Ինձ միշտ հետաքրքրել է արտերկրի մեր հայրենակիցների կյանքը: Ինքս սփյուռքից եմ եւ լավ եմ պատկերացնում օտարության մեջ մարդու կեցության դժվարությունները (նույնիսկ եթե նա այնտեղ է ծնվել ու մեծացել), ուստի ամբողջ հոգով ողջունեցի մի քանի տարի առաջ Ռուսաստանի հայերի միության, ապա նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման գաղափարը, որոնք ստանձնեցին բոլոր հարցերում (իրավաբանական, տնտեսական, հոգեբանական, կենցաղային) հայրենակիցներին աջակցելու, նաեւ Հայաստանից դուրս հայ մնալու գործում նրանց օգնելու, մայր հայրենիքի հետ սերտ կապեր հաստատելու եւ նրա հզորությունն ըստ ամենայնի ամրապնդելու անչափ ծանր եւ միաժամանակ վեհ գործառույթները:
Մարդկայնորեն վիրավորական էր, որ Ռուսաստանի հայերի միության եւ դրա նախագահի լայնընդգրկուն, ես կասեիՙ անձնվեր գործունեությունը, իմ կարծիքով, չգտավ պատշաճ արձագանք եւ գնահատանք, այստեղՙ Հայաստանում նրանց մասին խոսում էին լոկ այն դեպքում, երբ լռելը պարզապես անվայել էր: Դե, մտածում էի ես, վերջ ի վերջո լռությունը չարիքներից վատթարագույնը չէ: Գլխավորն այն է, որ չխանգարեն:
Բայց վերջերս թերթերի էջերում եւ հեռուստատեսությունում բարձրացած պղտոր ալիքը չի կարող վրդովմունք չառաջացնել:
Հասկանում եմ. կարելի է չհամաձայնել այս կամ այն սկզբունքներին, մեթոդներին, միջոցներին, կարելի է վիճել եւ առաջարկել իրենը: Բայց հախուռն կերպով ամեն ինչ հերթով ժխտելն ու սեւացնելը պարզապես հիմարություն է, չխոսելով մնացյալի մասին:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի գործունեությունն ամենքին տեսանելի է: Դա կապված է համակարգիչներով եւ այլ տեխնիկայով զինված Հայաստանի եւ սփյուռքի բազմահազար աշակերտների, աֆրիկյան գերությունից ազատագրված մեր օդաչուների, նոր բնակարաններում հաստատված փախստականների, օտարերկրյա բուհերում կրթություն ստացած ուսանողների, հրատարակված հարյուրավոր գրքերի, թերթերի ու հանդեսների հետ: Նրանց ջանքերն ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դրա հետեւանքների վերացմանը, Հայաստանի հետ մյուս երկրների տնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնմանը, կարճ ասած, մեր ժողովրդի միջազգային հեղինակության բարձրացմանը:
Իհարկե, կարելի է ուշադրություն չդարձնել նախանձ եւ չարախոս մարդկանց վրա: Վերջին հաշվով անհամեմատ շատ են այն մարդիկ, որոնք ընդունակ են ճիշտ ըմբռնելու եւ ըստ արժանվույն գնահատելու Ա. Աբրահամյանի գործունեությունը: Բայց, մյուս կողմից, թերեւս չարժե աչք փակել բռիության եւ ցինիզմի ամեն տեսակ դրսեւորումների վրա:
Մի՞թե մեր միջից իսպառ վերացել է ասպետական վեհանձնության ոգին, արդարության զգացումը եւ սեփական մանր ու սնափառ շահերից վեր կանգնելու կարողությունը:
Ամոթ է քար նետել նրա վրա, ով օգնում է մերձավորներին (եթե նույնիսկ դու նրանց թվում չես):
Ամոթ է չարախոսել նրա հասցեին, ով հոգում է ուրիշների մասին:
Ամոթ է բարի գործերին պատասխանել սեւ երախտամոռությամբ:
Իր սակավաթիվ հրապարակային ելույթներից մեկի ժամանակ Արա Աբրահամյանը գրողներին դիմելով ասաց. «Երախտապարտ եմ ձեզ, որ թույլ եք տալիս ձեզ օգնել»:
Իսկ հիմա ասացեք, հարուստներից արդյոք շատե՞րն են ընդունակ բարիք գործել, փոխարենը ոչ միայն ոչինչ չպահանջելով, այլեւ հարգանքի ու երախտագիտության զգացում տածելով նրանց հանդեպ, ում համար նախատեսված է այն:
Անձամբ ինձ հայտնի են միայն հատուկենտ մարդիկ:
Ուրեմն եկեք վերջապես սովորենք գնահատել հոգու շռայլությունն ու անշահախնդրությունը եւ ինչ-որ հետին միտք եւ խորամանկ հաշվարկ չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:
ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ