու հարցը, եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը լրատվամիջոցների կողմից պետք է իրականացվի եկեղեցու հետ համաձայնեցված, եկեղեցին պետք է մշտական կապի մեջ լինի Գրիգոր Ամալյանի ղեկավարած հանձնաժողովի հետ` հակաառաքելական սանձարձակ քարոզչության դրսեւորումների դեմն առնելու համար: Պատասխանելով նրան` Տ. Թորոսյանը նկատեց, որ նախ պետք է ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում, որպեսզի չհակասի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքին, այլ օրենքներով պիտի կարողանանք այդ խնդիրները լուծել, բոլոր հարցերը մի օրենքով հնարավոր չէ լուծել, պետության եւ եկեղեցու առանձնահատուկ հարաբերություններն ենք կարգավորում:
Գլխադասային հանձնաժողովը ներկայացնող Հրանուշ Հակոբյանն էլ նկատեց, որ նախագծով դրված խնդիրները գալիս են լրացնելու «Կրոնական կազմակերպությունների եւ խղճի ազատության մասին օրենքի շրջանակը` եկեղեցաշինություն, կրթական հաստատություններում եկեղեցու պատմության ուսումնասիրում, պաշտամունքի առարկաների հետ կապված հիմնահարցերի կարգավորում: Ամուսնությունները որպես ծիսակատարություն եկեղեցում իրականացնելիս վկայական տալու խնդիրը չէր կարգավորված, կարգավորվում է այս օրենքով:
Ելույթ ունենալով` հանրապետական Արմեն Աշոտյանը կանգ առավ այն հանգամանքի վրա, որ որպես հայության հոգեւոր կենտրոն Մայր աթոռ սուրբ Էջմիածինը նշելը իրավական-օրենսդրական հիմք է ստեղծում Անթիլիասի եւ Էջմիածնի եկեղեցիների միավորման եւ միասնական աշխատանքի ու ՀՀ պետության հովանու ներքո աշխատելու համար: Ըստ նրա` օրենքը փայլուն կերպով լուծել է քաղաքացիական հասարակության եւ կրոնական ազատությունների համատեքստում, պահպանելով խղճի ազատության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները Հայաստանյայց առաքելական եկեղեցուն ազգային առաջնահերթություն եւ ազգային շեշտադրումներ տալու խնդիրը, հոգեւոր-մշակութային-կրթական բնագավառներում սպառիչ բնորոշելով նրա դերակատարումը: Կրոնական ազատությունների եւ խղճի ազատության օրենքը կորցրել է իր արդիականությունը, ավելի առաջ գնաց Աշոտյանը, ազատական օրենք էր, որն աղանդների մուտքը թույլատրեց երկիր, այդ օրենսդրական դաշտը վաղուց չի թարմացվել եւ սպասում է արդիականացման:
Վիկտոր Դալլաքյանը դրական վերաբերմունք հայտնեց օրինագծի վերաբերյալ եւ առաջարկներ արեց` խնդրելով օրենքի հեղինակին եւ գլխադասային հանձնաժողովին մաքսիմալ ուշադիր լինել` տարընթերցումներից խուսափելու համար: Եվ մի շարք ձեւակերպումային առաջարկներ արեց: Ըստ Դալլաքյանի` եկեղեցու ունեցվածք-սեփականության գույքային խնդիրները դուրս են մնացել այս օրենքից:
Տ. Թորոսյանը լիովին կիսելով բարձրացված մտահոգությունները` ընդունեց, որ դրանց մի մասը օրենքով կարգավորման կարիք ունի, մի մասի ամրագրումն էլ կարող է նոր խնդիրներ առաջացնել. «Կրոնական կազմակերպությունների եւ խղճի ազատության» նոր օրենքի նախագիծը, որ կառավարությունն ուշացնում է, անպայման կանդրադառնա շատ հարցերի, խորհրդարանն էլ կկարողանա լրացնել թերին: Պետությունն իրավունք չունի եկեղեցու կնքած պայմանագրերին կարգավիճակ շնորհել` ինքնուրույն փաստաթղթեր են»: Պատասխանելով Վ. Դալլաքյանի հարցադրումներին` ԱԺ նախագահն ասաց, որ 4 տասնյակ երկրների փորձ է ուսումնասիրվել օրինագիծը մշակելիս, նախագիծը մի քանի անգամ քննարկվել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ներկայացվել է Գերագույն հոգեւոր խորհրդին, նրանց առաջարկությունները նախագծում հաշվի են առնվել. «Նախագիծն առանց նրանց հետ քննարկելու գոնե ես ինքս չէի ներկայացնի` շատ նուրբ եւ չափազանց կարեւոր հարցեր են քննարկվում»: Հովհաննես Մարգարյանի հարցադրումներին պատասխանելով` Տ. Թորոսյանը խոստացավ երկրորդ ընթերցման ժամանակ հրավիրել մեր եկեղեցու ներկայացուցիչներին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ