Հայաստանի հավաքականի եւ Աշտարակի «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է 2006 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շահգելդյանը 2-րդ անգամ է արժանանում լավագույնի կոչմանը: Առաջին անգամ նա դափնեկիր էր դարձել 1993 թ., երբ հանդես էր գալիս Երեւանի «Արարատում»:
Հարցմանը մասնակցել են բարձրագույն խմբի ակումբների նախագահները, թիմերի գլխավոր մարզիչներն ու մարզչական շտաբները, որոնք իրավունք չունեին հարցաթերթիկում նշել իրենց թիմի ֆուտբոլիստներին: Իրենց ձայնն են տվել նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն ու տեսուչները: Հարցման արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով:
Արմեն Շահգելդյանը վաստակել է 191 միավորՙ 30 միավորով գերազանցելով «Փյունիկի» եւ ՀՀ հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին: Լավագույն եռյակը եզրափակել է «Բանանցի» եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը (108 միավոր): Ընդհանուր առմամբ հարցաթերթիկներում նշվել է 17 ֆուտբոլիստի ազգանուն, որոնք ներկայացնում են առաջատար քառյակում տեղ զբաղեցրած թիմերը: «Փյունիկից» հարցաթերթիկներում նշվել է 8 ֆուտբոլիստի ազգանուն: «Արարատը» ներկայացնում են 4 ֆուտբոլիստներ, «Բանանցը»ՙ 3, «Միկան»ՙ 2:
Կարծում ենք Արմեն Շահգելդյանի ընտրությունն օրինաչափ է: 33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իրեն լավագույն կողմերով դրսեւորեցՙ աչքի ընկնելով ոչ միայն արդյունավետ խաղով, այլեւ իր մարտական բնավորությամբ, պայքարելու եւ հաղթելու վճռականությամբ:
Ներկայացնում ենք տարվա լավագույն եռյակի հարցման արդյունքները:
Ֆուտբոլիստ | Ակումբ | 1-ին | 2-րդ | 3-րդ | Միավոր |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 27 | 17 | 5 | 191 |
Ռոբերտ Արզումանյան | «Փյունիկ» | 20 | 18 | 7 | 161 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 14 | 9 | 11 | 108 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ