Հարցազրույց ՀՅԴ ԳՄ անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ
- Ինչպե՞ս կարող է անդրադառնալ Իրանի շուրջը ճգնաժամի հետագա զարգացումը ղարաբաղյան հակամարտության վրա:
- Երբ Քի Վեսթում հակամարտող կողմերը գրեթե համաձայնության էին եկել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին, որ գործընթացին նաեւ պետք է տեղյակ պահել Իրանին: Իրանը խիստ հետաքրքրված է այն բանով, թե ինչ է կատարվում իր հյուսիսային սահմանում: Իրանի շուրջը ճգնաժամի զարգացումը տարբեր ազդեցություններ կարող է ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Եթե ճգնաժամն այնքան խորանա, որ հասնի ռազմական գործողությունների, ապա դա խիստ բացասական հետեւանքներ կունենա ղարաբաղյան կարգավորման եւ ընդհանրապես տարածաշրջանի զարգացման համար: Իրանն իսկապես կարող է մեծ ազդեցութուն ունենալ ԼՂ խնդրի լուծման հարցում: Եթե նույնիսկ հակամարտող կողմերը գան այնպիսի համաձայնության, որը չբավարարի Իրանին, ապա խնդրի կարգավորումը կարող է խոչընդոտվել. նույնը վերաբերում է նաեւ շահագրգիռ մյուս պետություններին: Մինչ օրս Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարել ԼՂ հարցում եւ նպաստել է խնդրի խաղաղ կարգավորմանը: Եթե Իրանը ԼՂ հարցում որոշի այլեւս հավասարակշռված քաղաքականություն չվարել եւ նախապատվություն տալ հակամարտող կողմերից մեկին, ապա խնդրի կարգավորման գործընթացն անպայման կտուժի: Այս առումով անհրաժեշտ է, որ Իրանը տեղեկացված լինի գործընթացի մանրամասներին: Ես կարծում եմ, քանի որ Իրանը շատ հանգիստ է, ուրեմն այսօր իսկապես տիրապետում է խնդրի մանրամասներին, եւ նրա շահերին վտանգ չի սպառնում: Հակառակ դեպքում անորոշությունը Իրանին կանհանգստացներ եւ կստիպեր այլ քաղաքականություն վարել:
- Ինչպե՞ս կարող է անդրադառնալ Կոսովոյի գործոնը ղարաբաղյան խնդրի լուծման վրա:
- Բեռլինի պատի փլուզումից հետո միջազգային հանրության կյանքում այնպիսի գործընթացներ սկսվեցին, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել միջազգային քաղաքական մթնոլորտում: Այսօր ասել, թե ինչպես կկարգավորվի Կոսովոյի խնդիրն, այնպես էլ կլուծվի ԼՂ հիմնախնդիրը, սխալ է: Միաժամանակ պետք է ընդունել, որ եթե Կոսովոյի խնդիրը լուծվի` նախապատվություն տալով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, ապա ԼՂ հարցում հայկական կողմի դիրքերն ավելի կամրապնդվեն: Սակայն ամեն ինչ Կոսովոյի հետ կապելը ճիշտ չէ, ամեն ինչ չի սկսվում եւ չի վերջանում Կոսովոյով: Ես դեմ եմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Կոսովոն ընդունվի իբրեւ նախադեպ: Ղարաբաղն ինքը կարող է նախադեպ լինել մի շարք երկրների համար:
Բեռլինի պատի փլուզումից հետո աշխարհն այլ պետություններից տարանջատված նոր պետությունների ստեղծման ականատեսն է եղել: Սա արդեն իսկ խոսում է ի նպաստ Ղարաբաղի, անկախ այն բանից այդ պետություններն առանձնացել են հանրաքվեի՞, թե՞ այլ ճանապարհով: Այսօր աշխարհում տիրող մթնոլորտը նպաստում է, որպեսզի ԼՂ հիմնախնդիրն ընկալվի որպես ազգի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման խնդիր: Նույն Բեռլինի պատի փլուզումը աշխարհն ընկալեց իբրեւ պատմական արդարության վերականգնում: Այդ պատը նույն ժողովրդին ստիպողաբար բաժանել էր երկու մասի: Այս առումով ղարաբաղյան հիմնախնդիրը հիշեցնում է Բեռլինի պատը: Ինչպես գերմանացի ժողովրդին էին բռնի ուժով բաժանել երկու մասի, այնպես էլ հայերին: Ես համամիտ չեմ այն տեսակետի հետ, թե միջազգային հանրությունն այսօր չի ընդունում ԼՂ ինքնորոշման իրավունքը: Վերջին 5-6 տարիների ընթացքում նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները վկայում են ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին: Դա ակնհայտ էր նաեւ Փարիզի եւ Քի Վեսթի առաջարկներում, որոնք նշանակում էին, որ Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին: Սա է պատճառը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն Ադրբեջանի հետ այսօր վարում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը: Բանակցում է Հայաստանը, քանի որ նա պետք է ինչ-որ բան ստանա: Իրականում սա է փարիզյան սկզբունքների էությունը: Այդ սկզբունքն ընդունել էր նաեւ Հեյդար Ալիեւը, եւ այդ մասին ելույթ ունենալով Ադրբեջանի Մեջլիսում` նա կոչ արեց ադրբեջանցիներին վերջապես հասկանալ եւ ընդունել, որ արդեն 10 տարի է Ղարաբաղն անկախ է ապրում: Հեյդար Ալիեւը կոչ էր անում ընդունել փարիզյան առաջարկությունները, բացատրելով, որ դրանք թույլ են տալիս վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող տարածքները: Եթե այդ մասին խոսում էր անձամբ Հեյդար Ալիեւը, դա նշանակում է, որ այդ մոտեցումն ընդունելի էր նաեւ միջնորդների համար: Այս ամենը վկայում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե միջազգային հանրությունը չի ընդունում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը: Այսօր ԼՂ հիմնախնդիրը չի կարգավորվում ոչ այն պատճառով, որ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղարաբաղը, այլ այն, որ Ադրբեջանն է խոչընդոտում խնդրի կարգավորմանը: Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը համաձայնություն է տալիս առաջարկված սկզբունքներին, սակայն երբ գալիս է այդ մասին իր ժողովրդին հայտնելու պահը, հրաժարվում է: ԼՂ հիմնախնդիրը չկարգավորվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Իլհամ Ալիեւն այսօր չի ցանկանում պարտվող երեւալ: Իրականում, եթե նա կարգավորի ԼՂ հիմնախնդիրը, իսկ դա կարող է արվել միայն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելով, ապա Ադրբեջանի պատմության էջերում կարող է դառնալ Ադրբեջանը «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակից դուրս բերող, Ղարաբաղի խնդիրը կարգավորող պետական խոշոր այր:
- Բաքու-Ջեյհան նավթամուղը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությո՞ւն է, թե՞ տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հիմք:
- Բաքու-Ջեյհան նավթամուղը կարող է ինչպես նպաստել խաղաղության հաստատմանը, այնպես էլ դառնալ պատերազմի դրդապատճառ: Նավթը խաղաղություն է սիրում, իսկ նավթի փնտրտուքը կարող է պատերազմի պատճառ դառնալ, սակայն քանի դեռ նավթը հոսում է, խաղաղություն կլինի: Այդ նավթամուղի կառուցողները միջազգային շրջանակներից են, եւ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը կկարողանա Ադրբեջանին համոզել եւ հետ պահել պատերազմից, քանի որ Ադրբեջանին թվում է, որ եթե իր պաշպանության բյուջեն այսօր ամբողջ Հայաստանի բյուջեի չափ է, ապա կարող է նախահարձակ լինել եւ ԼՂ հիմնախնդիրը կարգավորել ռազմական ուժով: Այս առումով միշտ էլ վտանգ կա, սակայն ես վստահ եմ, որ պատերազմը վերսկսվելու դեպքում այս անգամ Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինեն: Ադրբեջանը մոռանում է, որ այսօր աշխարհում շատ երկրներ կան, որոնք ունեն ռազմական հսկա բյուջե, սակայնՙ ոչ մարտունակ բանակ: Ադրբեջանն արդեն վերջնականապես կորցրել է Ղարաբաղը, իսկ նոր պատերազմը նոր կորուստներ կբերի նրան, այդ թվում` կվնասվի Բաքու-Ջեյհան նավթամուղը: Եթե նույնիսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն այսօր ներքին սպառման համար են, չի բացառվում, որ հետագայում այնտեղ ստիպված լինեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այդ հայտարարությունների գերին լինելով: Չմոռանանք Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունները, թե այսօր երկու երկրների նախագահներն էլ պատրաստ են ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու համար, սակայն պատրաստ չեն երկու հասարակությունները: Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող Ադրբեջանի հասարակությանը պատրաստել խնդրի կարգավորմանը, եւ ժողովրդին դրդում է անզիջում կեցվածք դրսեւորել: Այս առումով ես չեմ ընդունում համանախագահների այն մոտեցումը, երբ նրանք փորձում են նույնացնել հայկական եւ ադրբեջանական կողմերի պաշտոնական կեցվածքները: Հայաստանում ոչ միայն ռազմատենչ չեն, այլեւ չափից ավելի զիջող կեցվածք ունեն: Մենք երկրի նախագահի, պաշտպանության, ԱԳ նախարարների մակարդակով հայտարարում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, մինչդեռ Ադրբեջանը նույնիսկ չի ակնարկում ինչ-որ բան տալու մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, թե իրենք նոր գաղափարներ չունեն, նշանակում է, որ նրանք օդից նոր լուծում չեն բերելու եւ, ի վերջո Ղարաբաղը միանալու է Հայաստանին: Մինսկի խմբի համանախագահներն այլ լուծում չեն պատկերացնում, եւ դրա պատճառն այն է, որ լավ են տիրապետում խնդրին:
- Այսօր որքանո՞վ է հիմնավորված այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրին առնչվում է ողջ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությունը:
- Ես չէի ասի, որ ղարաբաղյանն այն միակ չկարգավորված հակամարտությունն է, որով պայմանավորված է տարածաշրջանի անվտանգությունը: Իհարկե ցանկացած չկարգավորված հակամարտություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Վաղը կարող է ԼՂ հիմնախնդիրը կարգավորվել, սակայն եթե չկարգավորվեն մյուս հակամարտությունները, ապա տարածաշրջանի անվտանգությունը երաշխավորված չի լինի: Անվիճելի է, որ եթե ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի, ապա Հարավային Կովկասի երեք երկրների հարաբերությունները նոր որակ կստանան:
- Ինչպե՞ս են արտահայտվում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների անվտանգության խնդիրները ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացներում:
- ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կարող է երաշխիք դառնալ երկու ժողովուրդների համար: Հայ ժողովուրդը Ղարաբաղի մոտ 100 տարվա խնդիրը լուծեց իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Այդ լուծումը իրավապես (դե յուրե) ամրագրելուց հետո մենք այլեւս պատճառ չունենք միմյանց համար վտանգ ներկայացնելու: Իհարկե մենք նաեւ պետք է զգույշ լինենք, որ մի երրորդ կողմ սպառնալիք չդառնա մեր անվտանգությանը: Օրինակ, Թուրքիան կարող է նման քայլի դրդել Ադրբեջանին: Եթե մենք սպառնալիք լինեինք Ադրբեջանի համար, ապա կշարունակեինք պատերազմը: Մենք պարզապես վերցրեցինք այն, ինչ պատկանում է մեզ:
Զրույցը վարեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ