ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի բրյուսելյան նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն Ղարաբաղի առնչությամբ: Ըստ այդմ, ԵԱՀԿ ԱԳ նախարարներն ընդգծել են, որ Մինսկի խմբի համանախագահների 2006 թ. բանակցությունների առումով ջանքերը կողմերին ավելի են մոտեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնությանը: Միեւնույն ժամանակ արտգործնախարարները կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարներինՙ եկող տարի կրկնապատկել հիմնական սկզբունքները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու ջանքերը:
Հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ այսպես կոչված գրավյալ տարածքներում հրդեհների հանգամանքին: Այս համատեքստում արտգործնախարարները կողմերին կոչ են արել միջազգային հանրության աջակցությամբ ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պաշտպանության, հրդեհների չեզոքացման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ:
ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը մասնակից ԱՄՆ պատվիրակության նախագահ, պետքարտուղարի օգնական Նիկոլաս Բերնսը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին պահում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում»ՙ սահմանները պահելով փակ եւ տարեցտարի պահելով երկու երկրների բնակչության օտարումը: Կողմերին, համաձայնության գալու Բերնսի կոչին, միացել է նաեւ Գերմանիայի ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը, շեշտադրելով, որ ԵԱՀԿ-ն այսուհետեւ եւս կշարունակի միջնորդի դերը կատարել Հարավային Կովկասի եւ Մոլդովայի «սառեցված հակամարտություններում»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հակամարտությունների առնչությամբ նշել է հենց կողմերի համաձայնության հասնելու կարեւորությունը, միեւնույն ժամանակ ընդգծելով կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշման հստակ հաշվի առնելու անհրաժեշտությունը: ՌԴ արտգործնախարարը բրյուսելյան նույն հանդիպման իր ելույթում նշել է հակամարտությունների ուժային տարբերակների անթույլատրելիության, խաղաղապահ եւ բանակցային ձեւաչափերի նկատմամբ նուրբ վերաբերմունքի պարտադրանքի մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ