«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԻՑ

Արթուր Բաղդասարյանի կարծիքն է փոխանցում «der Standard»-ը

«Ճոյտ», «Նովո», «Շմայս» կամ «Մուկ» մականուններն ավելի շուտ հուշում են նրանց մութ գործարքների, քան այդ մարդկանց պաշտոնական գործառնությանՙ հայոց խորհրդարանի պատգամավորի կամ կառավարության անդամ լինելու մասին, գրում է Մարկուս Բենրատը ավստրիական «der Standard» էլեկտրոնային թերթի նոյեմբերի 20-ի համարում: Երեւանից ուղարկված ռեպորտաժում, որին հեղինակը «Ավազակային ատրճանակը» դժվար դրության մեջ դրեց իշխող կուսակցությանը» վերնագիրն է դրել, անդրադառնում է գլխավորապես երկրի քաղաքական կյանքին: Ծավալուն մանրամասներ հաղորդելով միայն Էջմիածնում 3 բենզալցակայան ունեցող պատգամավոր Հակոբ Հակոբյանի կալանավորման փաստի մասին, թերթը գրում է, թե երկրի ղեկավարությունն ընդունում է, որ գործարարների որդեգրած այսօրինակՙ վերապրելու քաղաքականությունը վտանգավոր է դառնում: Երկրի խորհրդարանում «գործարարները» չափազանց շատ են, գրում է հոդվածագիրը, նրանց տնտեսական հետաքրքրությունները շաղկապելով նաեւ երկրի քաղաքական առաջին դեմքերի քաղաքական դաշտում ունեցած դերակատարման հետ: Կոռուպցիան Հայաստանում կենտրոնամետ է, ոչ թե հարեւան Վրաստանի նման անարխիստական, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքն է փոխանցում Մարկուս Բենրատը: Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ Հայաստանի տնտեսական աճինՙ ի հեճուկս Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից փակ սահմանների, քաղաքական դժվարությունների մեջ հայտնված Իրանի հետ առեւտրային նեղ միջանցքի, Ռուսաստանի կողմից շրջափակման մեջ հայտնված հարեւան Վրաստանի հետ ճանապարհային դժվարությունների: Հեղինակն անդրադառնում է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանըՙ Հայաստանի արտաքին քաղաքական հարկադրված իրավիճակի տարընթերցում ներկայացնելով:

«Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը ղարաբաղցի Քոչարյանի եւ Սարգսյանի մեծ ազդեցությունն է մատնանշում, գրում է Բենրատը: Նրանք Ադրբեջանն ու Թուրքիան հավիտենական թշնամիներ եւ Ռուսաստանըՙ Հայաստանում ունեցած իր մեծ ռազմաբազայով, որպես երկրի անվտանգության երաշխիք են պատկերացնում: Բայց ճշմարտությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացումից: Անցյալ մայիսին Բաղդասարյանը, որը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուց է օրինակ վերցնում, իրՙ խորհրդարանի նախագահի աթոռը պիտի ազատեր, որովհետեւ գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա Հայաստանի նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն էր հայտարարել: 38-ամյա Բաղդասարյանը 2008-ին իր թեկնածությունն է դնելու նախագահական ընտրություններում», գրում է «der Standard» -ը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4